Մխիթար Հայրապետյանի հարցազրույցը Մոնակոյի La Principauté ամսագրին

«Հայերն այսօր»-ը ներկայացնում է ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանի հարցազրույցը Մոնակոյի La Principauté  (https://www.laprincipaute.net/) ամսագրին:

Հարց- Որո՞նք են Ձեր նպատակները՝ կապված սփյուռքի հետ և ի՞նչ կարող է սփյուռքը տալ Հայաստանին:

Շնորհակալ եմ հարցի համար, սակայն ես այն մի փոքր այլ կերպ կձևակերպեի՝ ի՞նչ կարող է սփյուռքը տալ Հայաստանին, և ի՞նչ կարող է Հայաստանը տալ սփյուռքին: Ահա սա է Հայաստան-սփյուռք գործակցության այսօրվա առանցքը և մեր հիմնական նպատակը՝ ուժեղ Հայաստան ուժեղ սփյուռքով և ուժեղ սփյուռք ուժեղ Հայաստանով: Հայաստան-սփյուռք կապերում թավշյա հեղափոխությունից հետո առկա են նոր օրակարգ, նոր մոտեցումներ, համագործակցության նոր սկզբունքեր: Հեղափոխությունից հետո առաջին բանը, որ մենք հստակորեն ամրագրեցինք, հետևյալն էր. այսուհետ Հայաստան պետությունը ևս պիտի կանգնի սփյուռքի թիկունքին, և տասնամյակներ շարունակ սփյուռքը որպես բանկոմատ դիտարկելու, միակողմանի պահանջներ ներկայացնելու գործելակերպը պետք է արմատապես փոխվի: Մեր նպատակն է Հայաստանը դարձնել սփյուռքակենտրոն, իսկ սփյուռքը՝ հայաստանակենտրոն:

Հարց-Դու կապ հստատե՞լ եք Մոնակոյի հայ համայնքի հետ: Եթե այո, ապա ո՞ւ հետ: Ճանաչո՞ւմ եք արդյոք Մոնակոյում բնակվող ջերեջյան ընտանիքին, կամ վիրաբույժ, հայազգի պրոֆեսոր Արմանդ Էկերին, ում նախաձեռնությամբ 2015 թվականին հիմնադրվել է «Մոնակոյի սիրտը հայ մանուկների համար» բարեգործական կազմակերպությունը, որի պատվո նախագահն է Մոնակոյի արքայազն Ալբերտ II-ը, իսկ պատվավոր հովանավորը՝ ծագումով հայ երգչուհի Հելեն Սեգարան:

Առայժմ, առիթ չեմ ունեցել այցելելու Մոնակոյի հայ համայնք:  Լինելով Սփյուռքի նախարար, բնականաբար, տեղյակ եմ Մոնակոյի հայ համայնքի մասին:  Արմանդ Էկերի գործունեության և Ջերեջյան ընտանիքի մասին նույնպես տեղյակ եմ: Մի քանի տարի առաջ Արմանդ Էկերը մասնակցել է նաև սփյուռքի նախարարության և «Ակցիա առողջություն Հայաստան-Ֆրանսիա» կազմակերպության կողմից համատեղ անցկացված Սրտաբանության եվրակովկասյան համաժողովին, որը մենք անց ենք կացնում երկու տարին մեկ անգամ Հայաստանում: Հուսով եմ, որ ապագայում հնարավորություններ կունենամ հանդիպելու Մոնակոյում բնակվող մեր հայրենակիցների հետ նույնպես, և միասին կփորձենք հնարվորինս ակտիվացնել մեր միջև կապերն ու գործկացությունը: Այս առիթն օգտագործելով՝ ուզում եմ խորին շնորհակալությունս հայտնել Արմանդ Էկերին, Հելեն Սեգարային և բոլոր նրանց, որոնք իրենց կարևոր ներդրումն են բերում Հայաստան-սփյուռք գործակցության զարգացմանը:

Հարց- Տեղյակ ենք, որ Դուք սեպտեմբերի 21-ն անցկացրել եք Սիրիայում՝ սփյուռքի հետ: Դա շատ խորհրդանշական է: Օգնության ի՞նչ քայլեր եք ձեռնարկում Սիրիայում ապրող և Հայաստան տեղափոխված սիրիահայերին օժանդակելու համար:

Սիրիայում հայկական համայնքի (թե՛ պատերազմի տարիներին, թե՛ ներկայումս համայնքում ապրող), ինչպես նաև նախորդ տարիներին Հայաստան տեղափոխված սիրիահայերի մոտ առկա հիմնախնդիրները մշտապես գտնվել են ՀՀ կառավարության, և մասնավորի՝ սփյուռքի նախարարության ուշադրության կենտրոնում: Նախարարությունն ամենօրյա կապի մեջ է Դամասկոսում ՀՀ դեսպանության, Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսության, Սիրիայում Հայ ազգային իշխանությունների, սիրիահայության շտապ օգնության և վերականգնումի մարմնի ներկայացուցիչների հետ՝ երկրում և համայնքում տիրող իրավիճակին, մեր հայրենակիցների կարիքներին ծանոթանալու և ըստ անհրաժեշտության` քայլեր ձեռնարկելու: Նախորդ տարիներին Սիրիայից Հայաստան տեղափոխվելու որոշում կայացրած սիրիահայերի մի մասը Հայաստան է տեղափոխվել անձնական միջոցներով, իսկ մյուսները՝ համահայկական, հասարակական, բարեգործական կազմակերպությունների, ինչպես նաև անհատ բարերարների աջակցությամբ:

Սփյուռքի նախարարությունում առկա տեղեկատվության համաձայն՝ սիրիական հակամարտության հետևանքով 2011թ.-ից ի վեր ՀՀ է տեղափոխվել շուրջ 25.000 սիրիահայ: 2012-2018թթ. ընթացքում սփյուռքի նախարարության կողմից ՀՀ պետական մարմինների, հայաստանյան կառույցների, համահայկական, բարեգործական, միջազգային և հասարակական կազմակերպությունների փոխգործակցությամբ իրականացվել են սիրիական հակամարտության հետևանքով Հայաստան տեղափոխված սիրիահայերի աջակցության և ինտեգրման տարբեր ծրագրեր և միջոցառումներ (ինչպես առանձին-առանձին, այնպես էլ համատեղ), լուծվել են նրանց համար կենսական նշանակություն ունեցող գրեթե բոլոր խնդիրները (փաստաթղթային և իրավական հարցերի դյուրացում, անվճար բուժօգնություն, ուսման վարձավճարների, բնակարանային վարձերի փոխհատուցում, արտոնյալ պայմաններով վարկերի տրամադրում, լեզվամշակութային ինտեգրում և կենսական նշանակության բազմաթիվ այլ խնդիրներ):

Scroll Up