Դասախոսություն՝ «Ֆրանսիացի հայագետների կապը Մխիթարյան միաբանության հետ՝ սկսած 1700 թվականներից» թեմայով
Հոկտեմբերի 17-ին սփյուռքի նախարարության և Նարեկացի արվեստի միության աջակցությամբ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ «Ֆրանսիացի հայագետների կապը Մխիթարյան միաբանության հետ՝ սկսած 1700 թվականներից» թեմայով դասախոսություն: Բանախոսը Մխիթարյան միաբանության անդամ, Սևրի Սամուել Մուրադյան վարժարանի և մշակութային կենտրոնի տնօրեն Հարություն վարդապետ Պզտիկյանն էր:
«Դեռևս Լյուդովիկոս 14-րդը փնտրում էր խելացի մտավորականների և իր հպատակներին ուղարկում է հայկական եկեղեցիներ` իր մոտ բերելու հայ վանականերին. այս մասին են վկայում 600 ձեռագրեր, որոնք պահպանվում են արխիվներում»- իր խոսքում նշեց վարդապետը:
Բանախոսը պատմեց, որ ֆրանսիացի հայագետները ամիսներ, երբեմն տարիներ էին անցկացնում Մխիթարյան միաբանությունում, նրանք գիտեին հայերենի արժեքը և գնահատում էին ձեռագրերի բովանդակության հարստությունը, քանի որ դրանցում կար գրականություն, որը վաղուց կորել էր Եվրոպայում, այնինչ 5-րդ, 7-րդ, 9-րդ դարերում թարգմանվել էր հայերեն:
«Մենք նրանցից ոչինչ չունեինք սովորելու, բայց, դրա փոխարեն, մենք նրանց հնարավորություն ընձեռեցինք թարգմանել մեր ձեռագրերի բովանդակությունը: Հայագետները տեսան, որ միաբանությունում կան գրքեր, որոնց ոչ լատիներնն է պահպանվել, ոչ հունարենը: Դրանք թարգմանելու համար շատերը սկսեցին հայերեն սովորել, զարգացնել այդ լեզուն, և այն շատ կարևորվեց: Վիկտոր Լանգլուան ասում էր, որ հայ գրականությունն արևելքի ամենահարուստ գրականություններից մեկն է: Այդ գիտակցությունը տարածվեց Գերմանիայում, Իտալիայում և հայագետները շատացան»,-շեշտեց Հարություն վարդապետ Պզտիկյանը:
Նա փաստեց, որ միաբանությունում առկա ձեռագրերում դեռ շատ նյութեր կան, որոնք ենթակա են ուսումնասիրության և հայագիտության նկատմամբ հետաքրքրությունը մինչ օրս հատկապես մեծ է ֆրանսիացիների կողմից:
Նշենք, որ Հարություն Պզտիկյանը նաև նկարում է: Նա հանդիսանում է նաև ՀՀ նկարիչների և Գրողների միության անդամ: