Պատանի շախմատիստ Արա Մարտիրոսյանը՝ Չեխիայի առաջնության հաղթող. News.am
Շախմատի Չեխիայի պատանեկան առաջնության եզրափակիչ մրցաշարում մինչեւ 12 տարեկան տղաների հաղթողի կոչումը նվաճել է Երեւանում ծնված, այժմ Չեխիայում բնակվող 11-ամյա Արա Մարտիրոսյանը։ Արան տարավ 4 հաղթանակ, 5 պարտիա ավարտեց ոչ-ոքի եւ չկրեց ոչ մի պարտություն: 9 հնարավորից վաստակելով 6.5 միավոր՝ նա մրցաշարն ավարտեց փայլուն հաղթանակով ու արժանացավ ոսկե մեդալին։
Արա Մարտիրոսյանը նախորդ երկու տարիներին անընդմեջ երկրորդ տեղն էր զբաղեցրել նույն մրցաշարի մինչեւ 10 տարեկանների խմբում: Այժմ հայ շախմատիստը հնարավորություն ունի մասնակցելու Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններին: Նա կներկայացնի Չեխիան: