Հրաչուհի Բասենց. ««Տուն արի»-ն պարզապես խորագիր չէ, այն կանչ-հորդոր է…»

Ապրիլի 18-ին Գերմանիայի Նյուրնբերգ քաղաքի Օպերայի պետական թատրոնում հնչելու է Կոմիտաս՝ թատրոնի առաջատար սոպրանո Հրաչուհի Բասենցի կատարմամբ:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգը կրելու է «Տուն արի» խորագիրը, որը, Հրաչուհի Բասենցի խոսքերով, համերգի լավագույն բնորոշումն է:

Իսկ արդեն այսօր՝ ապրիլի 13-ին,  Նյուրնբերգի օպերային թատրոնի խոհանոցում կմեկնարկի «Հայկական շաբաթը». յոթ օր շարունակ այցելուները կարող են ծանոթանալ ու ճաշակել հայկական ազգային ուտեստները:

Համերգի և մեկնարկող «Հայկական շաբաթի» շուրջ է «Հայերն այսօրի» հարցազրույցը Հրաչուհի Բասենցի հետ:

– Հրաչուհի´, զրույցի սկզբում կցանկանայի, որ անդրադառնայիք համերգի նախապատմությանը:

– Նյուրնբերգի օպերային թատրոնը տարեկան ներկայացումներին կից ունի «Երգի երեկո» (Liederabend) ծրագրերի շարք, որը մեզ՝ մենակատարներիս հնարավորություն է տալիս երգացանկային պարտադիր ծրագրից դուրս մենահամերգով հանդես գալու և գոնե տարին մեկ անգամ, ըստ սեփական ընտրության և ցանկության, ներկայանալու հանդիսատեսին: Այդ մենահամերգները պետք է անպայման ունենան ուղղվածություն, խորագիր:

Ինձ առաջարկված էր դեռ երկու տարի առաջ անել, սակայն այն անընդհատ ձգձվում էր, ես էլ առանձնապես տրամադրվածություն, ուղղվածություն և խորագիր չունեի:

– Ինչու՞, ո՟րն էր պատճառը:

– 2011-ին ստացա առաջարկ՝ ելույթ ունենալու Նյուրնբերգի ամենամյա Klassik Open Air համերգին: Առաջարկվեց ընտրել 5 համար, որոնք չպետք է լինեին մշտապես երգվող, բոլորին շատ ծանոթ արիաներ: Առաջարկվեց մի քանի ռուսական արիա և այլն…

Ինձ շատ հատուկ նախանձախնդրությամբ և Հայաստանը ներկայացնելու մշտական մղումով, մի քիչ էլ հանդգնությամբ՝ համառեցի՝ ասելով, որ ռուսականը նորություն չի: Իսկ ներկայացնելով հայկական ստեղծագործություններ՝ ունկնդրին կբացահայտեմ հայկականը, հանդիսատեսին կհրապուրեմ և կհուզեմ:

Այն ժամանակ թատրոնի գլխավոր դիրիժորը Քրիստոֆ Փրիքն էր: Վերջինս մեծ հաճույքով համաձայնեց, քանի-որ նա էլ էր նորության, փոփոխության կողմնակից: Այսպիսով, ընտրվեց ծրագիրը՝ «Երաժշտական ճամբորդություն» խորագրով և խաչվեցին մեր մտահղացումները՝ տալով սպասված, ցանկալի արդյունք:

Բնականաբար նման մեծ միջոցառումից հետո, որտեղ 100 հազարից ավելի հանդիսատես ունկնդրեց հայ երաժշտություն և վայելեց նրա թովիչ, կախարդական ելևէջները՝ տարածված նախկինում հայտնի Հիտլերյան հրապարակում (այսօր՝ Լուիդպոլհայն), այլևս իմաստ չուներ ևս մեկ հայկական երեկո անելու՝ առաջացրած ճոխ արձագանքները երկար պահելու համար:

Եվ ահա, ինքնաբերաբար, այն տեղափոխվեց  2014/15 համերգաշրջան: Նման ընթացքից, անկեղծ ասած, ոգևորվեցի այն առումով, որ կարող էի համերգը նվիրել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին. արդեն ունեի խթան: Խոսեցի տնօրենիս՝ պարոն Պետեր Թայլերի հետ, ներկայացրեցի ամբողջ ծրագիրը, նա հավանություն տվեց և վերջապես, օրվա հետ կապված որոշակի դժվարություններից հետո, ընտրվեց ու հաստատվեց 2015 թվականի ապրիլի 18-ը:

– Ինչո՞ւ « Տուն արի»:

– «Տուն արի»-ն պարզապես խորագիր չէ կամ կոչ՝ ուղղված աշխարհասփյուռ հայերին տուն վերադառնալու: Այն առհասարակ կանչ-հորդոր է՝ վերադարձ դեպի արմատները, վերադարձ դեպի ինքնաճանաչելիության գիտակցության, դեպի մեր ազգային արժեքները, վերադարձ դեպի մեր մեծ մշակութը, դեպի մեր էթնոսը:

Ես ի սկզբանե մտածել էի ինչ-որ մի օր, ինչ-որ կերպ օտարին ծանոթացնել մեր մշակույթի հետ, կցել, կամուրջներ ստեղծել, երազում էի անգամ ծանոթացնել մեր ավանդական հայկական խոհանոցին՝ հատկապես նյուրնբերգյան իմ հանդիսատեսին, ովքեր համակրում և շատ ջերմ են ընդունում ինձ, ովքեր մշտապես հարցուփորձ են անում Հայաստանի, հայկական մշակույթի, հայկական ճաշատեսակների մասին: Նամանավանդ  որ ներկայացնելու շատ բան ունենք ու  պարզ ճակատով կարող ենք կանգնել շատ ու շատ մշակույթների կողքին և դեռ ավելին:

Այսպիսով, պետք էր համապատասխան մի խորագիր ընտրել: Սկսեցի փնտրտուքս մեր պատմության էջերում, գրականության մեջ, Հայաստանի մասին տարբեր նկարագրություններում, սակայն ոչ մեկը համոզիչ չէր ինձ համար: Ինձ հանդիպող բացատրություններում չէի գտնում կապը երեկոյի հետ, ինչը ամենալավը կբնորոշեր Հայոց իրականությունը, հային և նաև հասանելի կլիներ օտարին՝ մեզ ներկայացնելու, մեզ ընկալելու առումով: Մի խոսքով՝ պայքարում էի ինքս ինձ հետ, մինչև հերթական միջոցառումներից հետո հերթական անգամ հանդիսատեսի կողմից խոսվեց Կոմիտաս Վարդապետի գործերը ձայնագրելու առաջարկի մասին:

Հանդիսատեսի հորդորներն ու զարմանքը, որ իմ կատարմամբ դեռևս Կոմիտասի խտասկավառակ  չունեմ,  ստիպեցին լուրջ վերաբերվել այդ ցանկություններին: Սկսեցի մտածել սկավառակում ներգրավելիք համարների մասին, թերթել Կոմիտասի հատորները, մոտավորապես կազմեցի երգերի ցանկը, մտովի սկսեցի պատկերել ձայանասկավառակի դիզայնը, գիտեի արդեն այն ինչ տեսք պետք է ունենա, սակայն  խորագրի պահով էլի անորոշության մեջ էի: Մի բան հստակ էր, որ պետք է լինի Կոմիտասի ժողովածուում տեղ գտած երգերից մեկի անվանումը՝  այնպիսի մի խորագիր, որը թե՛ հային, թե՛ օտարին կստիպի լսել: Իսկ լսելուց հետո, հուսով եմ, շարժառիթ կհանդիսանա մեկնելու և տեսնելու Հայաստանը, հայրենիքը:

