«Դերսիմում ապրում են մարդիկ, ովքեր իրենց երազներում ապրեցնում են Երևանը…». Միհրան Փրկիչ

Միհրան Փրկիչ… Դերսիմում ծնված մարդու անուն-ազգանունը հայկական ինքնության առաջին «վկայությունն» է, երբ մկրտվեց ու որոշեց վերագտնել ինքն իրեն:

Միհրանը՝ իր հայ վարպետի, իսկ Փրկիչը իրենց գյուղի անունն է: Հետագայում է պարզել միայն, թե ինչ է նշանակում: Ասում է` ուրեմն պատահական չէր…

Պատահական չէ նաև նրա այցը Հայաստան. «4 տարի առաջ սկսեցինք մի աշխատանք, որը շարունակելու համար Երևանում եմ: Այստեղ եմ նաև, որպեսզի հայերեն սովորեմ:

Հանդիպեցի նաև ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հետ: Պատմեցի դերսիմահայության խնդիրներից, խոսեցի մեր ծրագրերի մասին: Նախարարն առաջարկեց մասնակցել նախարարության կողմից կազմակերպվող առաջիկա ծրագրերին»,-պատմում է Միհրան Փրկիչը:

Հայաստան այցի նպատակը նաև Դերսիմի և Երևանի միջև հարաբերություններ հաստատելն է.

«Ցանկանում ենք մի գրասենյակ հիմնել, որպեսզի դերսիմցի երիտասարդները կարողանան Հայաստան այցելել, ծանոթանան  պատմամշակութային վայրերին: Եթե հարմար լինի, ապա այստեղ նրանց համար նաև հայոց լեզվի դասընթացներ կկազմակերպենք կամ այստեղից դասախոս կտանենք և դասընթացները Դերսիմում կանցկացնենք:

Ցանկացողներ շատ կան: Դերսիմում ապրում են մարդիկ, ովքեր իրենց երազներում ապրեցնում են Երևանը,- առաջիկա ծրագրերի մասին է պատմում Միհրան Փրկիչն ու շարունակում արդեն իր պատմությունը:- Դեռ փոքր տարիքից գիտեի, որ մենք հայ ենք, սակայն բացահայտ չէինք խոսում այդ մասին և չէինք ապրում որպես հայեր:

Բայց այդ ամենը երկար ժամանակ թաքցնել հնարավոր չի լինում: Ապրում էինք «թաքնվելով» ու «թաքցնելով», սակայն երբ Հայոց ցեղասպանության գիտակցությունն արթնացավ, և հատկապես Հրանտ Դինքի սպանությունից հետո մտածեցինք, որ մեր արմատներին վերադառնալն արդեն անխուսափելի է: Քաջությամբ դա ի հայտ բերեցինք և այդպես էլ պիտի շարունակենք»:

Արդեն 5-րդ անգամ է Հայաստանում: Իսկ առաջին այցելությունը չի մոռանա երբեք. «Առաջին անգամ երբ եկա, տարիներ ի վեր ճնշված զգացմունքներս ի հայտ եկան. ամեն մի հայի, ում տեսնում էի, ինձանից մեկն էի ընդունում: Երբ առաջին անգամ տեսա Երևանի հրաշալի շենքները, կառույցները, գեղեցիկ փողոցները, շատ էի ազդվել: Հիմա այդ ամենն ինձ շատ հարազատ է ու շատ սիրելի:

Ու ամեն անգամ երբ Հայաստան անունն եմ լսում, հիշում եմ նախևառաջ Ցեղասպանությունը: Հիշում եմ Ցեղասպանության հետևանքով աշխարհի չորս կողմերում սփռված մարդկանց, ովքեր մի երկիր ունեն, և ապահովություն, հանգստություն կարող են զգալ միմիայն այդ երկրում: Այդ պատճառով շատ եմ սիրում Հայաստանը: Հայաստանի գոյությունը մեզ թևեր է տալիս, ու այսօր արդեն ոչ մի խնդրի մասին այլևս չենք մտածում: Եթե անգամ որևէ խնդիր առաջանա, չպետք է կարևորություն տալ: Արդեն հրամայական է դարձել, որ մենք պետք է վերադառնանք մեր ինքնությանը: Ինձ այլևս ոչինչ չի հետաքրքրում: Ինչ էլ որ լինի, ես պետք է անեմ այն, ինչ ուզում եմ»:

Իսկ ի՞նչ ենք ուզում, ո՞րն է անելիքը… Թերև այս հարցի շուրջ համակարծիք են Երևանում, Դերսիմում, Ամերիկայում և այլուր ապրող, հայերեն խոսող և հայերեն չիմացող մարդիկ. «Գիտեք, Արևմտյան Հայաստանի կարոտը բոլորն են զգում: Թեև այսօր մարդիկ այստեղ են ապրում, բայց իրենց պապերի ծնված հողերի վրա է իրենց միտքը: Սա մի բաց վերք է մեզ համար: Քանի դեռ այս խնդիրը մարդկային ձևով չի լուծվել, Ցեղասպանություն իրագործողները քանի դեռ մեզանից ներողություն չեն խնդրել, մենք մեր պայքարը շարունակելու ենք: Ես հավատում եմ, որ այս կերպ մտածող հարյուրավոր, հազարավոր հայեր դեռ կան Թուրքիայում, և մենք այդ խնդիրը լուծելու ենք:

Արևմտյան Հայաստանում մարդուն իր արմատներին կապողը հողն է: Անգամ եթե մենք ինչ-որ պակասություն զգանք, մենք մեր հողերի վրա ենք, հողի կարոտը չենք զգում: Սակայն այստեղ ամեն մարդ հողի կարոտ է քաշում: Քանի դեռ «այստեղը» և «այնտեղը» չենք միացրել, փոխադարձաբար այս ցավով պետք է ապրենք»:

Լուսինե Աբրահամյան

Scroll Up