Արցախի Հադրութ եւ Ֆրանսիայի Վիեն քաղաքների միջեւ ստորագրվել է Բարեկամության հռչակագիր

Lեռնային Ղարաբաղի Հանրապետության Հադրութ եւ Ֆրանսիայի Վիեն քաղաքների միջեւ փետրվարի 21-ին ստորագրվել է Բարեկամության հռչակագիր։ Ստորագրման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Վիենի քաղաքապետարանում։

ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե Հադրութ քաղաքի անունից հռչակագիրը ստորագրել է աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, Վիեն քաղաքի անունից՝ քաղաքապետ Ժակ Ռեմիլյեն։

Հռչակագիրը ողջունում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի եւ իշխանությունների հետեւողական քայլերը՝ ուղղված ազատ եւ ժողովրդավարական հասարակություն ստեղծելուն ու զարգացնելուն, եւ անընդունելի է համարում Արցախի ժողովրդի մեկուսացումը։ Այն նպատակ ունի զարգացնել երկու քաղաքների միջեւ բարեկամական կապերը եւ խրախուսել համագործակցությունը կրթության, մշակույթի, սպորտի եւ մի շարք այլ բնագավառներում:

2013 թ․ բարեկամական կապեր են հաստատվել նաեւ ԼՂՀ Մարտունի եւ Ֆրանսիայի Լե-Պեն-Միրաբո քաղաքների միջեւ. տեղի են ունեցել փոխայցելություններ, քննարկվում են քաղաքների միջեւ համագործակցության զարգացման ուղիներն ու ձեւերը։

 NEWS.am

Scroll Up