Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հանդիպել է Գրենոբլի քաղաքապետ Էրիկ Պիոլին
Ֆրանսիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հանդիպել է Գրենոբլ քաղաքի քաղաքապետ Էրիկ Պիոլի հետ:
Զրույցի ընթացքում նախարարն ու քաղաքապետը կարևորել են Գրենոբլի տարբեր ոլորտների զարգացման գործում հայերի ակտիվ մասնակցությունը: Քննարկվել են Սևան և Գրենոբլ քույր քաղաքների համագործակցությանը վերաբերող հարցեր, մասնավորապես՝ տուրիզմի, և էկոլոգիայի ոլորտներին առնչվող:
Նախարար Հրանուշ Հակոբյանը շնորհակալություն է հայտնել քաղաքապետ Պիոլին հայ համայնքին, հայկական մշակույթի տան գործունեությանն աջակցելու համար: Էրիկ Պիոլին նշել է, որ հայերը սիրված են իր և գրենոբլցիների կողմից:
Նախարարը Գրենոբլի քաղաքապետի հետ քննարկել է նաև Երևանի հիմնադրման 2800-ամյակին, Ֆրանկոֆոնիայի կազմակերպության գագաթնաժողովին քաղաքապետի մասնակցությանը վերաբերող հարցեր: