Մայրենիի օրվան նվիրված տոնական համերգ Առնո Բաբաջանյան համերգասրահում
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2014/02/111-12.jpg)
Փետրվարի 21-ին երեկոյան Առնո Բաբաջանյան համերգասրահում տեղի ունեցավ Մայրենիի օրվան նվիրված տոնական համերգ, որով ամփոփվեցին ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ կազմակերպված տոնական միջոցառումները: Համերգը վարում էր ՀՀ վաստակավոր արտիստ Սարգիս Նաջարյանը:
Կայացավ մայրենի օրվան նվիրված «Ձոն մայրենիին» (խոսք՝ Դ. Պիվազյանի, երաժշտ.՝ Էդ. Եսայանցի) ստեղծագործության պրեմիերիան: Համատեղ կատարմամբ հանդես եկան Համահայկական պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը, Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի երգիչներ, «Խազեր» երգչախումբը և Օշականի Ս. Սարգիս եկեղեցու երգչախումբը, մենակատարներ Սոնա Մովսիսյանը, Մանուշ Հարությունյանը, Պերճ Քարազյանը և Ռիչարդ Մադլենյանը:
«Մեսրոպ Մաշտոց» խոսքի մշակույթի կենտրոնի սաները հանդես եկան Հայոց լեզվին նվիրված բեմականացված ասմունքով:
Հանդիսատեսին ողջունեց սիրիահայ մանուկների «Շառավիղ» երգչախումբը՝ կատարելով, «Հիմն հայոց գրին» և «Մենք թոռներն ենք Մաշտոցի» ստեղծագործությունները:
Մայրենի լեզվին ձոնված ստեղծագործությունների կատարմամբ հանդես եկան նաև Այրարատյան Հայրապետական թեմի «Ծաղկազարդ» համախումբը., Պ. Յավուրովի անվան հ. 131 և Ռ. Սևակի անվան հ. 151 դպրոցների աշակերտները, Հայ ավանդական երաժշտության անսամբլը, Ջիվանու անվան աշուղական դպրոցի սան Յուրի Սարգսյանը:
Վերջում Մանկապատանեկան ստեղծագործության քաղաքային կենտրոնի Ազատ Ղարիբյանի անվան «Կռունկ» պարային համույթի կատարմամբ թնդաց հայոց ավանդական քոչարին: