ՀՀ սփյուռքի նախարարությունում կայացավ տեսակոնֆերանս Բելառուսի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ
Ապրիլի 3-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում կայացավ տեսակոնֆերանս Բելառուսի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ:
Ողջունելով տեսակոնֆերանսի մասնակիցներին՝ ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը ներկայացրեց ՀՀ սփյուռքի նախարարության կողմից 2014թ. իրականացվող համահայկական ծրագրերը և կոչ արեց առավել ակտիվացնել համայնքի մասնակցությունը և ներգրավվածությունը դրանցում:
Շնորհակալություն հայտնելով տեսակոնֆերանսին ներկա Բելառուսի Հանրապետության կրոնների և ազգությունների հարցերով լիազորի տեղակալ Վլադիմիր Լամեկոյին հայ համայնքի հանդեպ պետական բարձր հոգածության համար՝ ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալը նշեց, որ Բելառուսի Հանրապետությունում այսօր ապրում է շուրջ 30 հազար հայ և միայն պետական մակարդակով ազգային փոքրամասնություններին ընձեռած կրոնական, ազգային ու մշակութային ազատությունների պայմաններում է հնարավոր պահպանել համայնքի ազգային ոգին:
Պարոն Լամեկոն իր հերթին, շնորհակալություն հայտնելով ՀՀ սփյուռքի նախարարությանը և Բելառուսի հայ համայնքի ներկայացուցիչներին տեսակոնֆերանսին մասնակցելու հրավերի համար, նշեց, որ ցանկացած ազգի գոյության գրավականը լեզվի պահպանումն է, իսկ Բելառուսում խորապես հարգում են հայերին և հայ համայնքը: Վ.Լամեկոն հավաստիացրեց, որ հայերը Բելառուսում օրինակելի քաղաքացիներ են և իրենց ակտիվ մասնակցությունն են բերում երկրի հասարակական, մշակութային, տնտեսական կյանքի, ինչպես նաև այլ ոլորտներում:
Այնուհետև Մինսկի քաղաքային «Հայաստան» հայկական մշակութային-լուսավորչական ընկերության նախագահ Գեորգի Եղիազարյանը ներկայացրեց Բելառուսի հայկական համայնքի հիմնախնդիրները, ինչպես նաև խոսեց ՀՀ սփյուռքի նախարարության կողմից իրականացվող 2014թ. ծրագրերին Բելառուսի հայկական համայնքի մասնակցության մասին:
Նշվեց, որ նախարարության բոլոր ծրագրերը մեծ արձագանք են գտնում համայնքում և հատկապես «Արի տուն» և «Սփյուռք ամառային դպրոց» ծրագրերին մասնակցած և Բելառուս վերադարձած երիտասարդներն ու մասնագետներն իրենց մերձավորների և ընկերական շրջանակներում խրախուսում և առաջարկում են անպայման մասնակցել այդ ծրագրերին:
Մինսկի «Էրեբունի» պարային համույթի ղեկավար Ռուզաննա Ավանեսյանը հավելեց, որ Բելառուսում գործող բոլոր հայկական կայքերում ակտիվ ծանուցվում է ՀՀ սփյուռքի նախարարության ծրագրերի մեկնարկի և ընթացքի մասին: Տիկին Ավանեսյանը հավաստիացրեց, որ «Իմ Հայաստան», «Արի տուն» և «Սփյուռք ամառային դպրոց» ծրագրերին մասնակից բազմաթիվ երիտասարդներ ուղղակի ցանկություն ունեն գալ և հաստատվել Հայաստանում:
Տեսակոնֆերանսին պայմանավորվածություն ձեռք բերվեց այս տարի Բելառուսի համայնքից հատկապես «Սփյուռք» ամառային դպրոցի լրագրողների դասընթացին, նաև սեպտեմբերին կայանալիք Լրագրողների համահայկական համաժողովին մասնակցելու, «Հայկական Սփյուռք 2014» տարեգրքի համար անհրաժեշտ նյութեր և հաշվետվություններ ուղարկելու գործընթացը ավելի ակտիվացնելու վերաբերյալ:
ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալը նշեց, որ կշարունակվի դասագրքերի, գեղարվեստական գրականության եւ հայկական հեքիաթների գրքերի առաքումը համայնք: Պարոն Սրապիոնյանը համայքնի ներկայացուցիչներին կոչ արեց պահպանել և զարգացնել Հայաստանի հետ ինչպես ուղղահայաց, այնպես էլ այլ երկրների հայ համայնքների հետ հորիզոնական հարաբերությունները, ինչին միտված են և մեծապես կօգնեն ՀՀ սփյուռքի նախարարության «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերականի ամենօրյա թողարկումներում տեղ գտած հրապարակումները: