Արգենտինայում Հայոց ցեղասպանությանը նվիրված թանգարան կկառուցվի

Բուենոս Այրես քաղաքի քաղաքապետարանը հավանության է արժանացրել Արգենտինայի մայրաքաղաքում Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին նվիրված թանգարանի կառուցմանը: «Հայերն այսօր»-ի փոխանցմամբ, այս մասին հաղորդում է «Ասպարեզ»-ը` հղում կատարելով Estacao Armenia-ին:
Անցյալ շաբաթ քաղաքապետարանը 54 կողմ, 2 դեմ ձայների հարաբերակցությամբ վավերացրել է նախագիծը, որը Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված հիմնադրամին հնարավորություն կտա սկսել թանգարանի կառուցման աշխատանքները, որը կկոչվի «Հայոց հիշողության, պատմության և մշակույթի թանգարան»:
Թանգարանը նախատեսվում է կառուցել Գուռուչագա փողոցում` Պալերմո արվարձանում գտնվող հայկական համայնքի կենտրոնի հենց սրտում։
Թանգարանի կառուցման համար քաղաքապետարանը հիմնադրամին 30 տարի ժամանակ է հատկացրել, որը կարող է երկարաձգվել:
Թանգարանին կից կստեղծվի նաև Հայոց ցեղասպանությանը նվիրված գրադարան և արխիվ։
Կայքը հավելում է, որ Արգենտինան Հայոց ցեղասպանությունը ճանաչած առաջին երկրներից է։ 1987թ․-ին երկրի նախագահ Ռաուլ Ալֆոնսինը Օսմանյան Թուրքիայի կողմից 1915-1923 թվականներին 1,5 մլն. հայերի կոտորածը ցեղասպանություն է որակել (իսկ 1995 թվականին Արգենտինայի պետությունը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը- Հ.Ա):
2007 թվականից Արգենտինայում ապրիլի 24-ը հռչակվել է Մարդկանց միջև հանդուրժողականության և հարգանքի օր՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության։