Մեծ շուքով նշվեց Ռումինիայի Պիտեշտ քաղաքի Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցու ուխտի օրը

Սեպտեմբերի 23-ին Պիտեշտի հայոց եկեղեցին մարդաշատ էր: Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի օրհնությամբ և տեղի ծխական խորհրդի հրավերով Պիտեշտ էին ժամանել մի շարք հայաշատ քաղաքների հայ համայնքի ներկայացուցիչներ ու հավատացյալներ, այդ թվում Բուխարեստից, Կոնստանցայից, Ռոմանից, Գեռլայից:

Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են Ռումանիոյ Հայոց թեմի մամլո դիվանից, ժամը 11:00-ին մատուցվում է Ս. Պատարագ` ձեռամբ թեմակալ առաջնորդի: Սուրբ Պատարագին մասնակցում և սուրբ սեղանին սպասավորում էին Կոնստանցայի և տարածաշրջանի հոգևոր հովիվ արժ. Տ. Օշական քահանա Խաչատրյանը և Հայկ սարկավագ Ազարյանը: Պատարագի ավարտին Սրբազանն իր օրհնությունն ու պատգամն է բերում բոլոր ուխտավորներին` հայ և ռումինացի` շեշտելով երկու քրիստոնյա ժողովուրդների դարավոր բարեկամությունը, հանուն Քրիստոսի անցած փշոտ ճանապարհը և բազում նահատակությունները, որոնցով այլևս երկու ժողովուրդները դարձել են ուղղակի մեկ ընտանիք ի Քրիստոս: Սրբազանը նաև իր գնահատանքն է հայտնում տեղի ծխական խորհրդի անդամներին, հայ համայնքների ներկայացուցիչներին և ժողովրդին, որոնցից շատերը հարյուրավոր կիլմետրեր էին կտրել ուխտի պատարագին մասնակցելու համար: Առաջնորդանիստ եկեղեցուց Պիտեշտ էր բերվել Ս. Հովհաննես Մկրտչի մասունքը` յերկրպագություն ուխտավորաց:

Պատարագի ավարտին կատարվում է Հոգեհանգստյան պաշտոն` աղոթք բարձրացնելով Ս. Հովհաննես եկեղեցու հիմնադիրների, կառուցողների, սպասավորների, ատենապետերի և նվիրյալ հայորդիներ հոգիների հանգստության և փրկության համար: Այնուհետև առաջնորդի ձեռամբ եկեղեցու պարտեզում օրհնվում է մատաղը և բաժանվում է բոլոր ուխտավորներին:

Հաջորդիվ ուխտավորները հավաքվում են քաղաքի կենտրոնում տեղադրված Հայոց ցեղասպանության սուրբ նահատակներին նվիրված հայկական խաչքարի առջև, ծաղիկներ տեղադրում, խոնարհվում և միասնական աղոթք է բարձրացվում առ Աստված` հայցելով բյուրավոր նահատակաց բարեխոսությունը:

Տոնական օրը եզրափակվում է սիրո ճաշով, որից հետո բոլոր ուխտավորներըն իրենց հովիվների առաջնորդությամբ վերադառնում են իրենց քաղաքներ` առավել զորացած ու հոգեպես նորոգված:

 

Scroll Up