Իրական ժամանակն է յուրաքանչյուրս իր մասնագիտությամբ նպաստել Հայաստանի զարգացմանը. Ավետիս Մուրադյան

«Հայերն այսօր»-ի հարցազրույցը սիրիահայ, այժմ Արաբական Միացյալ Էմիրություններում բնակվող Ավետիս Մուրադյանի մասին է, իր խոսքերով ասած՝ մի սփյուռքահայի, որը ցանկանում է որևէ ձևով օգտակար լինել իր հայրենիքին:

– Հարգելի´ Ավետիս, ծնվել եք Սիրիայում, այսօր ապրում եք Աբու Դաբիում: Կպատմեք` թե ինչո՞վ եք զբաղվել Սիրիայում, ի՞նչ գործունեություն եք ծավալել:

–  Ծննդավայրս Սիրիայի Կամիշլի քաղաքն է: Ուսումս շարունակելու նպատակով փոխադրվել եմ Հալեպ: Ավարտել եմ Հալեպի պետական համալսարանի մեխանիկական ինժեներիայի ֆակուլտետը: Աշխատել եմ միջազգային տարբեր ընկերություններում: Որպես նախագծող-կառավարիչ՝ իրականացրել եմ հովացման, օդափոխման և տաքացման ծրագրեր:

Դեռ մանկուց անդամագրվել եմ տարբեր միությունների: Միութենական աշխատանքը շարունակել եմ պատանեկան, առավելաբար՝ երիտասարդական տարիքում: Եղել եմ երիտասարդական, ուսանողական միությունների, Հալեպի հայ համալսարանական միության անդամ: Տարբեր միություններում վարել եմ մի շարք վարչական պաշտոններ:

Ազգային կյանքում եղել եմ Բերիո Հայոց թեմի Առաջնորդարանի կալվածոց խորհրդի անդամ: 2011 թվականին մասնակցել եմ Հալեպի քաղաքապետարանի քաղաքային խորհրդի  ընտրություններին՝ որպես Բերիո Հայոց թեմի Առաջնորդարանի թեկնածու: Հաջողելով՝ ընտրվել եմ Հալեպի քաղաքապետարանի խորհրդի անդամ: 2012 թվականի ավարտին՝ դեկտեմբեր ամսին, փոխադրվել եմ Հայաստան: Մոտ մեկ տարի ապրելով և աշխատելով իմ մասնագիտությամբ՝ 2014 թվականի սկզբին տեղափոխվել եմ Արաբական Միացյալ Էմիրություններ:

– Ի՞նչ գործունեությամբ եք զբաղվում ԱՄԷ-ում: Կխնդրեի պատել նաև համայնքային կյանքին Ձեր ներգրավվածության մասին:

– 5 տարի է՝ ապրում և աշխատում եմ Աբու Դաբիում՝ Արաբական Միացյալ Էմիրությունների առաջատար ընկերություններից մեկում՝ «Al Mazroui Medical Group»-ում, որը զբաղվում է առողջապահական ծրագրերով՝ հիվանդանոցների նախագծում, կառուցում, նորոգում, սպասարկում, վերականգնում և այլն: Ընկերության մեջ վարել եմ տարբեր պաշտոններ: Այժմ ընկերության ինժեներական բաժնի տնօրենն եմ, միաժամանակ առողջապահական ծրագրերի ղեկավարը, որը պլանավորում և վերահսկում է նախագծերը:

Անդրադառնալով համայնքային կյանքին. եղել եմ Աբու Դաբիի Սրբոց Քառասուն Մանկանց եկեղեցու թաղային խորհրդի, համայնքի ազգային վարչության անդամ, 2 տարի՝ Աբու Դաբիի «Արա Խանոյան» ազգային մեկօրյա վարժարանի տնօրենը: Մասնակցել եմ մի շարք հանձնախմբերի աշխատանքներին և առ այսօր՝ որպես կամավորական, օժանդակող անհատ, շարունակում եմ մասնակից դառնալ:

– Դուք «Բայնոնա» ընկերության հայաստանյան գրասենյակի հիմնադիր-տնօրենն եք: Ի՞նչ գործունեություն է իրականացնելու Հայաստանում գրասենյակը, ինչպիսի՞ ծրագրեր եք նախատեսում իրականացնել առաջիկայում:

– «Բայնոնա»-ն «Al Mazroui Medical Group»-ի հետ համագործակցող ընկերություններից մեկն է: Արաբական Միացյալ Էմիրություններում միասնաբար աշխատում ենք տարբեր ծրագրերի խորհրդատվությամբ և նախագծեր պատրաստելով՝ մինչև ծրագրերի իրագործում:

Վերջին 5 տարին, ինչ հաստատվել եմ Արաբական Միացյալ Էմիրություններում, ամեն տարի ընտանիքով մեր ամառային արձակուրդն անցկացնում ենք Հայաստանում: 2018 թվականի օգոստոսին հերթական անգամ այցելել էինք Հայաստան: Հենց այդ ժամանակ էր, որ մտածեցի՝ իմ մասնագիտությամբ ինչպես կարող եմ օգտակար լինել հայրենիքիս, ինչպես կարող եմ մասնակից դառնալ առողջապահական ոլորտի զարգացմանը: Հայաստանյան այդ ոլորտն ինձ շատ ծանոթ էր: Տարբեր առիթներով այցելել էի մի շարք հիվանդանոցներ, բժշկական կենտրոններ, պոլիկլինիկաներ, տեսել վերջիններիս, մեղմ ասած, տխուր վիճակը, պայմանները: Ականատես լինելով այդ ամենին՝ փորձեցի իմ մասնագիտությամբ, գիտելիքներով, փորձով աջակցել, օգտակար լինել՝ որպեսզի միասնաբար զարգացնենք այս ոլորտը Հայաստանում:

Հաջորդ քայլս այն էր, որ զանգահարեցի Առողջապահության նախարարություն և ցանկություն հայտնեցի հանդիպել նախարարի կամ որևէ պաշտոնյայի հետ, որպեսզի ներկայացնեմ իմ առաջարկը: Նախարարությունից ինձ պատասխանեցին. «Ձեզ կփոխանցենք նախարար Արսեն Թորոսյանի էլ-փոստի հասցեն ու, եթե հնարավոր է, գրավոր ներկայացրեք Ձեր առաջարկն ու կենսագրական որոշ մանրամասնություններ»:

Գրեցի Արսեն Թորոսյանին՝ ներկայացնելով իմ գաղափարները: Շատ անակնկալ, նաև զարմանալի էր ինձ համար, որ 5 րոպե հետո Արսեն Թորոսյանից պատասխան նամակ ստացա: Նա ողջունել էր իմ քայլը, համագործակցության առաջակը, միաժամանակ փոխանցելով՝ որ ինքը քաղաքից բացակայելու է, սակայն համապատասխան աշխատակիցները կապ կհաստատեն ինձ հետ:

Մեկ ժամ հետո ինձ հետ կապվեց նախարարության ծրագրերի վարչության պետը և պայմանավորվեցինք հանդիպել: Երկու հանդիպում ունեցանք, այցելեցինք մեկ հիվանդանոց, որի շուրջ ես ներկայացրի իմ առաջարկները: Միաժամանակ ընդգծելով, որ Հայաստանում առողջապահության ոլորտում կիրառվող չափանիշները, դժբախտաբար, ժամանակավրեպ են: Որ ոլորտը  քայլ առ քայլ զարգացնելու համար՝ պետք է առաջիկայում փորձել ունենալ միջազգային չափանիչներին համապատասխան բժշկական հաստատություններ:

Միասնաբար գործակցելու շեշտադրությամբ էլ ավարտվեցին մեր հանդիպումները, որոնք շատ դրական, քաջալերական էին մի սփյուռքահայի համար, որն ուզում էր որևէ ձևով օգտակար լինել իր հայրենիքին:

Այդ ժամանակ դեռ չկար Հայաստանում գրասենյակ հիմնելու գաղափարը: Կար պարզապես ազգային մոտեցում, որը պսակվեց մի քանի հաջող հանդիպումներով: Միաժամանակ ազդելով իմ ներաշխարհի, հոգեվիճակի վրա՝ հուշելով, որ արդեն կարող ենք Հայաստանում մասնակից դառնալ մի շարք փոփոխությունների, որ յուրաքանչյուրս իր մասնագիտությամբ կարող է նպաստել մեր հայրենիքի զարգացմանը:

Ժամանակի ընթացքում զարգացան կապերը, ինչ-ինչ աշխատանքներ կատարվեցին և աստիճանաբար գաղափար առաջացավ Երևանում ստեղծել ինժեներական խորհրդատվական գրասենյակ, որը պետք է կրեր Արաբական Միացյալ Էմիրություններում գործող ընկերության անվանումը՝ «Բայնոնա», որպեսզի կարողանանայինք մոտիկից հետևել աշխատանքներին, առաջարկներ ստանալ ու կատարել բոլոր փոփոխությունները՝ կառուցվելիք կամ վերանորոգման կարիք ունեցող բժշկական հաստատությունների:

Երևանում գրասենյակը հիմնադրվեց 2018 թվականի նոյեմբերին՝ նպատակ ունենալով մշտական ներկայություն ունենալ Հայաստանում, որպեսզի կարողանանք աշխատանքները տեղում և´ ծրագրել, և´ կատարել:

– Այդ նույն ժամանակ՝ 2018 թվականի աշնանը, ընկերությունը փոխըմբռնման հուշագիր ստորագրեց ՀՀ առողջապահության նախարարության հետ: Ո՞րն է հուշագրի նպատակը:

– Երբ գրասենյակ հիմնելու նպատակով Հայաստանում էինք, հուշագիր ստորագրվեց Առողջապահության նախարարության հետ, ինչը ենթադրում է, որ «Բայնոնա»-ն պետք է համագործակցի նախարարության հետ՝ զարգացնելու առողջապահության ոլորտը, ներգրավի օտարերկրյա ներդրողներ և այլն: Իսկ ներդրողները շահագրգիռ կլինեն այն ժամանակ, եթե օրինակ՝ Հայաստանում լինեն բարձրակարգ, միջազգային չափանիշներին համապատասխան բժշկական կենտրոններ, հիվանդանոցներ, ինչը մենք, դժբախտաբար, շատ քիչ ունենք կամ գրեթե չունենք:

«Բայնոնա»-ի դերակատարությունն այն է, որ ընկերությունը պետք է կապող օղակ հանդիսանա ներդրողների հետ, աշխատի զարգացնել, մշակել  և տեղայացնելով՝ ստեղծել հայկական նոր չափանիշներ բժշկական հաստատությունների համար՝ միաժամանակ օժանդակելով առողջապահական ցանկացած ծրագրի նախագծմանը:

Հուշագրի ստորագրումից անմիջապես հետո «Բայնոնա»-ն ներկայացրեց 2 նախագիծ, որոնցից մեկը վերաբերում էր բժշկական կենտրոնի մի բաժնի վերանորոգմանը:

– Ավետի´ս, վերջերս հանդիպել եք ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ: Հանդիպմանը քննարկվել է Հայաստանում բժշկական նոր կենտրոն կառուցելու նախագիծը: Կպատմեք, թե ի՞նչ կենտրոն է նախատեսվում կառուցել և ե՞րբ:

– Սա «Բայնոնա» ընկերության երկրորդ նախագիծն է, որը ներկայացրել ենք Առողջապահության նախարարությանը:

Խոսքը Հայաստանում ծննդօգնության ու կանանց առողջության ծառայություններ մատուցող բուժհաստատություն հիմնելու մասին է: Վերջին հանդիպմանը առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին ենք ներկայացրել նախնական հայեցակարգը, գծագրերը: Սպասում ենք նախարարության արձագանքին, առաջարկներին, որպեսզի ամբողջացնելով փաթեթը՝ սկսենք արդեն հաջորդ փուլի աշխատանքները:

– Ասացիք, որ ամեն տարի Ձեր ընտանիքի հետ ամառային արձակուրդներն անցկացնում եք Հայաստանում: Ընկերության հիմնադրումից հետո նաև՝ աշխատանքային գործունեությունն է պատճառ դարձել:

– Ընկերության հիմնումով՝ այցելություններս Հայաստան միայն ամառային հանգիստ անցկացնելու  նպատակով չեն: Հիմա հաճախակի են դարձել հատկապես աշխատանքային այցերս: Այս ընթացքում մի զարմանալի միտում եմ նկատել: Մարդիկ այն մտայնությունն ունեն, որ միջազգային չափանիշներին համապատասխան բժշկական կենտրոններ ունենալը մեծ ծախսերի հետ է կապված: Իրականում այդպես չէ: Եթե կարողանանք ճիշտ նախագծել, իրականացնել աշխատանքները, ավարտին կտեսնենք, թե որքան գումար ենք կարողացել տնտեսել: Եվ ամենակարևորը՝ այդ հաստատությունները կկարողանան ծառայել իրենց հիմնական նպատակին:

Առողջապահական հաստատությունների հիմնական նպատակը մասնագետ-բժիշկների օգնությամբ հիվանդի առողջությունը վերականգնել է: Սակայն հաճախ է պատահում, որ հիվանդը դուրս է գրվում հիվանդանոցից ուրիշ վարակով, այլ հիվանդությամբ: Ինչը նշանակում է, որ այդ հաստատությունն արդեն իր նպատակին չի ծառայում: Շատ երկրներում կա այս խնդիրը, դժբախտաբար, նաև Հայաստանում:

Այս խնդրից խուսափելու համար մեր բոլոր բժշկական հաստատությունները պետք է կառուցվեն կամ վերակառուցվեն միջազգային չափանիշներին համահունչ (սկսած՝ հիվանդասենյակներից, միջանցքներից, վիրահատարաններից, օդափոխության համակարգից, շինարարական նյութերից և այլ նրբություններից), որպեսզի բժշկեն մարդուն, ոչ թե՝ վարակի տարածման պատճառ դառնան:

Հենց այստեղ է, որ պետք է կարևորենք առողջության պլանավորումը, որպեսզի Հայաստանում ո´չ միայն բժշկական կենտրոնները, այլև մարդիկ այս մտածելակերպով առաջնորդվեն: Որպեսզի այն դառնա կարևոր նախապայման ինչպես հիվանդանոցներ կառուցելիս, այնպես էլ՝ սեփական առողջության մասին հոգ տանելիս:

Առողջության պլանավորումը չի նշանակում գեղեցիկ տեսքով, դիզայնով, հարկաբաժիններով հիվանդանոց ունենալը: Այն ենթադրում է մարդկանց առողջության ամբողջական վերականգնում, ինչին պետք է նպաստեն ո´չ միայն փորձառու մասնագետները, այլև նպատակային, ճիշտ կառուցված հաստատությունները, միջավայրը:

Սա է նաև մեր գրասենյակի հիմնական նպատակներից մեկը՝ մեր գաղափարներով, փորձառությամբ մասնակից դառնալ ոլորտի զարգացմանը: Ունեմ ինձ պես մտածող շատ գործընկերներ, որոնք աշխատում են ընկերությունում: Բոլորիս նպատակը մեկն է՝ որպես հայ ազգի զավակներ, որպես մասնագետներ մասնակից դառնալ մեր հայրենիքի առողջապահության ոլորտի զարգացմանը:

Եթե յուրաքանչյուր մարդ իր հնարավորությունների սահմանում փորձի օգտակար լինել մեր երկրին, մոտ ապագայում մենք ավելի զարգացած հայրենիք կունենաք, ինչը կնպաստի որպեսզի մեր երեխաներն ավելի լավ երկրում ապրեն:

Հայաստանյան վերջին այցելության ժամանակ դասախոսություն ունեցա Երևանի պետական բժշկական համալսարանի հանրային առողջության ֆակուլտետում: Դասախոսության ընթացքում ինձ մտահոգող գաղափարների, խնդիրների մասին խոսեցի, ներկայացրի այն ամենը, ինչը մեր ընկերությունը ծրագրում է իրականացնել: Ինձ համար հաճելի էր տեսնել, որ ուսանողները հետաքրքրված էին նոր նյութերով, գաղափարներով: Հուսամ՝ հաճախ նման առիթներ կունենամ Հայաստան այցելելու:

Նաև հույս ունեմ, որ միասնաբար գործելով՝ մոտ ապագայում առողջապահական բնագավառում բավականին զարգացումներ կարձանագրենք:

Լուսինե Աբրահամյան

Scroll Up