Սուրբ թարգմանիչներ Սահակ Պարթեւ եւ Մեսրոպ Մաշտոց

Տէր վարդապետը նմանուեց Մովսէսին` Օրինաց գրքերը Հայաստան բերելով, որով լուսաւորուեց Թորգոմի որդիների սերունդը:
(շարական)

Հայ ժողովուրդը իր բազմադարեայ պատմութեան  բոլոր հատուածներում , գրի եւ դպրութեան  պաշտամունքի իւրայատուկ ծէսի զգացողութեամբ, մի առանձին սիրով է պանծացրել հայ գրերը ստեղծող եւ թարգմանութեան գործի նուիրեալ իր զաւակներին:Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տարուայ մէջ երկու անգամ տօն է սահմանել նրանց յիշատակին: Առաջինը նուիրուած է  սբ. Սահակ հայրապետին եւ սբ. Մեսրոպ Մաշտոցին եւ տօնւում է  Հոգեգալուստից յետոյ` 33-րդ օրը` հինգշաբթի: Ըստ աւանդութեան` այդ օրը Արաքս գետի ափին հանդիպել են  սբ. Սահակը եւ սբ. Մեսրոպը: Ամէն տարի այդ օրը մեծ տօնախմբութիւն է Օշականում, դպրութեան տօն, որը նաեւ  որպէս կանոն, ուղեկցւում է  հաւատացեալ ժողովրդի մեծ բազմութեամբ Հայաստանի տարբեր ծայրերից դէպի Օշական` սբ.  Մեսրոպի գերեզման, ուխտագնացութեամբ:

Սուրբ թարգմանչաց  2-րդ տօնը նշւում է հոկտեմբերի 3-ից  նոյեմբերի 7-ն  ընկած  ժամանակահատուածում:

4-րդ դարի  վերջին Հայաստանը բաժանուել էր երկու մասի. Արեւմտեան մասը  Բիւզանդիայի  ենթակայութեան տակ էր,  իսկ արեւելեան մասը` Պարսկաստանի, ուր Արշակունեաց  Վռամշապուհը թագաւոր էր հաստատուել: Այս հատուածում  համեմատաբար տեւական ժամանակ խաղաղութիւն տիրեց, եւ հայոց համար  այդ բարենպաստ պահին էլ տեղի ունեցաւ մեր պատմութեան ամենաշրջադարձային իրադարձութիւններից մէկը` հայոց գրերի գիւտը:  Սբ. Սահակ կաթողիկոսը, սբ. Մեսրոպ Մաշտոց վարդապետը , Վռամշապուհ թագաւորի աջակցութեամբ, գտան  հայ ժողովրդի պահպանման ու ինքնուրոյն զարգացման  հզօր ու  անյաղթելի զէնքը.  Ստեղծուեց  հայոց այբուբենը, որով սկիզբը դրուեց հայ դպրութեան:

Սբ. Սահակը (348-438թթ. , կաթողիկոս`387 թ. – ից ) սբ. Ներսէս Մեծ հայրապետի որդին էր: Նա սբ. Գրիգոր  Լուսաւորչի տոհմի վերջին արու շառաւիղն էր: Նրա ջանքերով  Վռամշապուհ արքան  համակողմանի օժանդակութիւն  ցոյց տուեց սբ.  Մաշտոցին հայ գրերի գիւտի  գործում, իսկ դրանց  ստեղծումից յետոյ` դպրոցնէր հիմնելուն  եւ  կրթական գործի զարգացմանը: Սբ. Սահակ հայրապետը եւ  սբ.  Մաշտոցը դարձան հայ թարգմանական գրականութեան հիմնադիրները: Նրանց եւ նրանց աշակերտների  ջանքերով յունարէնից  թարգմանուեց  Աստուածաշունչը  եւ… Աստուած սկսեց խօսել հայերէն:

Սբ.  Մաշտռցը ծնուել է 362 թ. Տարօն գաւառի Հացեկաց գիւղում:  Մաշտոցի կենսագիր  Կորիւնի եւ միւս պատմիչների  վկայութեամբ` լաւ կրթութիւն ստանալով Տարօնում` նա գնում է Վաղարշապատ եւ պաշտօնավարում արքունիքում որպէս ատենադպիր, ապա դառնում զինուորական:  Չնայած պաշտօնի մէջ ունեցած մեծ  առաջադիմութեանը` Մաշտոցը  թողնում է զինուորական ծառայութիւնը եւ դառնում կրօնաւոր` իրեն  նուիրելով  Սուրբ Գրքի ուսումնասիրութեան ու քարոզութեան գործին:

