Բիզնես աջակցություն հայրենադարձներին

Որպեսզի հայրենիք ժամանած հայրենադարձները կարողանան գործարարությամբ զբաղվել Հայաստանում եւ գրագետ օգտագործել իրենց բիզնես հմտությունները, նրանց մասնագիտական խորհրդատվություն եւ աջակցություն է հարկավոր։ Փոքր եւ միջին ձեռնարկություններին ՏՏ խորհրդատվություն տրամադրող «ԴեյթաՔոմ» ընկերությունը օրեր առաջ մեկնարկել է նոր կորպորատիվ ծրագիր, որի նպատակն է ՏՏ աջակցություն ցուցաբերել Հայաստան վերադարձած բոլոր գործարարներին։
Այն պարագայում, երբ ցանկացած բիզնես նախագծի հիմքում ՏՏ ոլորտն ու թվային լուծումներն են, ծրագրի հեղինակները անհրաժեշտ են համարում նրանց մասնագիտական գործունեության խրախուսումն ու ՏՏ գրագետ լուծումներ առաջարկելը։
Տեխնոլոգիաների զարգացման ներկա իրավիճակում աշխարհն ունի բազմաթիվ մարտահրավերներ, որոնց լուծումն անհնար է պատկերացնել առանց կիբեռանվտանգության, տեղեկատվական անվտանգության խնդիրների լուծման։ Եվ որքան հաջողվի արդյունավետ լինել այս դաշտում, այնքան ավելի արագ հնարավոր կլինի ապահովել տեխնոլոգիաների մուտքն առօրյա կյանք։
Տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրումը նորարարական գործողություն է այն իմաստով, որ էապես փոխում է կազմակերպություններում իրականացվող տարաբնույթ գործունեության ողջ բովանդակությունը։ Գործարարության զարգացման հիմնախնդիրները, որոնց բախվում են հայրենադարձները, հիմնականում կազմակերպատնտեսական են։
Նոր կորպորատիվ ծրագրի նպատակը, ըստ հեղինակ, «ԴեյթաՔոմ» ընկերության տնօրեն Վահագն Նավասարդյանի, գրագետ ՏՏ լուծումների շնորհիվ Հայաստանում սեփական գործը հիմնող նորեկ գործարարների բիզնես նախագծերի խրախուսումն է, նրանց մեկնարկային ֆինանսական ծանրաբեռնվածության թեթեւացումը եւ բիզնես մրցակցային ադապտացիոն շրջանին արագ անցումը։
Ընկերությունը պատրաստակամություն է հայտնել տրամադրել անվճար մասնագիտական խորհրդատվություն եւ տեխնիկական աջակցություն, իրականացնել ցանցային/համակարգչային ենթակառուցվածքի ամբողջական ինտեգրացիա, կատարել անվճար բաժանորդագրային տեխնիկական սպասարկում, պատրաստել անվճար տիպային այցեքարտ-կայքեր եւ այլն։
Ծրագրից կարող են օգտվել ինչպես փոքր եւ միջին ձեռնարկատիրական ընկերությունները, այնպես էլ անհատ ձեռներեցները։ Ծրագիրը գործում է Հայաստանի եւ Արցախի բոլոր մարզերում։ Դիմում հայտերի ընդունման մեկնարկն արդեն տրվել է։
Վ. Նավասարդյանի վստահեցմամբ, 2019–ից սույն ծրագիրը կգործի նաեւ հայկական ստարտափների համար։
Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ
Հայաստանի Հանրապետություն
Scroll Up