Սիրվարդ Համբարյան. ««Սփյուռք ամառային դպրոց» ծրագիրը կայացած կառույց պետք է համարենք…»

«Արի տունը» և «Սփյուռք ամառային դպրոցը» ՀՀ սփյուռքի նախարարության կարևոր ծրագրերից են, որոնք նպաստում են հայրենաճանաչությանն ու սփյուռքահայ մասնագետների վերապատրաստմանը, Սփյուռքում ազգային ինքնության պահպանմանն ու զարգացմանը:

Ծրագրերի 2013 թվականի աշխատանքներն է ամփոփում ՀՀ սփյուռքի նախարարության Համահայկական ծրագրերի վարչության գիտակրթական ծրագրերի բաժնի պետ Սիրվարդ Համբարյանը.

 

ՀՀ Սփյուռքի նախարարության «Սփյուռք ամառային դպրոց» ծրագրի նախատիպը համարվում է դեռևս 2011 թվականին մեկնարկած Երիտասարդ առաջնորդների և Լրագրողների դասընթացները:

2012 թվականին, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի մտահղացմամբ, պետք է անցկացվեր նաև Հայոց լեզվի արագացված դասընթացների ամառային ուսուցում: Դարձյալ նախարարի մտահղացմամբ` որոշվեց բոլոր դասընթացները միավորել «Սփյուռք ամառային դպրոց» ծրագրի շրջանակներում: Ծրագրի մեջ ներառվեցին նաև Սփյուռքի ուսուցիչների վերապատրաստման և Ազգային երգի ու պարի խմբավարների, պարուսույցների վերապատրաստման դասընթացները:

Եվ այսպես` 2012 թվականին, Երևանի պետական համալսարանի հետ համատեղ հիմնվեց   «Սփյուռք ամառային դպրոցը» 5 ուղղություններով՝  Հայոց լեզվի արագացված դասընթացներ, Սփյուռքի ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ, Սփյուռքահայ երիտասարդ առաջնորդների դասընթաց, Սփյուռքի լրագրողների դասընթաց, Ազգային երգի ու պարի դասընթաց:

Դասընթացներն անցկացվեցին Երևանում՝ Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետում:

2013 թվականին, սակայն, որոշվեց դասընթացները կազմակերպել Ծաղկաձորում, որտեղ նաև մասնակիցները միմյանց հետ շփման հնարավորություն կունենային:

Ծրագրին մասնակցել ցանկացողների թիվը նախատեսվածից երեք անգամ ավելին էր: Հետաքրքրությունը մեծ էր հատկապես Հայոց լեզվի արագացված դասընթացների նկատմամբ:

Միայն Սփյուռքի լրագրողների վերապատրաստման դասընթացներին նախատեսվածից ավելի քիչ մասնակիցներ ունեցանք:

Տարիքային սահմանափակում կար միայն Առաջնորդների վերապատրաստման դասընթացների մասնակիցների համար, որին կարող էին մասնակցել 18-30 տարեկան երիտասարդներ:

Այսպիսով՝ «Սփյուռք ամառային դպրոց-2013» ծրագրին մասնակցեց 8-65 տարեկան շուրջ 240 սփյուռքահայ աշխարհի ավելի քան 20 երկրից:

Ծրագրում, մեր և մասնակիցների պահանջով, բոլոր ուղղությունների համար ներառվեցին ազգային երգ ու պարի և հոգևոր դասընթացներ:

– Տիկի´ն Սիրվարդ, նշեցիք, որ հետաքրքրությունը մեծ էր հատկապես հայոց լեզվի արագացված դասընթացների նկատմամբ:

– Հայոց լեզվի արագացված ուսուցման դասընթացին մասնակցեց 9-65 տարեկան 96 սփյուռքահայ 9 երկրից՝ ՌԴ, Բելառուս, Ուկրաինա, Վրաստան, Հունաստան, Կանադա, Գերմանիա, Սիրիա, Լիբանան:

Դասընթացը կազմակերպվեց արևելահայերեն և արևմտահայերեն՝ լեզվական իմացության մակարդակներին համապատասխան: Ձևավորվեց 8 խումբ:

Հետաքրքիր էր ալբանահայ քույրերի մասնակցությունը դասընթացին: Մեր բոլոր ծրագրերին հատկապես ուրախացնում է խառնամուսնության ընտանիքների երեխաների մասնակցությունը: Մենք միշտ ձգտում ենք ուծացման վտանգի եզրին գտնվող սփյուռքահայերի մեջ ներարկել հայկականության, ինքնության ձևավորման ծիլերը:

Հատկապես լեզվին չտիրապետող մասնակիցների համար  շատ կարևոր էր ոչ միայն դասարանային պարապմունքները, այլև շփումը:

Դասընթացը վարեցին ԵՊՀ հանրակրթական ամբիոնի դասախոսները և Սորբոնի համալսարանի պրոֆեսոր, Մ. Մաշտոցի անվան լեզվապահպանական կենտրոնի տնօրեն Հիլդա Գալֆայան-Փանոսյանը: Տիկին Հիլդան բավականին հետաքրքիր մեթոդաբանություն է կիրառում: Նա արդեն երկար տարիներ, ընդամենը 50 դասաժամի  միջոցով, սովորողին հայերեն տիրապետելու հնարավորություն է տալիս:

– Սփյուռքում հայապահպանության հիմնական ջահակիրներն ուսուցիչներն են: Եվ այս առումով «Սփյուռք ամառային դպրոց» ծրագրի կարևոր օղակներից է Սփյուռքի ուսուցիչների վերապատրաստման դասընթացները: Այս տարի քանի՞ ուսուցիչ մասնակցեց ծրագրին:

– Սփյուռքի հայկական կրթօջախների ուսուցիչների վերապատրաստման դասընթացներին մասնակցեցին սփյուռքի ազգային դպրոցների (ամենօրյա և մեկօրյա) տնօրեններ, հայոց լեզվի և հայագիտական առարկաների ուսուցիչներ, կրթական գործի կազմակերպիչներ` շուրջ 38 մարդ 13 երկրից:

Ուսուցիչները Սփյուռքում այն խավն են, ազգային նկարագրով մարդիկ, ովքեր ոչ մի բանի առջև կանգ չառնելով՝ երիտասարդներին, մեծահասակներին հայերեն սովորեցնելու, հայկական ոգի ներարկելու գործին են լծվում: Իսկ այս ամենը հնարավոր չէ իրականացնել առանց անշահախնդիր աշխատանքի ու նվիրումի:

– Տիկի´ն Սիրվարդ, հետաքրքիր է, ի՞նչ է պահանջում այսօր սփյուռքահայ ուսուցիչը:

– Առաջին հերթին պահանջում է մեթոդական պատրաստվածություն: Հմտություններ, որոնք կօգնեն տիրապետել տվյալ երկրում տիտղոսավոր (պետական) լեզվի հենքի վրա հայերենը՝ որպես երկրորդ, շատ հաճախ, որպես՝ երրորդ, չորրորդ լեզու սովորեցնող հնարքներին, որպեսզի լեզուն սովորողների համար գրավիչ դառնա: Նա ցանկանում է հայրենիքում ստեղծված նորագույն տեխնոլոգիաներով, մեթոդներով, դասավանդման եղանակներով, ուսումնաօժանդակ, դիդակտիկ նյութերով հարստացնել իր իմացածը:

Ուսուցիչներն առաջարկների մի ամբողջ փաթեթ էին ներկայացրել, որը մենք՝ որպես դասընթացի կազմակերպիչ, ծրագրային մասի պատասխանատու, տրամադրեցինք Երևանի պետական համալսարանի համապատասխան մասնագետներին՝ շեշտելով, որ ուշադրության կենտրոնում լինի այն հանգամանքը, որ ուսուցումը կատարվի այս կամ այն երկրից եկած մասնակիցների երկրի լեզվի հիմքով: Ցավոք, այդ ամենը չկիրառվեց համալասարանի պատասխանատուների կողմից:

Ուսուցիչների համար այս տարի առաջին անգամ կազմակերպվեց հայոց պատմության դասընթաց, որը նույնպես նրանց պահանջն էր:

– Ուրիշ ի՞նչ բացթողումներ են եղել դասընթացի ընթացքում:

– Դասընթացներն առավել արդյունավետ կլինեին եթե կազմակերպեինք հայաստանյան լավագույն դպրոցների փորձի փոխանակման դասեր, ինչպես անցյալ տարի կազմակերպեցինք Երևանի Գրիգոր Զոհրապի թիվ 43 և Վազգեն Առաջինի անվան թիվ 168 դպրոցներում:

Ուսուցիչներին չտրվեց լիարժեք հնարավորություն՝ կազմակերպելու Սփյուռքի հայկական դպրոցների արդի վիճակի, հայեցի կրթության և դաստիարակության հիմնախնդիրների, իրենց կատարած աշխատանքների մասին քննարկումներ և սեփական փորձի ներկայացում:

Ազգային երգի դասընթացներում, ճիշտ է, ընդգրկված էին լավագույն մասնագետները, սակայն հիմնական դասընթացը դասավանդեցին ոչ մասնագիտական կրթություն ունեցող մասնագետներ:

– Սփյուռքում թիրախայինն  ու ամենախոցելին երիտասարդներն են, ովքեր  ոչ միայն արժեքների կրողներն են, այլև փոխանցողները: Այս առումով կարևոր է Երիտասարդ առաջնորդների դասընթացը:

– Այո´, ես նույնպես շատ եմ կարևորում Առաջնորդների դպրոցը, որովհետև հայկական համայնքների կայացման, զարգացման համար մեծ դեր ունի վաղվա սերունդը:

Այս տարի Առաջնորդների դասընթացներին մասնակցեց 36 հոգի 6 երկրից` Էստոնիա, Վրաստան, Ռուսաստան, Ուկրաինա, Բելառուս, Ղազախստան:

Մասնակիցները լսել են դասախոսություններ առաջնորդության, դրա հայեցակարգային մոտեցումների և տեսակների, առաջնորդի բնութագրիչների, սոցիալական ցանցերի արդյունավետ օգտագործման, քաղաքական լիդերության մասին:

Ծրագրի շրջանակներում սփյուռքահայ երիտասարդները հանդիպել և դասախոսություններ են ունկնդրել ՀՀ նախագահի աշխատակազմում, ՀՀ ԱԺ-ում, ՀՀ կառավարությունում, հանդիպել են ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալի, ԵՊՀ դասախոսների, մի շարք երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչների, բլոգերների հետ, կազմակերպվել են այցելություններ TUMO կենտրոն, «ԱՅԲ» դպրոց:

Տիկի´ն Սիրվարդ, կցանկանայի, որ խոսեիք նաև Սփյուռքի լրագրողների դասընթացների մասին:

– Սփյուռքահայ լրագրողների դասընթացն այս տարի ունեցավ 12 մասնակից՝ Վրաստանից, Ռուսաստանից, Իրանից, Ուկրաինայից, Ռումինիայից, Լիբանանից, Սիրիայից:

Դասընթացը խնդիր ուներ նպաստելու երիտասարդ լրագրողների մասնագիտական որակավորման բարձրացմանը, հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների նրբությունների մասին գիտելիքների յուրացմանը, հայ ինքնության պահպանմանը նպաստող քարոզչական մեխանիզմների տիրապետմանը:

Հատուկ ուշադրություն էր դարձվել ՀՀ Սփյուռքի նախարարության տեղեկատվական քաղաքականության, էլեկտրոնային միջոցների, կայքի և  «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերականի ներկայացմանը: Ուրախությամբ պետք է փաստել, որ արդեն նկատելի են դասընթացի արդյունքները: Մասնակիցներից ոմանք այսօր թղթակցում են նախարարության «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերականին:

Տիկի´ն Սիրվարդ, Ազգային երգի ու պարի դասընթացն այս տարի ինչպիսի՞ հաջողություններ գրանցեց:

– Ազգային երգի ու պարի դասընթացներին  մասնակցեց 19 հոգի հետևյալ երկրներից՝ Ռուսաստան, Բելառուս, Հորդանան, Ուկրաինա, Վրաստան:

Դասընթացները հագեցած են եղել ինչպես տեսական դասախոսություններով, այնպես էլ գործնական պարապմունքներով, որոնք վարել են հանրապետության անվանի պարուսույցներն ու երաժիշտները՝ Գագիկ Գինոսյան, Իռեն Ուլիխանովա, Անահիտ Վարդանյան, Աննա Հարությունյան, Կարեն Սարգսյան, Ռուբեն Կարասեֆերյան, Լիլիթ Տեր-Վարդանյան, Գայանե Մանուկյան, պատասխանատու՝ ԵՊՀ մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյան: Մասնակիցները լսել են դասախոսություններ ազգային պարարվեստի և երգարվեստի մասին, ծանոթացել ազգային երգերի ու պարերի ծագումնաբանությանը, հայ ժողովրդական պարերի պատմությանը, աշուղական երգարվեստին, ռազմի և հայրենասիրության, գեղջկական և աշխատանքային երգերին:

Ծրագրի ընթացքում, որքան հիշում եմ, նաև հետաքրքիր հանդիպումներ, միջոցառումներ են կազմակերպվել:

– Այո´, վերապատրաստման դասապրոցեսից դուրս կազմակերպվեցին բազմաթիվ միջոցառումներ, հանդիպումներ, գրական, երաժշտական երեկոներ, դպրոցների քույրացման միջոցառումներ, համերգային ծրագրեր, շախմատի հավաքականի հետ հանդիպումներ, այցելություններ թանգարաններ, Ծիծեռնակաբերդ, Եռաբլուր, Էջմիածին, Օշական և այլ վայրեր:

Որոշ թերացումներից ու բացթողումներից անկախ՝ «Սփյուռք ամառային դպրոց» ծրագիրը հաջողեց, ինչը, կարող ենք ասել, որ 2013 թվականի նախարարության ձեռքբերումներից մեկն էր:

2012 թվականը մեկնարկն էր. բնականաբար ամեն ինչի սկիզբը մտավախություններ ունի շարունակության հարցում: Սակայն մենք տեսանք, որ այն շատ պահանջված ծրագիր է Սփյուռքի համար:

– Իսկ հաջորդ տարի նորություններ լինելո՞ւ են:

– Հաջորդ տարի «Սփյուռք ամառային դպրոց» ծրագիրը կավելանա ևս մեկ ուղղությամբ: Նախատեսել ենք անցկացնել Հայկական համայնքների ղեկավարների և աշխատողների դասընթացներ, թեև պետական բյուջեով «Սփյուռք ամառային դպրոց» ծրագրին հատկացվող գումարը մնացել է նույնը` 40 միլիոն դրամ: 2014 թվականին նախատեսվում է 100 մասնակից, թեև համոզված ենք, որ ցանկացողներն ավելի շատ կլինեն:

Հաջորդ տարի մի փոքր կխստացվի ընտրությունը, հայտադիմումներում մի քիչ ավելի խստացված պահանջներ, չափանիշներ կդրվեն, որովհետև մեծ ծավալով մասնակցության դեպքում գումարները գիշերակացի, սննդի վրա են ծախսվում, և շատ կարևոր հարցեր ուշադրությունից դուրս են մնում, ինչն էլ կարող է որակի վրա ազդել: Իսկ մենք ցանկանում ենք քանակի հաշվին որակը չկորցնել:

Դեռ վերջնական որոշված չէ անցկացման վայրը: Նորություն կլինի նաև այն, որ սփյուռքյան մասնագետները դասավանդելու հնարավորություն կունենան այս նախագծում, և կարող են փոխանցել իրենց տեսական և գործնական գիտելիքները:

Նախարարության կազմակերպած ծրագրերը ցույց են տալիս, որ գնալով մեծանում է հայկական արմատներին վերադառնալու միտումը: Երիտասարդները հանդես են գալիս բավականին արդյունավետ առաջարկներով, մտահոգված են հայրենիքի հետ կապերի սերտացմամբ, Սփյուռքում հայապահպանությամբ, ազգային նկարագրի պահպանմամբ:

Հասկանալի է, որ շատ մեծ է ցանկությունն ամեն ինչ իդեալական տեսնելու, սակայն այս բարդ աշխատանքում պետք է ենթադրել, որ մենք թերություններ էլ կարող է ունենանք, որովհետև Սփյուռքը բարդ օրգանիզմ լինելով` թելադրում է իր տարաբնույթ հարցերը, խնդիրները, որոնց լուծմանն է ուղղված նախարարության գործունեությունը:

Մեր նպատակներից մեկն էլ այն է, որ մեր ծրագրերի մասնակիցները դառնան մեր գործընկերները:

«Սփյուռք ամառային դպրոց» ծրագիրը կայացած կառույց պետք է համարենք և պետք է աշխատենք որակի բարձրացման և ամբողջությամբ Սփյուռքի պահանջներին համապատասխանեցնելու ուղղությամբ:

– Տիկի´ն Սիրվարդ, այժմ անդրադառնանք «Արի տուն» ծրագրին:

– Այս տարի «Արի տուն» ծրագիրն իրականացվեց նոր բեռով: Տարին հոբելյանական էր ծրագրի համար. այն հինգերորդ անգամ էր իրականացվում: Հայոց լեզվի դասընթացներ կազմակերպվել են բոլոր տարիներին: Սակայն այս տարի առաջին անգամ մենք ուսուցումը կենտրոնացրինք Ստ. Շահումյանի անվան թիվ 1 դպրոցում: Դասընթացները բավականին հաջող անցան: Իսկ հայագիտական գիտելիքների խորացումը շարունակվեց արդեն ճամբարում:

Այս տարի առաջին անգամ էքսկուրսիաների ընթացքում մասնակիցներին ուղեկցում էին գիդ-էքսկուրսավարները:

«Արի տուն» ծրագրին այս տարի մասնակցեց ավելի քան 940 մասնակից աշխարհի մոտ 40 երկրից:

Համեմատության կարգով նշեմ, որ 2009 թվականին ունեցանք 317 մասնակից աշխարհի 14 երկրից, 2010 թվականին` 600 մասնակից 26 երկրից, 2011 թվականին` 812 մասնակից 35 երկրից, գրեթե նույն քանակությամբ մասնակիցներ ուենցանք 2012 թվականին, իսկ այս տարի՝  ավելի քան 900 մասնակից: Հաջորդ տարի ակնկալում ենք մոտ 1000 մասնակից:

Մենք մեծ երազանք և ցանկություն ունենք ծրագրին տալու սոցիալական ուղղվածություն, այն է՝ ծրագրի շրջանակներում, հայրենաճանաչության ծրագրին զուգահեռ, մասնագիտական պրակտիկաներ կազմակերպել, ինչը հնարավորություն կտա  Հայաստանին «ավելի ներսից» ծանոթանալու:

Որոշ փոփոխությունների կենթարկվի ճամբարային ծրագիրը:

Նախորդ տարիների նման այս տարի ևս նոր ծանոթություններ, մկրտություններ եղան, ընտանիքներ կազմվեցին:

Ուրախալի է, որ ծրագրի մասնակիցները հետագայում իրենց համայնքներում դառնում են մեր ծրագրերի տարածողները, օգնում են համայնքային կառույցներին, մասնակցում են մեր մյուս ծրագրերին և դառնում են մեր գործընկերները:

Այս ծրագրի շրջանակներում ևս ունենք խնդիրներ, որոնք փորձում ենք լուծել:

– Տիկի´ն Սիրվարդ, առջևում տոնական օրեր են: Կցանկանայի մեր զրույցն ավարտել Ձեր ամանորյա մաղթանքով:

– Ցանկանում եմ, որ մեր յուրաքանչյուր ձեռնարկ սլաքով ուղղված լինի սփյուռքահայերի խնդիրների լուծմանը:

Սփյուռքում խրթին է հայապահպանության գործը: Եթե մենք պետական հովանու ներքո կրթության, դաստիարակության, հայի ինքնագիտակցության բարձրացման հետ կապված խնդիրներ ունենք հայրենիքում, ապա այդ խնդիրներն ավելի ակնառու են Սփյուռքում:

Մեր պարտքն է սփյուռքյան ամեն մի կառույցի, անհատի աջակից լինել, որոնց գործունեությունը հայապահպանության ապահովումն է: Մենք պետք է տեր լինենք նրանց ճակատագրին: Տա´ Աստված, որ մենք մի հայրենիքի և մի կտուրի տակ ապրենք: Իսկ այսօր մենք պետք է հզոր Հայրենիք ստեղծենք` հզոր Սփյուռքով, իսկ սփյուռքը կարող է զորավոր լինել հզոր հայրենիքով:

Ես ցանկանում եմ, որ մեր հայրենիքը հզոր, ամուր լինի և կարողանա իր ուժերի չափով օգտակար լինել սփյուռքին, որ Հայրենիք-Սփյուռք կապերն ավելի խորացվեն, և հայը հայ մնա դրսում:

Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ…

Զրուցեց Լուսինե Աբրահամյանը

Scroll Up