Գողթն գաւառում քարոզչութեան  ժամանակ Մաշտոցը բազում դժուարութիւնների հանդիպեց. Եկեղեցու պաշտամունքը կատարւում էր օտար լեզուով` յունարէն կամ ասորերէն, չկային  Աստուածաշնչի եւ եկեղեցական գրականութեան հայերէն օրինակներ:  Չնայած այդ  դժուարութիւններին` նա, համաձայն  Կորիւնի վկայութեան, քրիստոնէական հաւատքի է բերում  Գողթն գաւառի  ժողովրդին: Սուրբը, սակայն, դրանով չի սահմանափակւում. Նա սկսում է  Քրիստոսի լոյսը տարածել ամբողջ Հայաստան աշխարհում ու  նրա սահմաններից դուրս: Սակայն ժողովուրդը զրկուած էր քրիստոնէական վարդապետութիւնը մայրենի լեզուով  լսելու եւ հասկանալու հնարաւորութիւնից:  Ձուլման վտանգը սպառնում էր հայոց երկու  բաժանուած հատուածներին էլ. արեւմուտքում հելլէնացման վտանգն էր, իսկ արեւելեան մասում`պարսիկների հետ ձուլման սպառնալիքը:

Ըստ վարքագրի` Մաշտոցը  «այդպիսի տրտմական հոգսերով պաշարուած ու թակարդապատուած  եւ մտածմունքների ծփանքի մէջ էր ընկած, թէ արդեօք ինչպիսի՞  ելք գտնի այդ  բաների համար»:   Եւ գտնուեց լուծումը…

Վերադառնալով Վաղարշապատ`  Մաշտոցը համոզւում է, որ կաթողիկոսն էլ նոյն մտորումների մէջ է. աւելին` նրանց ծրագրին իր հաւանութիւնն է տալիս  նաեւ թագաւորը` Վռամշապուհը:

Լսելով Դանիէլեան գրերի մասին` սբ. Մեսրոպն անմիջապէս գտնում եւ փորձում է կիրառել  դրանք,  բայց ապարդիւն. այդ գրերը չէին կարող ամբողջութեամբ արտայայտել հայերէնի  առանձնայատկութիւնները:  Դանիէլեան գրերի ձախողումով սուրբը դարձեալ ընկնում է իր նախկին  մտորումների մէջ, եւ երկու սուրբերը միասին սկսում են նոր ուղիներ որոնել:  Տեսնելով, որ Հայաստանում մնալով` չպիտի կարողանայ իր  ծրագիրն իրագործել, Մաշտոցը որոշում է գնալ Ասորիք` իր մտադրութիւնն իրականացնելու համար:  Սուրբն իր աշակերտների հետ անցնում է Եդեսիա,  Սամոսատ եւ այլ վայրեր` հայերէն տառեր յօրինելու համար:

Համաձայն  Խորենացու`  սուրբն «ապաւինում է աղօթքին: Եւ տեսնում է  ո´չ երազ  քնի,  ո´չ տեսիլք արթնութեան մէջ, այլ սրտի գործարանում նրա հոգու աչքերին երեւում է  Աջ ձեռք` քարի վրայ գրելիս, այնպէս, որ քարը գծերի հետքը պահում էր, ինչպէս ձեան վրայ: Եւ սա  ոչ միայն երեւում է,  այլեւ բոլոր գրերի հանգամանքները սուրբի մտքում  հաւաքւում են ինչպէս մի ամանում:  Եւ աղօթքից վեր կենալով` ստեղծում է մեր նշանագրերը`  յունարէնին քաջատեղեակ  Հռոփանոսի հետ  ձեւակերպելով  իր պատրաստած  գրերը եւ հայերէն տառերը ճիշտ հանդիպեցնելով  յունարէնի հնչիւններին:

Եւ իսկոյն ձեռնարկեցին  Սբ.  Գրքի թարգմանութեան գործը` խորհրդաւորաբար  սկսելով  «Առակներ» գրքից»:

«ՃԱՆԱՉԵԼ  ԶԻՄԱՍՏՈՒԹԻՒՆ  ԵՒ  ԶԽՐԱՏ  ,  ԻՄԱՆԱԼ  ԶԲԱՆՍ  ՀԱՆՃԱՐՈՅ» . ահա առաջին հայատառ նախադասութիւնը` գրուած առաջին հայ  Ուսուցչի ձեռքով: Սա նաեւ  սուրբի առաջին գրաւոր պատգամն է իր աշակերտներին. Իմաստութիւնը  Քրիստոսն է`  Բանն  Աստուած, իսկ  հանճարի  խօսքերը`  Սուրբ  Գիրքը, որի խրատով մարդը քայլելու է  Ճշմարտութեան եւ  Յոյսի  ճանապարհով`  քարոզելով այդ խօսքերը  բոլոր ազգերին:

Աստուածատուր գիւտից յետոյ  երանելի  սուրբն ուղեւորւում է  Հայաստան:

Հայոց  Վռամշապուհ արքան եւ  սբ. Սահակ հայրապետը,  լսելով սբ.  Մեսրոպի  գալստեան լուրը, նախարարներով, իշխաններով եւ ժողովրդի մեծ բազմութեամբ դիմաւորելու են ելնում նրան  Վաղարշապատի մօտ: Ցնծում էր համայն հայութիւնը:

Մայրաքաղաքի  ծովոծաւալ բազմութեան  ցնծագին երգերի, հոգեւոր փառաբանութիւնների ներքոյ  սբ.  Մեսրոպն իր աշակերտների եւ  ուղեկիցների ընկերակցութեամբ մուտք է գործում  Վաղարշապատ: Երանելի  սուրբի այս յաղթական մուտքը մեր  մատենագիրները  նմանեցրել են  Մովսէս մարգարէի` Սինա լեռից իջնելուն, երբ նա  աստուածակերտ քարէ տախտակների վրայ  Տասնաբանեայ  Օրէնքը  բերեց:  Հայոց մեծ մարգարէն` երանելի  Մաշտոցը, տեսնելով այն ցնծութիւնն ու  ուրախութիւնը, որով ընդունւում էր  աստուածատուր պարգեւը` հայոց տառերը,  առաւել մեծ եռանդով է  շարունակում սկսած գործը` անցնելով  Աստուածաշնչի թարգմանութեանը:

Վաղարշապատում փոքր- ինչ մնալուց յետոյ երանելի սուրբն իր աշակերտների հետ վերսկսում է քարոզչական գործունէութիւնը Հայաստանի միւս գաւառներում, նաեւ հարեւան երկրներում` ամէնուր հիմնելով հայալեզու դպրոցնէր, հայերէն քարոզելով  Աստուածաշունչը:  Նա ստեղծում է երիտասարդների մի ամբողջ բանակ, ովքեր լծուելով գործի` թարգմանում են ժամանակի լաւագոյն գիտական, աստուածաբանական, մեկնողական գործերը` միաժամանակ ստեղծելով ինքնուրոյն  երկեր:

Երանելի սուրբը մահանում է  438 թ. փետրուարի  17 – ին`  սբ. Սահակ հայրապետի մահուանից  ընդամէնը մի քանի ամիս անց:

Մաշտոցի վարքագիր  Կորիւնը այսպէս է նկարագրում սբ.  Մեսրոպի կեանքի  վերջին րոպէները.

«Երբ  Աստծոյ մարդը` սբ.  Մեսրոպը, զգաց, որ հասել է իր կանչուելու, իրեններից բաժանուելու  ու  Քրիստոսի  գնդին միանալու ժամը, բացեց իր հանապազատարած ձեռքերը դէպի երկինք, Աստծոյ շնորհին յանձնեց  բոլոր մնացողներին` օգնութիւն խնդրելով  Տիրոջից նրանց համար: … Սուրբն իր վերջին ողջոյնը տալով իր մօտ հաւաքուածներին`  Սէրը եւ Միաբանութիւնը  իբրեւ անփոփոխելի կտակ աւանդեց նրանց  եւ  օրհնելով  մօտիկ եւ հեռու եղողներին`  իր հոգին աւանդեց  Փրկչի  ձեռքը» :

Պատրաստեց  Հայկ  ԿԱՐԱՊԵՏԵԱՆԸ

Scroll Up