«Քայլ դեպի տուն» ծրագրի մասնակիցներն այցելեցին ՀՀ պաշտպանության նախարարություն

Օգոստոսի 18-ին Սփյուռքի նախարարության «Քայլ դեպի տուն» ծրագրի մասնակիցներն այցելեցին ՀՀ պաշտպանության նախարարություն:

Այստեղ մասնակիցներին ողջունեցին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը, ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական Վարդան Ավետիսյանը:

Ողջունելով ծրագրի մասնակիցներին՝Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը նշեց. «Ուրախ եմ, որ այսօր դուք հնարավորություն ունեք լինելու ՀՀ պաշտպանության նախարարությունում, հանդիպելու Պաշտպանության նախարարի հետ: Դեռևս մեկ շաբաթ առաջ՝ մեր առաջին հանդիպման ժամանակ, ես վստահություն հայտնեցի, որ դուք պարզապես սիրահարվելու եք Հայաստանին: Ու հիմա նայելով ձեր փայլող, արևոտ աչքերին՝ ես զգում եմ, որ իմ վստահությունը անհիմն չէր: Սակայն այս առեղծվածային, հզոր ու խենթ գույների երկիրը ճանաչելը հեշտ չէ, ու վստահ եմ, որ դուք ձեր հայրենիքը հասկանալու, զգալու ճանապարհը կիսատ չեք թողնելու ու էլի ու էլի գալու եք: Գալու-գնալու, գալու-մնալու եք, ընդմիշտ մնալու եք»:

Նախարարն իր խոսքում անդրադարձավ նաև 2016-ի Ապրիլյան պատերազմին՝ նշելով, որ այդ օրերին սփյուռքի դերն անգնահատելի էր. «Գիտեմ, որ ձեզնից շատերը, ձեր ծնողները փորձել են այդ օրերին անել նույնիսկ անհնարինը: Հայաստանի ողջ ժողովրդի անունից շնորհակալություն եմ հայտնում սփյուռքի յուրաքանչյուր ներկայացուցչին աջակցության ու հոգատարության համար»:

«Քայլ դեպի տուն» ծրագրի մասնակիցներին ողջունեց նաև ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը. «Ես պատրաստ եմ լսել ձեր հարցերը, որովհետև մեզ համար էլ է հետաքրքիր, թե զինված ուժերի գործունեության հետ կապված ինչ հարցեր են առաջանում մեր սփյուռքահայ երիտասարդների մոտ»:

Շուրջ երկու ժամ տևած հանդիպման ընթացքում, ծրագրի մասնակիցները հնարավորություն ունեցան Դավիթ Տոնոյանին ուղղելու իրենց հարցերն ու առաջարկները:

Հարցուպատասխանից հետո «Քայլ դեպի տուն» ծրագրի մասնակիցներից իսպանաբնակ 13 ամյա Սիրեկան Հովհաննիսյանը, ով հաղթել էր Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի միջազգային մրցաշարում՝ գրավելով առաջին տեղը, իր գավաթը նվիրեց ՀՀ պաշտպանության նախարարությանն ու հայ զինվորին:

Scroll Up