Շուշին` իբրև հաղթական կամար

Պատմական Արցախի Վարանդա գավառի Շուշվա բերդը`  անմատչելի,կառուցված ամրակուռ  որձաքարերով, տեղի բնակիչների համար թշնամուց պատսպարող պաշտպանական ամրություն է եղել:

Բերդաքաղաք Շուշին նշանավոր էր նաև իբրև առևտրական, արհեստագործական և մշակութային խոշոր կենտրոն: Միջնադարում այն հայտնի է եղել տարբեր անուններով` Շիկաքար, Քարագլուխ, Քարագլխի սղնախ, Շոշի:

Շուշին մշտապես  դիմակայել է արաբ, թուրք վաչկատուն ցեղերի  հարձակումներին:  Ներքին թշնամին ևս փորձել է խարխլել բերդաքաղաքի  խաղաղությունը, գրավել ու հիմնահատակ կործանել այն: Հենց այս պատմական իրողության հետ է կապված Շուշիի վաղնջական անուններից մեկը` Փանահաբադ: Վաչկատուն ցեղի առաջնորդ Փանահխանի հետ դաշնակցելով` Շահնազար Բ-ն դավադրաբար բացեց Շուշի բերդի դարպասները Փանահխանի առաջ, ով էլ քաղաքը լցրեց իր ցեղակիցներով, իրեն հռչակեց Ղարաբաղի տեր ու տիրակալ, պառակտեց մելիքությունները: Հետագայում Շուշիին  տիրացավ Իբրահիմ խանը: Իսկ 1795-ին բերդը պաշարեց պարսիկ Աղա-Մահմադ խան Ղաջարը: 33 օր բերդը հերոսաբար դիմադրեց,  թշնամին ոչնչավեց, իսկ Ղաջարը սպանվեց:

19-րդ դարասկզբին Շուշին մշտապես եղել է ռուս-պարսկական պատերազմների խոլական պայքարի կիզակետում:

Թուրքերը, պարսիկներն ու արաբները  մշտապես փորձել են տիրանալ Շուշիին: Բարեկամի դիմակ հագած շատերը Շուշին դարձրել են արյունահեղ բախումների թատերաբեմ: 1920թ. մարտին  թուրք զորապետեր Խալիլ ու Նուրի փաշաները տեղի մուսավաթական կառավարչի` Սուլթանովի հետ ամբողջությամբ հրդեհում են քաղաքի հայկական թաղամասը (շուրջ 7 հազար տուն)` կոտորելով  35.000-անոց  հայ բնակչության մեծ մասին…

Շուշին` կռվախնձոր,Շուշին` ցանկալի ու քաղցր պատառ, ոսկորի պես խրվել էր քոչվոր ցեղերի անհագուրդ կոկորդում: Շուշին ապրել է` պայքարելով իր գոյատևման համար, Շուշին բարգավաճել է Աստծո կամոք` դպրոցներ, տպարան, գրադարաններ, տասնյակից ավելի թերթեր, հանդեսներ, հայագիտական պարբերականներ, եկեղեցիներ, թանգարաններ, ուսումնարաններ, հայտնի Թեմական դպրոցը, Խանդամիրյան  թատրոնը…

Քաղաքը  մշտապես ապրել է հոգևոր-մշակութային կյանքով.այստեղ  են  ծնվել ու ստեղծագործել անվանի շատ երաժիշտներ, երգահաններ` Մելիք-Փաշաև,Կարախան, Բ. Թումանյան, Ավանես և այլք: Խանդամիրյան  թատրոնի բեմում հանդես են եկել Սիրանույշը, Հովհաննես Աբելյանը, Սաֆրազյան ամուսինները, Շուշիի Թեմական դպրոցում են դասավանդել հայտնի մանկավարժներ, գրողներ` Շանշյանը, Պ. Պռոշյանը, Խ. Ստեփանեն,Գ. Առաքելյանը(Առաքելով:

Իր ուրույն ճարտարապետությամբ, հինավուրց մշակույթով, տնտեսությամբ Շուշիի համբավը տարածված է եղել ոչ միայն պատմական Հայաստանում, Արցախում, այլև  նրա սահմաներից դուրս:

Ազերիների` ստահոդ պատմություն ու կենսագրություն կցմցած բարբաջանքներում Շուշին իրենցն է…

Շուշին` Աստծո զորությամբ դարեր հարատևած, կենսունակ ու մարտական, ազատագրվեց 1992-ին, ու ՄԱՅԻՍԻ-9-ը  հայոց պատմության մեջ ամրագրվեց իբրև մի նոր հաղթության փառավոր էջ:

Ղարաբաղյան գոյամարտերի թեժ պայքարի գագաթնակետն ու հանգուցալուծումն էր Շուշիի ազատագրումը, որի ականատեսներն ու մասնակիցները Աստծո հրաշք են համարում Շուշին ազերիներից դատարկելը, որն իրականացվեց նվազագույն զոհերով:

Գուցե Ս. Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու զորությա՞մբ Շուշին տուն դարձավ, գուցե դարերով ասպատակված հո՞ղը խոլ մռնչաց ու երերաց զավթիչների ոտքերի տակ, գուցե թշնամու համար ահ ու սարսափ դարձած արդար պայքարի ելած հայորդիների  արծվենի հայացքնե՞րը կայծակեցին,  ու բացվեցին երկնային դարպասները, գուցե շրջակա լեռնե՞րը դղրդացին ցավից ու ցասումից,գուցե Շուշիու՞մ է բխում զորությունների օրհնված աղբյուրը…

Շուշիի ազատագրումն  ասես այդ գոյամարտի հաղթական կամարն էր, ինչպես Ռայխստագը Բեռլինում` 1945-ին, դարձյալ մայիսի 9-ին: Շուշիի գրավումը ծածկագիրն ու բանալին էր Արցախի ազատագրման ու անկախացման:

Շուշին հաղթեց, Շուշին ապրեց. Մայիսի 9-ի   առավոտը` ցողված գարնանային անձրևի կաթիլներով, թարմ ու ծաղկաբույր օդով, Շուշիի համար, հայոց համար դարձավ մի նոր վերածնունդի, նոր կյանքի սկիզբ:

Կարինե  Ավագյան

Scroll Up