«Կրակին մէջէն» մինչև մեր օրերը
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2013/04/vQ4tPBX72f5sRWGUIyl7gVbTID.jpg)
Մայիսի 14-ին «Թեքեյան» մշակութային միությունում, «Ժամանակ» օրաթերթի 100 –ամյա հոբելյանի առթիվ, տեղի ունեցավ օրաթերթի հիմնադիր Միսաք Գոչունյանի (Քասիմ) «Կրակին մէջէն» վեպի շնորհանդեսը:
Մի շարք վեպերի, պատմվածքների հեղինակ է: «Կրակին մէջէն» վեպը գրվել և որպես թերթոն հրատարակվել է «Ժամանակ» օրաթերթում` սկսած թերթի հրատարակության առաջին օրից`1908թ-ի հոկտեմբերի 28-ից մինչև 1909թ-ի մարտի 16-ը: Հարյուր տարի անց, «Ժամանակ» օրաթերթի հոբելյանի կապակցությամբ, իրականություն դարձավ վեպի անդրանիկ հրատարակությունը:
Գիրքը հրատարակման է պատրաստել «Ժամանակ» օրաթերթի խմբագիր, բանասիրական գիտությունների թեկնածու Սևան Դերմենջյանը: Մեզ հետ զրույցի ժամանակ հրատարակիչը ցավով արձանագրեց, որ Միսաք Գոչունյանը այնքան էլ ծանոթ չէ հայրենի ընթերցողներին: «Կրակին մէջէն» վեպը պոլսահայ իրականության կարևոր իրադարձություններն է նկարագրում: Բանկ Օտոմանի գրավման ու 1896թ-ի պոլսահայության կոտորածի վերաբերյալ գրված առաջին գեղարվեստական երկն է: Գոչունյանի գործը, նրա ավանդույթներն այսօր նրա ժառանգներն են շարունակում, հատկապես «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանը, ով Միսաք Գոչունյանի եղբոր ծոռն է:
Սևան Դերմենջյանը ափսոսանք հայտնեց, որ այսօր Ստամբուլում նվազել է հայերենով հրատարակվող գրքերի թիվը: Այդուհանդերձ կա ընթերցասեր մի խավ, հիմնականում մտավորականներ, ովքեր պահանջ ունեն հայերեն խոսքի, հայերեն գրքի:
Լուսինե Աբրահամյան