Չինաստանի սահմանափակ կարողություն ունեցողների երգի ու պարի համույթը հուզեց հանդիսատեսին Ռիտա Սարգսյանի «Արև ենք միասին» երգով
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2014/03/22.jpg)
Չինաստանի սահմանափակ կարողություն ունեցողների երգի ու պարի համույթն առաջին անգամ հանդես եկավ Հայաստանում:
Համույթը մարտի 12-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում ներկայացրեց «Իմ երազանքը» ստեղծագործությունների շարքը՝ օպերայի և պարային դրամայի յուրատեսակ միախառնությունով: Միջոցառումն անցկացվեց «ՀՀ մշակույթի նախարարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության մշակույթի նախարարության միջև ստորագրված 2012-2016թթ. մշակութային համագործակցության մասին» ծրագրի շրջանակում:
Երեկոն իրենց ներկայությամբ պատվեցին ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, ՀՀ-ում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տյան Չանչունը, ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը, արտգործնախարարի տիկին Նատալյա Նալբանդյանը, մշակույթի նախարարության և տարբեր երկրների դեսպանատների ներկայացուցիչներ, այլ պատվավոր հյուրեր:
«Շնորհակալություն եմ հայտնում ՀՀ մշակույթի նախարարությանը և բոլոր նրանց, ովքեր կազմակերպեցին այս միջոցառումը:
Չինաստանում մեծ ուշադրություն են դարձնում սահմանափակ կարողություններ ունեցող մարդկանց: Վերջին տարիներին մեծ թվով հաշմանդամներ առողջանում են: Մեր համույթը հիմնադրվել էր դեռևս 1987 թվականին: Համույթն այսօր հյուրախաղերով հանդես է գալիս աշխարհի տարբեր երկրներում, ամենուր նրանց դիմավորում են ծափողջույններով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տյան Չանչունը: ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանն ընդգծեց, որ հայ-չինական հարաբերությունների պատմությունը խոր արմատներ ունի: Նա կարևորեց երկու երկրների համագործակցությունը: «Այսօր մենք Չինաստանում և Հայաստանում ունենում ենք մշակույթի օրեր, կազմակերպում ենք ցուցահանդեսներ: Այսօրվա միջոցառումն այդ համագործակցության դրսևորումներից մեկն է»,- հավելեց Տեր-Վարդանյանը:
Միջոցառման ընթացքում Չինաստանի սահմանափակ կարողություն ունեցողների երգի ու պարի համույթը իր կատարումներով հուզեց հայ հանդիսատեսին: Որպես անակնկալ` համույթը կատարեց նաև Ռիտա Սարգսյանի «Արև ենք միասին» երգը, որն ուղեկցվեց անդադար ծափահարություններով:
1987 թվականին սահմանափակ կարողություններ ունեցող 30 մարդ հնարավորություն են ստանում մասնակցելու չինական առաջին մշակութային փառատոնին և հիմնադրում են Չինաստանում հաշմանդամների կատարողական արվեստի թատերախումբ: Չինաստանի սահմանափակ կարողություն ունեցողների երգի ու պարի խումբը եզակի է. այն յուրաքանչյուր տարի ավելի քան 150 ներկայացումով հանդես է գալիս աշխարհի տարբեր երկրներում:
http://armenpress.am/