Քեսաբահայության տագնապը. Սփյուռքի նախարարությունը մշտական կապի մեջ է համայնքի հետ
ՀՀ սփյուռքի նախարարությունը մշտական կապի մեջ է սիրիահայ համայնքի հետ: Նախարարությունը ուշադրությամբ հետևում է Քեսաբում և նրա շուրջ տեղի ունեցող բոլոր իրադարձություններին, Քեսաբից տարհանված հայ բնակչությանը օգնելու նպատակով որոշակի քայլեր են ձեռնարկվել,- «Հայերն այսօր»-ին հայտնեց Սփյուռքի նախարարի մամուլի քարտուղար Մամիկոն Խուրշուդյանը:
Նա նշեց, որ քեսաբահայության վիճակը տագնապահարույց է, քեսաբցիները հայտնվել են չափազանց ծանր վիճակում: Սակայն իրենց օջախները վերադառնալու եւ իրենց տներին, ինչքին տեր կանգնելու հույսը չեն կորցնում:
«Ձեռնարկվող միջոցառումները հենց այդ նպատակին են ուղղված, որպեսզի նրանք չմտածեն Սիրիան լքելու մասին, այլ վերադառնան իրենց տները: Իրավիճակի ցանկացած զարգացման պարագայում մենք պետք է զորավիգ լինենք ու կանգնենք մեր հայրենակիցների կողքին: Մենք ամեն ինչ իրենց հետ մանրամասնորեն ճշտում ենք: Կապը Լաթաքիայում ապաստանած քեսաբահայերի հետ պարբերաբար կա, եւ տեղում, ըստ անհրաժեշտության, տարբեր միջոցներ են ձեռնարկվում»,- ասաց Մամիկոն Խուրշուդյանը:
Նա տեղեկացրեց, որ այս պահին քեսաբահայության կարգավիճակի, Սիրիայում ստեղծված իրավիճակի, ինչպես նաեւ Լաթաքիայում ապաստանած քեսաբահայերի թվաքանակի մասին տվյալները ճշգրտման փուլում են: