Աննա Ջանբազյանը պագևատրվեց ՀՀ սփյուռքի նախարարության «Կոմիտաս» մեդալով
Հունիսի 17-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Լոս Անջելեսի «Ջանբազյան» պարի ակադեմիայի գեղարվեստական ղեկավար Անի Ջանբազյանին և պարախմբի տնօրեն Արամ Անանյանին՝ Հայաստանի պարարվեստի միության նախագահ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչԿարեն Գևորգյանի ընկերակցությամբ:
Ողջունելով հյուրերին՝ նախարար Հրանուշ Հակոբյանը մեծապես կարևորեց «Ջանբազյան» ակադեմիայի գործունեությունը, ինչի շնորհիվ ամերիկահայ բազմաթիվ երիտասարդներ շփվում են արվեստի այդ յուրօրինակ տեսակին՝ այդ կերպ առնչվելով նաև ազգային ինքնությանն ու ոգուն:«Շնորհակալ եմ, որ դուք ձեր ավյունը, եռանդը, սերը, ժամանակը ներդնում եք մշակույթի մեջ, որը ազգապահպանության կարևոր հիմնահող է Սփյուռքում», – ասաց նախարարը: Նա ողջունեց նաև Անի Ջանբազյանի և Արամ Անանյանի՝ Հայաստանում համերգով հանդես գալու մտահղացումը՝ այն համարելով յուրօրինակ հաշվետվություն Հայրենիքին:
Իր շնորհակալական խոսքում Անի Ջանբազյանը նշեց, որ երրորդ անգամն է Հայաստան գալիս, բայց ամեն անգամ Հայաստանից մեկնելով՝ այստեղ է թողնում իր միտքն ու հոգին: «Ուրախ ու երջանիկ եմ, որ կարողանում եմ պարի միջոցով, պարի լեզվով իմ զգացումները հաղորդել սաներիս»,- ասաց նա, ավելացնելով, որ իրենք ևս անմասն չեն մնացել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին իրենց ավանդը բերելուց, և առաջիկա համերգին ներկայացվող «Քարահունջ» պարային ներկայացումը նվիրել են այդ կարևոր տարելիցին:
Հանդիպման ավարտին, Սփյուռքում հայ մշակութային ժառանգության պահպանման և զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար՝ նախարար Հրանուշ Հակոբյանը «Ջանբազյան» պարի ակադեմիայի պարուսույց և գեղարվեստական ղեկավար Աննա Ջանբազյանին պագևատրեց ՀՀ սփյուռքի նախարարության «Կոմիտաս» մեդալով: