Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումները լայն արձագանք են գտել ուկրաինական ԶԼՄ-ներում

«Շնորհակալություն վերածնվելու հնարավորության համար. հայեր» («Дякуємо за шанс розквітнути знову. Вірмени») սոցիալական տեսահոլովակն այս տարի ցուցադրվել է ավելի քան 30 ուկրաինական հեռուստաալիքով։ Իսկ ապրիլի 23-24-ը կայացած Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման միջոցառումները լուսաբանել են ավելի քան 50 էլեկտրոնային ԶԼՄ, այս մասին «Հայերն այսօր»-ին տեղեկացնում է UA-Report.info-ը՝ վկայակոչելով Ուկրաինայի հայերի միության տվյալները։
Միության հատուկ կոմիտեի տվյալներով՝ ՈՒՀՄ-ի կենտրոնական գրասենյակի և տարածաշրջանային համայնքների համակարգմամբ կայացել են շուրջ 30 թեմատիկ միջոցառումներ Ուկրաինայի գրեթե բոլոր տարածաշրջաններում։ Նշվում է նաև, որ միջոցառումներին ակտիվ մասնակցություն են ունեցել Ուկրաինայում Հայաստանի դեսպանության և Հայ Առաքելական եկեղեցու Ուկրաինայի հայոց թեմի հոգևոր դասի ներկայացուցիչները։
«Հիշեցնենք, որ Ուկրաինայի հայերի միության ղեկավար Վիլեն Շատվորյանի նախաձեռնությամբ 2015 թվականից երկրի տարբեր տարածաշրջաններում բացվել է ավելի քան 20 խաչքար»,- նշված է հաղորդագրության մեջ։