Սփյուռքի նախարարության պաշտոնյաներն այցելել են Կրասնոդարի երկրամաս

Աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ սփյուռքի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Երեմ Սիմոնյանը, նախարարության ԱՊՀ երկրների հայ համայնքների վարչության պետի պաշտոնակատար Էդգար Հովսեփյանը մարտի 28-ից ապրիլի 2-ը գտնվում էին ՌԴ Կրասնոդարի երկրամասում: Ինչպես հաղորդում է «Հայերն այսօր»-ը, այցի նպատակն էր համայնքային կառույցներին ներկայացնել սփյուռքի նախարարության վերակազմավորումն ու վարչապետի աշխատակազմում ստեղծվող Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հետագա գործունեությունը, ուղղությունները, ինչպես նաև ծանոթանալ համայնքի խնդիրներին՝ առաջիկայում դրանց լուծում տալու նպատակով:
Սփյուռքի նախարարության պաշտոնյաներն այցելել են Ռուսաստանի հայերի միության (ՌՀՄ) Կրասնոդարի երկրամասի տարածաշրջանային բաժանմունք, «Արմատ» լրացուցիչ կրթության կենտրոն, Կրասնոդարի երկրամասի Պաշկովկայի հայկական մշակութային կենտրոն, ՌՀՄ Արմավիրի տարածաշրջանային բաժանմունք, ՌՀՄ Նովոռոսիյսկի տարածաշրջանային բաժանմունքի Նովոռոսիյսկի «Լույս» քաղաքային ազգամշակութային ինքնավարություն, ՌՀՄ Տուապսեի շրջանի Նովոմիխայլովսկի, ՌՀՄ Սոչիի, Ադլերի տարածաշրջանային բաժանմունքներ, ՌՀՄ Խոստայի շրջանի բաժանմունք, ՌՀՄ Անապայի բաժանմունք և Ն. Իսպիրյանի անվան հայկական ազգամշակութային կենտրոն, Լազարևսկի շրջանի Գրիգոր Մազլումյանի անվան ազգային մշակույթների կենտրոնում գործող Հայկական մշակութային կենտրոն, ինչպես նաև հանդիպումներ են ունեցել Կրասնոդարի երկրամասի հայազգի պատգամավորների հետ:
Համայնքային կառույցներ այցերի ընթացքում Երեմ Սիմոնյանը և Էդգար Հովսեփյանը անցկացրել են աշխատանքային խորհրդակցություններ, ներկա գտնվել հայոց լեզվի, գրականության, պատմության, երգի, պարի, շախմատի դասընթացներին, այցելել երկրամասում գործող հայկական եկեղեցիներ:
Խորհրդակցությունների ընթացքում համայնքի անդամները բարձրացրել են կրթական, մշակութային, իրավական և այլն հարցեր: Սփյուռքի նախարարության պաշտոնյաները խոստացել են Հայաստան վերադառնալուն պես՝ փորձել լուծումներ գտնել:
Հաստատվել են նոր կապեր, նշմարվել համագործակցության ուղիներ:
Բոլոր հանդիպումներն անցել են կառուցողական, երկուստեք աշխատանքները նոր թափով սկսելու պատրաստակամությամբ: Համայնքային կառույցների ներկայացուցիչները հայտնել են իրենց գոհունակությունը՝ ընդգծելով, որ միայն նման ձևաչափի հանդիպումներով ու քննարկումներով կարելի է արդունավետ աշխատանք իրականացնել՝ Հայաստան-Սփյուռք կապերն առավել արդյունավետ դարձնելու ուղղությամբ: