ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց երգչուհի Աննա Մայիլյանին և իրանահայ արվեստագետ Ռուբեն Բաբայանին

Դեկտեմբերի 23-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ՀՀ վաստակավոր արտիստուհի, երգչուհի Աննա Մայիլյանին և իրանահայ արվեստագետ Ռուբեն Բաբայանին:
Հանդիպման ընթացքում երգչուհի Աննա Մայիլյանը նախարարին պատմեց Իրանի հայ համայնքում իր վերջին հյուրախաղերի մասին: Երգչուհին իր հիացմունքը արտահայտեց Նոր Ջուղայի Սբ. Ամենափրկիչ եկեղեցու մասին, որը 2014-ին կդառնա 350 տարեկան:
Քննարկումների արդյունքում որոշվեց 2014-ին Հայաստանում կազմակերպել Նոր Ջուղայի Սբ. Ամենափրկիչ եկեղեցու 350-ամյակին նվիրված միջոցառումների շարք, որի ընթացքում կկատարվեն Սայաթ-Նովայի, Կոմիտասի երգերից, ինչպես նաև կտորներ պարսկական երաժշտական արվեստից, իսկ Մատենադարանում կցուցադրվեն Ջուղայից բերված Ավետարանն ու այլ ձեռագիր մատյաններ:
Նախարար Հրանուշ Հակոբյանի խոսքով՝ այդ միջոցառումների շնորհիվ Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին կդառնա ավելի հանրահռչակ և մեծ ուխտատեղի աշխարհի քրիստոնյաների համար:
Միջոցառումների կազմակերպման վերաբերյալ նախարարը հանձնարարություններ տվեց Սփյուռքի նախարարության համապատասխան վարչությունների աշխատակիցներին: