Ամերիկյան պարբերականը Հայոց ցեղասպանությունը ներառել է պատմության 4 ամենասարսափելի ցեղասպանությունների շարքում
Ամերիկյան Times Square Chronicles պարբերականն անդրադարձել է մարդկության պատմության չորս ամենասարսափելի ցեղասպանություններին, որոնց շարքում է ներառել նաև 1915թ. Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը:
Անդրադարձի՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ մասում Times Square Chronicles-ը գրում է, որ 1,5 մլն մարդու կյանք խլած ցեղասպանությունը պաշտոնապես համարվում է մարդկության պատմության առաջին ժամանակակից ցեղասպանությունը:
«Այս սարսափի հետևանքով զոհերի թիվը կարող էր ավելի քիչ լինել, սակայն այդ 1,5 մլն-ը հայկական բնակչության 50%-ն էր կազմում: Զանգվածային բնաջնջման սկզբնական թիրախն էին առողջ տղամարդիկ, ինչի հետևանքով գրեթե անհնար դարձավ վերականգնել բնակչությունը: Թուրքիան առ այսօր հրաժարվում է այդ հանցանքները որպես ցեղասպանություն ճանաչելուց»,-գրում է աղբյուրը:
Ընդհանուր առմամբ, Times Square Chronicles-ի առանձնացրած 4 ամենասարսափելի ցեղասպանությունների շարքում է հրեաների Հոլոքոստը (1941-1945թթ., ավելի քան 6 մլն զոհ), Ուկրաինայի, Կուբանի և Ղազախստանի տարածքում տեղի ունեցած Գոլոդոմորը (1932-1933թթ., ավելի քան 10 մլն մարդ), Կամբոջայի ցեղասպանությունը (1975-1979թթ., ավելի քան 3 մլն զոհ):