Չէ՞ որ մենք դեռ ունենք հայրենակիցներ, ովքեր փափագում են  դա, սակայն մինչ այսօր չեն եղել Հայաստանում և հաղորդակցվում կամ բացը լրացնում են ձայնագրություններով, լուսանկարներով: Չէ՞ որ բոլորը չեն, որ հայրենիքի հետ կապ պահելու խոչընդոտներ չունեն, անգամ կան հայեր, ովքեր վաղուց հայերեն չեն խոսում և չեն էլ գիտակցում գենետիկ կոդը պահելու կարևորության մասին: Միգուցե դրդապատճառներն ունեն, բայց ինձ համար դա արյունը փոխելու պես մի բան է, հորն ու մորն ուրանալ է. ինչպես ասել է Գարեգին Նժդեհը. «Ավելի լավ է հայ մարդը համր լինի, քան օտարախոս»:

Եվ վերջապես Կոմիտաս  Վարդապետի մասին տեղեկություններում  գտա իմ որոնած ու պատկերացրած «խորագիրը» հետևյալ տողերում,  որին անդրադարձել են ժամանակի շատ ու շատ հայտնիներ՝

…Արդյո՞ք կարող էր քո սուրբ,

Բեկված հոգին երազել,

Որ դառնալու ես մի օր

Քո հայրենիքը վսեմ,

Դարձած մոխիր կենսաբեր…( Եղիշե Չարենցի )

…Կոմիտաս, ինչպես սիրածից, քո երգից ես չեմ կշտանում,

Թվում է՝ իմ Արագածի հեռավոր հովերն են գալիս,

Թվում է՝ դեռ պանդուխտ եմ ես ու երգդ ինձ Տուն է տանում,

Ու դեմից Սևանն է կանչում, կարոտած իմ յարն է լալիս…( Պարույր Սևակ )

…Այս երգը կապրի հավետ անթառամ,

Կհասնի ամեն մարդու ականջին,

 Ծիծեռնակները երամ առ երամ,

Տուն կգան նորից նրա ջերմ կանչին…(Վիկտոր Կոչևսկի):

Այս շարքը կարելի է շատ թվարկել:

Մտածել էի  անգամ « Անտունի»-ի մասին,  բայց օտար  հողում,  առանց այն էլ այսքան  «անտունիների»  առկայությունը  ևս մեկ անգամ մատնանշել չցանկացա և հենց կոմիտասյան «Տուն արին»  մխրճվեց սիրտս և գրավեց ուշադրությունս՝ դառնալով համերգիս խորագիրը:

– Հրաչուհի´, ո՟րն է ծրագրի նպատակը: Մենահամերգին ինչպիսի՟ երգացանկ է լինելու: Եվ վերջապես. տարազների ցուցադրությունն ի՟նչ խորհուրդ է իր մեջ պարունակում:

– Հիմնական նպատակը  Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին  օտարին քրիստոնեությունն առաջինը ընդունած ազգի հանդեպ  իրականացրած մարդկային սարսափելի ոճրագործությունների մասին իրազեկելն է, ցավին  մասնակից դարձնելը, ուշադրության արժանացնելը: Հատկապես Գերմանիայում, որը անմիջական մասնակցություն է ունեցել 1915-ի դեպքերին: Կարծում եմ՝ Գերմանիան պետք է  ակտիվ  և կարեկից լինի նմանատիպ բոլոր միջոցառումների հարցում. ինչպես ասում են՝  նա,  ով անցյալի հետ չի կարող առերեսվել, ապագա չունի: Սա, իհարկե, ավելի ճիշտ է  վերագրել  բոլոր այն ազգերին, ովքեր գողացել  և դեռ գողանում են մեզանից մեր մշակույթը:

Կարևորում եմ Գերմանիայի դերը այս դեպքերին նաև այն առումով, որ լուռ վկան լինելուց բացի, Թուրքիայի  դաշնակից-մեղսակիցն է Հայոց ցեղասպանության հարցում:

Հաջորդ կարևոր նպատակը, իհարկե, ամբողջ աշխարհին ցույց տալ, որ անգամ Հայոց ցեղասպանությունից 100 տարի անց հայկական դասական երաժշտությունը, մեր բազմադարյա մշակույթը, մեր պատմական Հայաստանի ավանդական տարազները, ինչպես նաև հայկական խոհանոցը ո´չ միայն արդիական են, ո´չ միայն չեն վերացել, դարձել թանգարանային նմուշ կամ մնացել պատմության էջերում, այլ շարունակում են ծաղկունք ապրել, հետաքրքրել, ցուցադրվել և գտնում են իրենց  արտահայտչական ձևերը բազմաթիվ այլ բնագավառներում: Տարազները մեր պատմությունն են, կենդանի վկաները, որ անընդհատ մոխիրներից վեր են հառնում ու լայն տարածում գտնում ամենուր: Մեր տարազների մեջ մի ամբողջ ազգի կյանքն է, ազգի պատմությունը, ազգի  հոգին:

Երեկոյի ընթացքում ցուցադրվելու են  հայ նկարչուհի, ազգագրագետՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ  Լուսիկ Ագուլեցու ավանդական տարազների հավաքածուն և վրձնի գործերից, ինչպես նաև Սփյուռքի «Հայրենիք» մշակութային հասարակական կազմակերպության տարազների հավաքածուն: Այն ներկայացնելու է Հայաստանի և պատմական Հայաստանի կարևորագույն  քաղաքների և գավառների տիպային և համալիր բովանդակությամբ հագուստները, որոնք լիարժեք ներկայացնում են 17-20-րդ դարերի հայ մարդու պատմական տեսքն ու մշակույթը:

Տարազների ցուցադրությունը կիրականացվի նյուրնբերգաբնակ հայուհիների մասնակցությամբ: Երեկոյի սկզբում կցուցադրվի կարճամետրաժ ֆիլմ Ցեղասպանության և Կոմիտաս Վարդապետի մասին: Կհնչեն Կոմիտասի  գերմաներեն և հայերեն երգերը:

Ինչպես ասացի, կոմիտասյան երգերի ձայնասկավառակ թողարկելու միտքն ինձ հուշեց համերգի ծրագրում ներգրավել միայն Կոմիտաս Վարդապետի ստեղծագործությունները: Գիտեի Կոմիտասի գերմաներեն տեքստերով երգերի մասին: Դրանցից մի քանիսն ինձ տրամադրեց գերմանաբնակ  հռչակավոր դաշնակահար Վարդան Մամիկոնյանը, ով ի դեպ, «100 համերգ՝ նվիրված Հայոց ցեղասպանությանը» նախագծի հեղինակն է:

Ծրագրի մնացած երգերն օգնեց ձեռք բերել Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան  օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի երգչախմբի գլխավոր խմբավար Ռադիկ Մելիքյանը:

Շատ երախտապարտ եմ նրանց՝ աջակցության համար:

Համերգի վերջում հանդիսատեսը կհյուրասիրվի հայկական ավանդական ուտեստներով:

– «Հայկական շաբաթն» ինչպիսի՟ն է լինելու:

– Ծրագրված է թատրոնի  ճաշարանում մեկշաբաթյա «Հայկական  խոհանոց»,  որի հրավիրյալ և շատ սպասված վարպետ-խոհարարը լինելու է  «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ-ի փոխնախագահ, Արամ Փիրուզյանի անվան «Ազգային խոհանոցի երախտավոր» մեդալակիր, ինչպես նաև «Արվասար» ռեստորանի տնօրեն Ռուզաննա Նահապետյանը:  Նյուրնբերգի  թատրոնի աշխատակազմը  կծանոթանա  հայկական  ավանդական  ճաշատեսակներին,  հայկական գինիներին, հայկական կոլորիտին:

