Շուշին` իբրեւ յաղթական կամար
Պատմական Արցախի Վարանդայ գաւառի Շուշուայ բերդը` անմատչելի,կառուցուած ամրակուռ որձաքարերով, տեղի բնակիչների համար թշնամուց պատսպարող պաշտպանական ամրութիւն է եղել:
Բերդաքաղաք Շուշին նշանաւոր էր նաեւ իբրեւ առեւտրական, արհեստագործական եւ մշակութային խոշոր կենտրոն: Միջնադարում այն յայտնի է եղել տարբեր անուններով` Շիկաքար, Քարագլուխ, Քարագլխի սղնախ, Շօշի:
Շուշին մշտապէս դիմակայել է արաբ, թուրք վաչկատուն ցեղերի յարձակումներին: Ներքին թշնամին եւս փորձել է խարխլել բերդաքաղաքի խաղաղութիւնը, գրաւել ու հիմնահատակ կործանել այն: Հէնց այս պատմական իրողութեան հետ է կապուած Շուշիի վաղնջական անուններից մէկը` Փանահաբադ: Վաչկատուն ցեղի առաջնորդ Փանահխանի հետ դաշնակցելով` Շահնազար Բ-ն դաւադրաբար բացեց Շուշի բերդի դարպասները Փանահխանի առաջ, ով էլ քաղաքը լցրեց իր ցեղակիցներով, իրեն հռչակեց Ղարաբաղի տէր ու տիրակալ, պառակտեց մելիքութիւնները: Յետագայում Շուշիին տիրացաւ Իբրահիմ խանը: Իսկ 1795-ին բերդը պաշարեց պարսիկ Աղա-մահմադ խան Ղաջարը: 33 օր բերդը հերոսաբար դիմադրեց, թշնամին ոչնչաւեց, իսկ Ղաջարը սպանուեց:
19-րդ դարասկզբին Շուշին մշտապէս եղել է ռուս-պարսկական պատերազմների խօլական պայքարի կիզակէտում:
Թուրքերը, պարսիկներն ու արաբները մշտապէս փորձել են տիրանալ Շուշիին: Բարեկամի դիմակ հագած շատերը Շուշին դարձրել են արիւնահեղ բախումների թատերաբեմ: 1920թ. մարտին թուրք զօրապետեր Խալիլ ու Նուրի փաշաները տեղի մուսաւաթական կառավարչի` Սուլթանովի հետ ամբողջութեամբ հրդեհում են քաղաքի հայկական թաղամասը (շուրջ 7 հազար տուն)` կոտորելով 35.000-անոց հայ բնակչութեան մեծ մասին…
Շուշին` կռուախնձոր,Շուշին` ցանկալի ու քաղցր պատառ, ոսկորի պէս խրուել էր քոչուոր ցեղերի անյագուրդ կոկորդում: Շուշին ապրել է` պայքարելով իր գոյատեւման համար, Շուշին բարգաւաճել է Աստծոյ կամօք` դպրոցնէր, տպարան, գրադարաններ, տասնեակից աւելի թերթեր, հանդէսներ, հայագիտական պարբերականներ, եկեղեցիներ, թանգարաններ, ուսումնարաններ, յայտնի Թեմական դպրոցը, Խանդամիրեան թատրոնը…
Քաղաքը մշտապէս ապրել է հոգեւոր-մշակութային կեանքով.այստեղ են ծնուել ու ստեղծագործել անուանի շատ երաժիշտներ, երգահաններ` Մելիք-փաշաեւ,Կ’արախան, Բ. Թումանեան, Աւանես եւ այլք: Խանդամիրեան թատրոնի բեմում հանդէս են եկել Սիրանոյշը, Յովհաննէս Աբէլեանը, Սաֆրազեան ամուսինները, Շուշիի Թեմական դպրոցում են դասաւանդել յայտնի մանկավարժներ, գրողներ` Շանշեանը, Պ. Պռոշեանը, Խ. Ստեփանեն,Գ. Առաքէլեանը(Առաքէլով):
Իր ուրոյն ճարտարապետութեամբ, հինաւուրց մշակոյթով, տնտեսութեամբ Շուշիի համբաւը տարածուած է եղել ոչ միայն պատմական Հայաստանում, Արցախում, այլեւ նրա սահմաներից դուրս:
Ազերիների` ստայօդ պատմութիւն ու կենսագրութիւն կցմցած բարբաջանքներում Շուշին իրենցն է…
Շուշին` Աստծոյ զօրութեամբ դարեր յարատեւած, կենսունակ ու մարտական, ազատագրուեց 1992-ին, ու Մայիսի-9-ը հայոց պատմութեան մէջ ամրագրուեց իբրեւ մի նոր յաղթութեան փառաւոր էջ:
Ղարաբաղեան գոյամարտերի թէժ պայքարի գագաթնակէտն ու հանգուցալուծումն էր Շուշիի ազատագրումը, որի ականատեսներն ու մասնակիցները Աստծոյ հրաշք են համարում Շուշին ազերիներից դատարկելը, որն իրականացուեց նուազագոյն զոհերով:
Գուցէ Ս. Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու զօրութեա՞մբ Շուշին տուն դարձաւ, գուցէ դարերով ասպատակուած հողը՞ խօլ մռնչաց ու երերաց զաւթիչների ոտքերի տակ, գուցէ թշնամու համար ահ ու սարսափ դարձած արդար պայքարի ելած հայորդիների արծուէնի հայեացքները՞ կայծակեցին, ու բացուեցին երկնային դարպասները, գուցէ շրջակայ լեռները՞ դղրդացին ցաւից ու ցասումից,գ ուցէ Շուշիու՞մ է բխում զօրութիւնների օրհնուած աղբիւրը…
Շուշիի ազատագրումն ասես այդ գոյամարտի յաղթական կամարն էր, ինչպէս Ռայխստագը Բեռլինում` 1945-ին, դարձեալ մայիսի 9-ին: Շուշիի գրաւումը ծածկագիրն ու բանալին էր Արցախի ազատագրման ու անկախացման:
Շուշին յաղթեց, Շուշին ապրեց. Մայիսի 9-ի առաւօտը` ցօղուած գարնանային անձրեւի կաթիլներով, թարմ ու ծաղկաբոյր օդով, Շուշիի համար, հայոց համար դարձաւ մի նոր վերածնունդի, նոր կեանքի սկիզբ:
Կ’արինէ Աւագեան