Գեղանկարիչ Ռաֆայել Մեգալը պարգևատրվեց ՀՀ սփյուռքի նախարարության «Արշիլ Գորկի» մեդալով

Փետրվարի 13-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց նկարիչ Ռաֆայել Մեգալին (Մելիքյան): Ներկայացնելով արվեստագետին՝ նախարարը մասնավորապես նշեց, որ «Չնայած երիտասարդ տարիքին՝  Ռաֆայել Մեգալը հասցրել է նվաճել շատ աշխարհահռչակ ցուցասրահներ և իր ստեղծագործությամբ զարմացնել և ուրախացնել շատ արվեստաբանների: Նրա նկարները այս աշխարհը դարձնում են ավելի գունագեղ, բարի, լուսավոր»:

Սփյուռքում հայկական արվեստը տարածելու և ճանաչելի դարձնելու, իր ստեղծագործական գործունեությամբ Հայաստան-սփյուռք գործակցության զարգացման գործում ներդրում ունենալու, ինչպես նաև գեղանկարչության   ոլորտում ստեղծագործական լուրջ ձեռքբերումների համար ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության «Արշիլ Գորկի» մեդալով պարգևատրեց գեղանկարիչ Ռաֆայել Մեգալին:
Չնայած երիտասարդ տարիքին՝ Ռ. Մ եգալը մեծ ճանաչում ունի, ՀՀ վաստակավոր նկարիչ է և աշխարհում ամենացուցադրվող ժամանակակից հայ նկարիչներից մեկը: Նա ցուցահանդեսներ է ունեցել ԱՄՆ-ում (Նյու Յորք), Ֆրանսիայում (Փարիզ), Մակեդոնիայում, Կանադայում և մի շարք այլ երկրների լավագույն ցուցասրահներում: Անհատական ցուցահանդես է ներկայացրել աշխարհի ժամանակակից արվեստի կենտրոն համարվող Լոնդոնում:

Ցուցահանդեսներից բացի, Ռ. Մեգալի աշխատանքները պարբերաբար հայտնվում են այնպիսի խոշոր աճուրդային կենտրոններում, ինչպիսին «Քրիսթիսն» է:

 Ֆլորենցիայում նրա «Մարութա սարը» մասշտաբային, չափազանց ազդեցիկ ստեղծագործությունը արժանացել է արծաթե մեդալի: Օգտագործելով հայկական խորհրդանիշները՝ նա փորձել է կենդանիների միջոցով ներկայացնել չարի և բարու պատերազմը:

Գարնանը Ռ. Մեգալը կմեկնի Լոս Անջելես, որտեղ մարտի 11-ին կբացվի նրա ստեղծագործությունների անհատական ցուցահանդեսը:

Շնորհակալություն հայտնելով բարձր պարգևի համար՝ Ռաֆայել Մեգալը խոստովանեց, որ իր համար մեծ պատիվ է կրել «Արշիլ Գորկի» մեդալը: «Այն նաև պարտավորեցնող է և ոգեշնչող»,- ասաց նա:

Հրանուշ Հակոբյանը նորանոր ստեղծագործական հաջողություններ մաղթեց արվեստագետին:

Scroll Up