– Հրաչուհի´, զրույցի վերջում ի՟նչ կցանկանաք հավելել:

Օգտվելով առիթից՝ ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորին, ինչպես նաև իմ սիրելի ընկերներ՝ Ալինա Փահլևանյանին, Լիլիթ Եդիգարյանին, ովքեր պատրաստակամորեն արձագանքեցին նոտաների հետ կապված բոլոր խնդրանքներիս: Իրենց  շնորհիվ իրականացել և իրականանում են շատ համերգներ, ինչպիսիք են՝ 2011-ի  նյուրնբերգյան դասական բացօթյա համերգ-փառատոնը ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ, որում տեղ գտան Խաչատրյանի, Հարությունյանի, Դոլուխանյանի, Բաբաջանյանի ստեղծագործությունները: 2012-ին Բրյուսելում Եվրախորհրդարանում կայացած Բավարիա երկրամասի նյուրնբերգյան  ներկայացուցչության  ավանդույթ դարձած  «Ծննդյան տոների երեկոն», որտեղ  թվով  400 հյուրեր կարողացան ունկնդրել հայկական  երգեր և զգալ դրանց մոգականությունը:

Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգների շրջանակներում՝ ապրիլի  23-ին և 26-ին Յենայի Ֆիլհարմոնիկ նվագախմբի  մասնակցությամբ և  Ինգոլշթադթի Վրացական կամերային նվագախմբի գլխավոր դիրիժոր  Ռուբեն Ղազարյանի ղեկավարությամբ կհնչեն Կոմիտասի ստեղծագործությունները՝ փոխադրված ձայնի և նվագախմբի համար:

Համերգի իրականացման հարցում մեծ աջակցություն է ցուցաբերում  Գերմանիայում ՀՀ Դեսպանությունը՝ Աշոտ Սմբատյանի  գլխավորությամբ,  ՀՀ մշակույթի նախարարությունը,  Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող Գերմանիայի հանձնախումբը, Հայ ակադեմիականների միության նախագահ Ազատ Օրդուխանյանը  և  Նյուրնբերգի հայ համայնքը, ինչպես նաև անհատներ, ովքեր կամավոր կերպով իրենց օգնությունն են առաջարկել միջոցառման իրականացման հարցում, որի համար հայտնում եմ իմ խորին երախտագիտությունը:

Անգնահատելի եմ համարում նաև ամուսնուս՝ Գոռ Հարությունյանի ահռելի աշխատանքը, առանց նրա օգնության և աջակցության ես ոչինչ անել չէի կարող:

Իսկ խոսքս ուզում եմ ավարտել Կոմիտասին նվիրված խոսքերով.

…Դու մեր հին վշտերի մորմոք, մեր սիրո ծիրանի դու ծով,

Կոմիտաս, թե մթին հեռվում հալվի էլ Մասիսն իմ անհետ,

Դու նորից Մասիս կմնաս մեր երգի նուրբ շշնջոցով,

Աշխարհի ծովերը մտած դու Հայոց Մայր մրմունջի գետ…(Հովհաննես Շիրազ)

«Հայ ժողովուրդը կոմիտասյան երգի մեջ գտավ, ճանաչեց իր հոգին, իր հոգեկան ինքնությունը։ Կոմիտաս Վարդապետը սկիզբ է, որ վախճան չունի։ Նա պիտի ապրի հայ ժողովրդով, հայ ժողովուրդը պիտի ապրի նրանով, ինչպես այսօր, այնպես էլ հավիտյան» (Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Ա.):

Զրուցեց Լուսինե Աբրահամյանը

Լուսանկարները՝ Մարաշլյան ռետրո ֆոտո ատելիեի

Հրաչուհի Բասենց Հրաչուհի Բասենց1

Scroll Up