«Կրակին մէջէն» մինչեւ մեր օրերը

Մայիսի 14-ին «Թեքեյան» մշակութային միութիւնում, «Ժամանակ» օրաթերթի 100 –ամեայ յոբելեանի առթիւ, տեղի ունեցաւ օրաթերթի հիմնադիր Միսաք Գոչունեանի (Քասիմ)  «կրակին մէջէնէ վէպի շնորհանդէսը:

Մեծ հռչակ ու ժողովրդականութիւն վայելող գրող, հրապարակախօս, խմբագիր Միսաք Գոչունեանը ծնուել է 1863թ-ին Հալէպում: Գոչունեան գերդաստանն իր արմատներով Խոյ քաղաքից է: Սովորել է Կ’իւրինի ազգային եւ Այնթապի Կիլիկեան վարժարաններում: 1886թ-ին հաստատուել է Կ. Պոլսում: Աշխատակցել է  «Հայրենիք», «Նոր դար», «Արեւելեան մամուլ» պարբերականներին: 1891թ-ին դարձել է  «Մանզումէի էֆքեար»  հայատառ-թուրքերեն թերթի հրատարակիչ-խմբագիր, 1894 թ-ից աշխատել է «Սահաբ» թերթում: 1908թ-ի հոկտեմբերի 28-ին եղբօր` Սարգիս Գոչունեանի հետ հիմադրում է «Ժամանակ» օրաթերթը, որը շարունակում է հրատարակուել առ այսօր: Միսաք Գոչունեանը մահացել է 1913 թ-ի մայիսի 15-ին:

Մի շարք վէպերի, պատմուածքների հեղինակ է:  «Կրակին մէջէն» վէպը գրուել եւ որպէս թերթօն հրատարակուել է «Ժամանակ» օրաթերթում` սկսած թերթի հրատարակութեան առաջին օրից`1908թ-ի հոկտեմբերի 28-ից մինչեւ 1909թ-ի մարտի 16-ը: Հարիւր տարի անց, «Ժամանակ» օրաթերթի յոբելեանի կապակցութեամբ, իրականութիւն դարձաւ վէպի անդրանիկ հրատարակութիւնը:

Գիրքը հրատարակման է պատրաստել «Ժամանակ» օրաթերթի խմբագիր, բանասիրական գիտութիւնների թեկնածու Սեւան Դերմենջեանը: Մեզ հետ զրոյցի ժամանակ հրատարակիչը  ցաւով արձանագրեց, որ  Միսաք Գոչունեանը այնքան էլ ծանօթ չէ հայրենի ընթերցողներին: «Կրակին մէջէն» վէպը պոլսահայ իրականութեան կարեւոր իրադարձութիւններն է նկարագրում: Բանկ Օտոմանի գրաւման ու 1896թ-ի պոլսահայութեան կոտորածի վերաբերեալ գրուած առաջին գեղարուեստական երկն է:  Գոչունեանի գործը, նրա  աւանդոյթներն այսօր նրա ժառանգներն են շարունակում, յատկապէս «Ժամանակ» օրաթերթի գլխաւոր խմբագիր Արա Գոչունեանը, ով  Միսաք Գոչունեանի եղբօր ծոռն է:
Սեւան Դերմենջեանը ափսոսանք յայտնեց, որ այսօր Ստամբուլում նուազել է հայերէնով հրատարակուող գրքերի թիւը: Այդուհանդերձ կայ ընթերցասէր մի խաւ, հիմնականում մտաւորականներ, ովքեր պահանջ ունեն հայերէն խօսքի, հայերէն գրքի:

Լուսինէ Աբրահամեան

Scroll Up