Տեղի ունեցավ սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը

Փետրվարի 12-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը:

«Սիրիահայության շրջանում ՀՀ մշակույթի նախարարության կատարած  աշխատանքների մասին» զեկուցումով հանդես եկավ ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն անդրադառնալով սիրիահայերի մշակութային ինտեգրման  հարցերին՝ կարևորեց մասնագիտական օգնությունը նորաստեղծ «Կռունկ», Շառավիղ», «Կարոտ» երգչախմբերին, քանի որ նրանց շուրջ համախմբվում է սիրահայությունը: Նախարարը նշեց նաև տաղանդավոր երիտասարդներին գտնելու և օժանդակելու մասին. «Շատ կարևոր է աշխատանքը երիտասարդության շրջանում: Շնորհալի, տաղանդավոր երիտասարդներին, պատանիներին պետք է օգնել, ինքնադրսևորման հնարավորություն տալ»:

«Սիրիայում տիրող իրավիճակի և հայ համայնքի խնդիրների մասին» զեկուցեց ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանը:

Այնուհետև ներկայացվեցին «Սիրիահայերի շրջանում բարեգործական կառույցների կողմից իրականացված ծրագրերը»: Զեկուցումներով հանդես եկան «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի նախագահ Լենա Հալաջյանը, Հայկական Կարմիր խաչի ներկայացուցիչ Աննա Եղիազարյանը և «Արմենիան լայթհաուզ» բարեգործական հիմնադրամի անդամ Նաիրա Մուրադյանը:

Ամփոփելով նիստը՝ Հրանուշ Հակոբյանը շնորհակալություն հայտնեց զեկուցողներին և գերատեսչությունների ներկայացուցիչներին կատարած աշխատանքի համար և նախանշեց հետագա անելիքներն ու ծրագրերը:

Scroll Up