Հարգանքի տուրք նրանց, ովքեր ընկան՝ «արևն առած իրենց աչքերի մեջ». Մակրոնի գրառումը Ցեղասպանության թանգարանում

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր կնոջ՝ Բրիջիթ Մակրոնի հետ այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Ֆրանսիայի նախագահին ուղեկցում էր ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը, ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը, ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանը, Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը:

Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են հայտնում է թանգարան-ինստիտուտից, հյուրերին հուշահամալիրի կառուցման պատմությունը, հուշակոթողի խորհրդանշական իմաստը ներկայացրեց ՀՑԹԻ գործընկեր Արմեն Բաղդասարյանը: Էմանուել Մակրոնը ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին, ապա պատվիրակության անդամների հետ ծաղիկներ դրեց Անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեց Սուրբ նահատակների հիշատակը:

Պարվիրակության անդամները՝ նախագահ Մակրոնի գլխավորությամբ այցելեցին Հայոց ցեղասպանության թանգարան, ծանոթացան Մեծ եղեռնը հավաստող փաստաթղթերին, դիտեցին ցուցանմուշները, եղան նաև ժամանակավոր ցուցադրությունների սրահում, դիտեցին Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի XVII-րդ գագաթնաժողովի շրջանակներում երեկ բացված նոր երկու ցուցադրությունները՝ «Ապրելու կամքը և փրկելու առաքելությունը» և «Գրիգոր Ճօլօլեան. Փարիզի հայ լուսանկարիչը»:

Թանգարանում կատարած շրջայցից հետո Ֆրանսիայի նախագահը գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում, որտեղ մասնավորապես ասված է. «Ծանր ապրումներով ու հուզմունքով ենք այսօր այստեղ: Ֆրանսիայի անունից ես հարգանքի տուրք եմ մատուցում բոլոր նրանց, ովքեր ընկան՝ «արևն առած իրենց աչքերի մեջ», նրանք, ովքեր՝ «միայն ապրել էին ուզում»: Ֆրանսիան քողազերծել է ցեղասպանությունը դեռ 1915 թվականին մտավորականների կողմից: Եվ նա ընդունել է երեխաներին և ընտանիքներին, ովքեր փախչում էին ցեղասպանությունից, և ովքեր մեր ազգն ավելի պանծացրին:

Ֆրանսիան երբե´ք չի մոռանա և կպայքարի ճշմարտության ու ճանաչման համար:

Այս տխուր խոնարհումը: Նրանց համար, ովքեր ընկան: Մեր և գալիք սերունդների համար»:

ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանը Ֆրանսիայի նախագահին հանձնեց բարձրաստիճան հյուրերին տրվող ոսկե մեդալ և իր հեղինակած «Հայ ինքնության պատկերագրությունը. ցեղասպանության հիշողությունը և Ղարաբաղյան շարժումը», ինչպես նաև Հայկ Դեմոյանի «Հայոց ցեղասպանության լուսաբանումը համաշխարհային մամուլի առաջին էջերին» գրքերը:

Ֆրանսիայից ժամանած հյուրերը շրջեցին նաև Հիշողության պուրակում, որտեղ նախագահ Մակրոնը տնկեց արծաթափայլ եղևնի:

Scroll Up