Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը հանդիպեց Բոստոնի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

ԱՄՆ կատարած այցի շրջանակներում օգոստոսի 4-ին Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը հանդիպեց Բոստոնի հայ համայնքի շուրջ երկու հարյուր ներկայացուցիչների հետ:
Ողջունելով ներկաներին՝ նախարար Հայրապետյանը շնորհակալություն հայտնեց ջերմ, անկեղծ մթնոլորտի ու հյուրընկալության համար և նշեց. «Ձեզանից ոմանք Թավշյա հեղափոխությունից հետո հասցրել են լինել հայրենիքում, իսկ ովքեր չեն եղել, խորհուրդ եմ տալիս գալ և վայելել նոր Հայաստանը: Ավելի լավ ապագայի հույսով՝ մարդիկ արդեն սկսել են ժպտալ և հավատալ: Սիրո և հանդուրժողականության հեղափոխությունը ոչ միայն յուրաքանչյուր հայի, այլև մարդկության հաղթանակն է: Եվ ես այս առթիվ մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիս: Մենք ոչ միայն ունենք փառահեղ ապագա կերտելու պատմական հնարավորություն, այլև լավ, արժանապատիվ ներկա ունենալու մեծ նախադրյալներ: Հզոր Հայաստան, ուժեղ Սփյուռք. ահա այն բանաձևը, որին մենք հավատում ենք, և վստահ ենք, որ միասնաբար պիտի գնանք առաջ»:
Խոսելով առկա դժվարությունների և մարտահրավերների մասին՝ Մխիթար Հայրապետյանն ընդգծեց, որ այսօր Սփյուռքի աջակցությունը, սատարումը հայրենիքում կատարվող փոփոխություններին շատ կարևոր են: «Առաջին անգամ պատմության մեջ մենք Սփյուռքից փող չենք խնդրում: Մենք կարիք ունենք փոխադարձ գործակցության, համահայկական ներուժի վերհանման և նպատակային կիրառման»,-շեշտեց Սփյուռքի նախարարը:
Այնուհետև մոտ երկուսուկես ժամ տևած հարցուպատասխանի ընթացքում Մխիթար Հայրապետյանը պատասխանեց հայ համայնքի ներկայացուցիչների հարցերին, որոնք մասնավորապես վերաբերում էին Հայաստան-Սփյուռք գործակցության նոր տեսլականին, հայրենադարձությանը, հայապահպանությանը, հայկական դպրոցների ներկայիս վիճակին, սփյուռքի մասնագիտական ներուժի համախմբմանը:
Նախարարը ներկայացրեց նախարարության ծրագրերը, անդրադարձ կատարեց սփյուռքահայ երիտասարդների «ՆերՈւժ» startup ծրագրին, նշեց նաև, որ ՀՀ կառավարման ոլորտում համահայկական մասնագիտական ներուժի ներգրավման անհրաժեշտությունից ելնելով՝ վարչապետի հանձնարարությամբ Սփյուռքի նախարարությունը մյուս գերատեսչություններից տեղեկատվություն է հավաքագրում՝ համապատասխան ոլորտներում այս պահին պահանջվող մասնագետների վերաբերյալ, որը մոտ ժամանակներս կհրապարակվի:
Մխիթար Հայրապետյանը հատկապես կարևորեց Հայաստանում բժշկական և ֆինանսատնտեսական ոլորտի մասնագետների վերապատրաստման անհրաժեշտությունը, որտեղ ակնկալվում է սփյուռքահայ մասնագետների աջակցությունը:
Հարցեր հնչեցին նաև Հայաստանի ներդրումային նոր քաղաքականության վերաբերյալ: «Մենք արմատախիլ ենք անում կոռուպցիան, Հայաստանում այլևս չկա մենաշնորհ: Մեր հայրենիքը ժամանակակից, զարգացած երկիր է, որտեղ դուք կարող եք ներդրումներ անել և գումար աշխատել: Սա շատ հստակ մեսիջ է, որ ցանկանում եմ ձեզ փոխանցել»,-նշեց սփյուռքի նախարարը: