Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին նշում է Սուրբ թարգմանչաց տոնը

Տեր վարդապետը նմանվեց Մովսեսին՝ Օրինաց գրքերը Հայաստան բերելով, որով լուսավորվեց Թորգոմի որդիների սերունդը:
(շարական)

Հայ ժողովուրդը իր բազմադարյա պատմության  բոլոր հատվածներում, գրի և դպրության  պաշտամունքի յուրահատուկ ծեսի զգացողությամբ, մի առանձին սիրով է պանծացրել հայ գրերը ստեղծող և թարգմանության գործի նվիրյալ իր զավակներին:Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տարվա մեջ երկու անգամ տոն է սահմանել նրանց հիշատակին: Առաջինը նվիրված է  սբ. Սահակ հայրապետին և սբ. Մեսրոպ Մաշտոցին և տոնվում է  Հոգեգալուստից հետո` 33-րդ օրը` հինգշաբթի: Ըստ ավանդության` այդ օրը Արաքս գետի ափին հանդիպել են  սբ. Սահակը և սբ. Մեսրոպը: Ամեն տարի այդ օրը մեծ տոնախմբություն է Օշականում, դպրության տոն, որը նաև  որպես կանոն, ուղեկցվում է  հավատացյալ ժողովրդի մեծ բազմությամբ Հայաստանի տարբեր ծայրերից դեպի Օշական` սբ.  Մեսրոպի գերեզման, ուխտագնացությամբ:

Սուրբ թարգմանչաց  2-րդ տոնը նշվում է հոկտեմբերի 3-ից  նոյեմբերի 7-ն  ընկած  ժամանակահատվածում:

4-րդ դարի  վերջին Հայաստանը բաժանվել էր երկու մասի. Արևմտյան մասը  Բյուզանդիայի  ենթակայության տակ էր,  իսկ արևելյան մասը` Պարսկաստանի, ուր Արշակունյաց  Վռամշապուհը թագավոր էր հաստատվել: Այս հատվածում  համեմատաբար տևական ժամանակ խաղաղություն տիրեց, և հայոց համար  այդ բարենպաստ պահին էլ տեղի ունեցավ մեր պատմության ամենաշրջադարձային իրադարձություններից մեկը` հայոց գրերի գյուտը:  Սբ. Սահակ կաթողիկոսը, սբ. Մեսրոպ Մաշտոց վարդապետը , Վռամշապուհ թագավորի աջակցությամբ, գտան  հայ ժողովրդի պահպանման ու ինքնուրույն զարգացման  հզոր ու  անհաղթելի զենքը.  Ստեղծվեց  հայոց այբուբենը, որով սկիզբը դրվեց հայ դպրության:

Սբ. Սահակը (348-438թթ., կաթողիկոս`387 թ.–ից ) սբ. Ներսես Մեծ հայրապետի որդին էր: Նա սբ. Գրիգոր  Լուսավորչի տոհմի վերջին արու շառավիղն էր: Նրա ջանքերով  Վռամշապուհ արքան  համակողմանի օժանդակություն  ցույց տվեց սբ.  Մաշտոցին հայ գրերի գյուտի  գործում, իսկ դրանց  ստեղծումից հետո` դպրոցներ հիմնելուն  և  կրթական գործի զարգացմանը: Սբ. Սահակ հայրապետը և  սբ.  Մաշտոցը դարձան հայ թարգմանական գրականության հիմնադիրները: Նրանց և նրանց աշակերտների  ջանքերով հունարենից  թարգմանվեց  Աստվածաշունչը  և… Աստված սկսեց խոսել հայերեն:

Սբ.  Մաշտռցը ծնվել է 362 թ. Տարոն գավառի Հացեկաց գյուղում:  Մաշտոցի կենսագիր  Կորյունի և մյուս պատմիչների  վկայությամբ` լավ կրթություն ստանալով Տարոնում` նա գնում է Վաղարշապատ և պաշտոնավարում արքունիքում որպես ատենադպիր, ապա դառնում զինվորական:  Չնայած պաշտոնի մեջ ունեցած մեծ  առաջադիմությանը` Մաշտոցը  թողնում է զինվորական ծառայությունը և դառնում կրոնավոր` իրեն  նվիրելով  Սուրբ Գրքի ուսումնասիրության ու քարոզության գործին:

Գողթն գավառում քարոզչության  ժամանակ Մաշտոցը բազում դժվարությունների հանդիպեց. Եկեղեցու պաշտամունքը կատարվում էր օտար լեզվով` հունարեն կամ ասորերեն, չկային  Աստվածաշնչի և եկեղեցական գրականության հայերեն օրինակներ: Չնայած այդ դժվարություններին` նա, համաձայն  Կորյունի վկայության, քրիստոնեական հավատքի է բերում  Գողթն գավառի  ժողովրդին: Սուրբը, սակայն, դրանով չի սահմանափակվում. Նա սկսում է  Քրիստոսի լույսը տարածել ամբողջ Հայաստան աշխարհում ու  նրա սահմաններից դուրս: Սակայն ժողովուրդը զրկված էր քրիստոնեական վարդապետությունը մայրենի լեզվով  լսելու և հասկանալու հնարավորությունից:  Ձուլման վտանգը սպառնում էր հայոց երկու  բաժանված հատվածներին էլ. արևմուտքում հելլենացման վտանգն էր, իսկ արևելյան մասում`պարսիկների հետ ձուլման սպառնալիքը:

Ըստ վարքագրի` Մաշտոցը  «այդպիսի տրտմական հոգսերով պաշարված ու թակարդապատված  և մտածմունքների ծփանքի մեջ էր ընկած, թե արդյոք ինչպիսի՞  ելք գտնի այդ  բաների համար»:   Եվ գտնվեց լուծումը…

Վերադառնալով Վաղարշապատ`  Մաշտոցը համոզվում է, որ կաթողիկոսն էլ նույն մտորումների մեջ է. ավելին` նրանց ծրագրին իր հավանությունն է տալիս  նաև թագավորը` Վռամշապուհը:

Լսելով Դանիելյան գրերի մասին` սբ. Մեսրոպն անմիջապես գտնում և փորձում է կիրառել  դրանք,  բայց ապարդյուն. այդ գրերը չէին կարող ամբողջությամբ արտահայտել հայերենի  առանձնահատկությունները:  Դանիելյան գրերի ձախողումով սուրբը դարձյալ ընկնում է իր նախկին  մտորումների մեջ, և երկու սուրբերը միասին սկսում են նոր ուղիներ որոնել:  Տեսնելով, որ Հայաստանում մնալով` չպիտի կարողանա իր  ծրագիրն իրագործել, Մաշտոցը որոշում է գնալ Ասորիք` իր մտադրությունն իրականացնելու համար:  Սուրբն իր աշակերտների հետ անցնում է Եդեսիա,  Սամոսատ և այլ վայրեր` հայերեն տառեր հորինելու համար:

Համաձայն  Խորենացու`  սուրբն «ապավինում է աղոթքին: Եվ տեսնում է  ո´չ երազ  քնի,  ո´չ տեսիլք արթնության մեջ, այլ սրտի գործարանում նրա հոգու աչքերին երևում է  Աջ ձեռք` քարի վրա գրելիս, այնպես, որ քարը գծերի հետքը պահում էր, ինչպես ձյան վրա: Եվ սա  ոչ միայն երևում է,  այլև բոլոր գրերի հանգամանքները սուրբի մտքում  հավաքվում են ինչպես մի ամանում:  Եվ աղոթքից վեր կենալով` ստեղծում է մեր նշանագրերը`  հունարենին քաջատեղյակ  Հռոփանոսի հետ  ձևակերպելով  իր պատրաստած  գրերը և հայերեն տառերը ճիշտ հանդիպեցնելով  հունարենի հնչյուններին:

Եվ իսկույն ձեռնարկեցին  Սբ.  Գրքի թարգմանության գործը` խորհրդավորաբար  սկսելով  «Առակներ» գրքից»:

