Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանն ընդունեց ռուսաստանաբնակ գործարար Վրեժ Մելիքյանին
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2018/08/IMG_7244.jpg)
Օգոստոսի 27-ին Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանն ընդունեց Ռուսաստանի Դաշնության Լենինգրադի մարզի Պուշկին քաղաքի «Ուրարտու» հայկական համայնքի ղեկավար, գործարար Վրեժ Մելիքյանին:
Ռուսաստանաբնակ գործարարը նշեց, որ պատրաստ է ներդրում անել Հայաստանում, հիմնել սեփական արտադրություն, սակայն նախքան դա՝ տեղի բիզնես միջավայրի առանձնահատկություններին, օրենսդրական կարգավորումներին տիրապետելու անհրաժեշտություն կա: «Ռուսաստանում հայկական մրգերն ու պահածոները մեծ համբավ ունեն, պետք է զարկ տալ արտահանմանը: Սա ընդամենը մեկ օրինակ է: Այստեղ շատ գործարաններ պարզապես չեն աշխատում, և ես և իմ գործարար ընկերները մտածում ենք դրանք վերագործարկելու մասին: Սակայն օրենսդրական խոչընդոտները շատ են»,-նշեց Վրեժ Մելիքյանը:
Նախարար Մխիթար Հայրապետյանն իր խոսքում ընդգծեց, որ օրենսդրական բարեփոխումների խնդիրն առկա է, սակայն դրական տեղաշարժ նկատելի է բոլոր ոլորտներում: Նախարարը նշեց նաև, որ Սփյուռքի նախարարությունը պատրաստ է կամուրջ լինել սփյուռքահայ ներդրողներին համապատասխան պետական մարմիններ ուղղորդելու հարցում, և այս պարագայում ևս կկազմակերպվեն հանդիպումներ ոլորտի համակարգողների հետ:
Հանդիպման ավարտին գործարարը նաև հայրենադարձվելու պատրաստակամություն հայտնեց: