ՀՀ սփյուռքի նախարարությունում քննարկվեցին սփյուռքագիտական հետազոտությունների հետ կապված հարցեր

Մարտի 20-ին ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանի ղեկավարությամբ տեղի ունեցավ 2014թ ՀՀ սփյուռքի նախարարության կողմից տրամադրվելիք պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորմամբ գիտական և գիտակրթական թեմատիկ պատվերներով հետազոտություններ իրականացնողների հավաք-քննարկումը, որին մասնակցում էին ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, գրականության ինստիտուտի տնօրեն Ավիկ Իսահակյանը, հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը, նույն ինստիտուտի Սփյուռքի հետազոտությունների բաժնի վարիչ Ռուբեն Կարապետյանը, ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Սահակյանը, «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը, ԵՊՄՀ «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնի տնօրեն Սուրեն Դանիելյանը, այլ գիտնականներ և հետազոտողներ:

Քննարկվեցին տարբեր ինստիտուտների կողմից կատարվող սփյուռքագիտական հետազոտությունների իրականացման ընթացքին վերաբերող հարցեր: Գիտական հետազոտությունների կատարման գործում կարևորվեցին Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ թեմատիկ ուսումնասիրությունները:

Թեմատիկ պատվերների արդյունավետությունը բարձրացնելու և այդ պատվերները իրականացնող համապատասխան կառույցների աշխատանքները գնահատելու նպատակով գիտահետազոտական ինստիտուտները 3 ամիսը 1 անգամ կներկայացնեն հաշվետվություն կատարված աշխատանքների ընթացքի վերաբերյալ:  Անհրաժեշտության դեպքում կհրավիրվեն կլոր սեղան-քննարկումներ: Գիտական աշխատանքները կներկայացվեն գրախոսության, այնուհետև կերաշխավորվի դրանց տպագրումը:

Scroll Up