Բարձր ենք գնահատում սիրիահայերի ինտեգրմանն ուղղված սփյուռքի նախարարության ջանքերը. Մխիթար Հայրապետյանն ընդունեց ՀՀ-ում Սիրիայի դեսպանին

Սեպտեմբերի 11-ին սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմադ Ահմադ Հաջ Իբրահիմին:

Ողջունելով դեսպանին՝ նախարար Մխիթար Հայրապետյանը նշեց, որ Սիրիա պետությունը Հայաստանի Հանրապետության համար բարեկամական երկիր է, և դա պատմության ողջ ընթացքում ապացուցված փաստ է: «Մենք մշտապես հիշում ենք այն մեծագույն աջակցությունը, որը Ձեր երկիրը ցուցաբերել է մեր ժողովրդի ամենածանր շրջանում: Սիրիայի հայ արմատներով քաղաքացիներն ունեն երկու տուն՝ Հայաստանը և Սիրիան, և որտեղ էլ մեր հայրենակիցները նախընտրեն ապրել, արարել, աշխատել, մենք՝ որպես սփյուռքի նախարարություն, աջակցելու ենք նրան»,-նշեց սփյուռքի նախարարն և հավելեց, որ նախարարությունը սիրիահայերի հետ աշխատելիս կարևոր մանդատ, նաև կողմերին մեկ սեղանի շուրջ հավաքելու, ընդհանուր օրակարգ ձևավորելու հաջողված փորձ ունի: Նախարարը կարևորեց նաև սիրիահայ համայնքի միասնականությունն ու համայնքի հետ համակարգված աշխատանքը:

«Այն, ինչ տեղի է ունենում Սիրիայում, ցավ է պատճառում նաև մեզ, և մենք աղոթում ենք Սիրիայի ժողովրդի խաղաղ կեցության համար»,-նշեց Մխիթար Հայրապետյանը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Մուհամմադ Ահմադ Հաջ Իբրահիմը շնորհակալություն հայտնեց Հայաստանի կողմից Սիրիայի ժողովրդին ցուցաբերված աջակցության համար: «Մենք սիրիահայերին համարում ենք Սիրիայի հասարակության անքակտելի մասը: Միևնույն ժամանակ բարձր ենք գնահատում  հայաստանյան կյանքին սիրիահայերի ինտեգրմանն ուղղված Հայաստանի, սփյուռքի նախարարության և մի շարք միջազգային կառույցների ջանքերը»,-նշեց դեսպանն ու շեշտեց, որ Սիրիայում խաղաղության հաստատումից հետո շատերը կվերադառնան իրենց ծծնդավայր, և սա կարևոր է նաև մշակութային բազմազանությամբ աչքի ընկնող Մերձավոր Արևելքի համար:

Մուհամմադ Ահմադ Հաջ Իբրահիմը կարևորեց նաև համայնքային խորհրդի ձևավորման անհրաժեշտությունը, որի կազմում հիմնականում կլինեն երիտասարդներ: Դեսպանը ակնկալեց նախարարության աջակցությունը Հայաստանում հաստատված սիրիահայերի հստակ թիվը պարզելու և արձանագրելու գործում:

Հանդիպման ավարտին սփյուռքի նախարարը համագործակցելու պատրաստակամություն հայտնեց:

Scroll Up