«ՃԱՆԱՉԵԼ  ԶԻՄԱՍՏՈՒԹԻՒՆ  ԵՒ  ԶԽՐԱՏ,  ԻՄԱՆԱԼ  ԶԲԱՆՍ  ՀԱՆՃԱՐՈՅ» . ահա առաջին հայատառ նախադասությունը` գրված առաջին հայ  Ուսուցչի ձեռքով: Սա նաև  սուրբի առաջին գրավոր պատգամն է իր աշակերտներին. Իմաստությունը  Քրիստոսն է`  Բանն  Աստված, իսկ  հանճարի  խոսքերը`  Սուրբ  Գիրքը, որի խրատով մարդը քայլելու է  Ճշմարտության և  Հույսի  ճանապարհով`  քարոզելով այդ խոսքերը  բոլոր ազգերին:
Աստվածատուր գյուտից հետո  երանելի  սուրբն ուղևորվում է  Հայաստան:

Հայոց  Վռամշապուհ արքան և  սբ. Սահակ հայրապետը,  լսելով սբ.  Մեսրոպի  գալստյան լուրը, նախարարներով, իշխաններով և ժողովրդի մեծ բազմությամբ դիմավորելու են ելնում նրան  Վաղարշապատի մոտ: Ցնծում էր համայն հայությունը:

Մայրաքաղաքի  ծովոծավալ բազմության  ցնծագին երգերի, հոգևոր փառաբանությունների ներքո  սբ.  Մեսրոպն իր աշակերտների և  ուղեկիցների ընկերակցությամբ մուտք է գործում  Վաղարշապատ: Երանելի  սուրբի այս հաղթական մուտքը մեր  մատենագիրները  նմանեցրել են  Մովսես մարգարեի` Սինա լեռից իջնելուն, երբ նա  աստվածակերտ քարե տախտակների վրա  Տասնաբանյա  Օրենքը  բերեց:  Հայոց մեծ մարգարեն` երանելի  Մաշտոցը, տեսնելով այն ցնծությունն ու  ուրախությունը, որով ընդունվում էր  աստվածատուր պարգևը` հայոց տառերը,  առավել մեծ եռանդով է  շարունակում սկսած գործը` անցնելով  Աստվածաշնչի թարգմանությանը:

Վաղարշապատում փոքր- ինչ մնալուց հետո երանելի սուրբն իր աշակերտների հետ վերսկսում է քարոզչական գործունեությունը Հայաստանի մյուս գավառներում, նաև հարևան երկրներում` ամենուր հիմնելով հայալեզու դպրոցներ, հայերեն քարոզելով  Աստվածաշունչը:  Նա ստեղծում է երիտասարդների մի ամբողջ բանակ, ովքեր լծվելով գործի` թարգմանում են ժամանակի լավագույն գիտական, աստվածաբանական, մեկնողական գործերը` միաժամանակ ստեղծելով ինքնուրույն  երկեր:

Երանելի սուրբը մահանում է  438 թ. փետրվարի  17–ին`  սբ. Սահակ հայրապետի մահվանից  ընդամենը մի քանի ամիս անց:

Մաշտոցի վարքագիր  Կորյունը այսպես է նկարագրում սբ.  Մեսրոպի կյանքի  վերջին րոպեները.

«Երբ  Աստծո մարդը` սբ.  Մեսրոպը, զգաց, որ հասել է իր կանչվելու, իրեններից բաժանվելու  ու  Քրիստոսի  գնդին միանալու ժամը, բացեց իր հանապազատարած ձեռքերը դեպի երկինք, Աստծո շնորհին հանձնեց  բոլոր մնացողներին` օգնություն խնդրելով  Տիրոջից նրանց համար: … Սուրբն իր վերջին ողջույնը տալով իր մոտ հավաքվածներին`  Սերը և Միաբանությունը  իբրև անփոփոխելի կտակ ավանդեց նրանց  և  օրհնելով  մոտիկ և հեռու եղողներին`  իր հոգին ավանդեց  Փրկչի  ձեռքը » :

Պատրաստեց  Հայկ  ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ

Scroll Up