Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի ուղերձը ապրիլի 24-ի առիթով
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2018/04/garegin-b-800x445.png)
Սիրելի Մեր զավակներ,
Վաղը հիշատակի օրն է Հայոց ցեղասպանության մեր սուրբ նահատակների: Ազգովի վերստին մեր խոնարհումը պիտի բերենք Հայոց ցեղասպանության սուրբ նահատակներին, ովքեր իրենց կյանքն ընծայեցին հանուն հավատքի և հայրենիքի:
Ապրիլի 24-ը յուրաքանչյուրիս համար սրբազան օր է, նվիրագործված օր, երբ Ծիծեռնակաբերդի բարձունքում, եկեղեցիներում և Հայոց ցեղասպանության հուշակոթողների առջև համազգային համախմբվածությամբ հարգանքի տուրք ենք մատուցում մեր սուրբ նահատակներին:
Սիրելի հայորդիներ, Մեր հորդորն ենք բերում ձեզ՝ մեր ժողովրդի համար նվիրական այս օրը լինել առավել սիրով ու համերաշխ, ամենուր միաբան ու միասիրտ աղոթք բարձրացնել և հայցել մեր սուրբ նահատակների բարեխոսությունը առ Աստված՝ առաջնորդելու մեր կյանքը խաղաղության, ապահովության և առաջընթացի ճանապարհներով:
Թող մեր Տեր Հիսուս Քրիստոսի սերը, ողորմությունն ու շնորհները լինեն մեզ բոլորիս հետ. ամեն: