ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի այցը Կիպրոսի ազգային առաջնորդարան
Հոկտեմբերի 20-ի երեկոյան ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի գլխավորած պատվիրակությունն այցելեց Կիպրոսի ազգային առաջնորդարան: Առաջնորդարանի մուտքի մոտ նախարարին դիմավորվեցին Թեմի Կաթողիկոսական փոխանորդ Տ. Խորեն Արք. Տողրամաջյանն ու Պետական ներկայացուցիչ Վարդգես Մահտեսյանը:
Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են Ազգային առաջնորդարանի դիվանից, հանդիպմանը ներկա էին Թեմի կրոնական դասն ու երեսփոխաններ, Ազգային վարչության ատենապետն ու անդամներ, կառույցների, կուսակցությունների, բարեսիրական, մշակութային, մարզական միությունների ներկայացուցիչներ և անդամներ, կրթական հաստատության պատասխանատուներ, թերթերի խմբագիրներ և հրավիրյալներ:
Սրբազան Հայրը բարի գալուստ մաղթեց նախարար Հրանուշ Հակոբյանին և համայնքի անունից նշեց, որ իրենք ԶԼՄ-ների միջոցով հետևում են նախարարության ծրագրերի և աշխատանքներին: «Մեզ համար մեծ ուրախություն է Ձեզ ընդունել մեր հարկի ներքո, Ձե´ր հարկի ներսում: Մենք գիտենք, թե Դուք որքան հարազատությամբ եք կապված կիպրահայ համայնքին: Ուստի մեկ անգամ ևս Ձեզ մաղթում ենք բարի գալուստ՝ Ձեր ընտանեկան հարկ: Կիպրահայ համայնքն իր հոգևոր և ազգային ներկայացուցիչներով մասնակցեց Ձեր կողմից կազմակերպված Հայրաստան-Սփյուռք վեցերորդ համաժողովին: Ուզում եմ մեկ անգամ ևս շեշտել, որ ուրախությամբ նկատեցինք, որ հետզհետե դեպի հայրենիք կազմակերպվող միջոցառումներին աճում է սփյուռքահայ մասնակիցների թիվը: Գիտակցում ենք նաև Հայրենիքի և Սփյուռքի դիմագրաված խնդիրները, դժվարությունները, որոնց հաղթահարման համար աշխատում ենք միասին: Ինչպես Արամ Ա. Վեհափառ Հայրապետը բանաձևեց` հայրենիքի ժողովրդական տագնապը և Սփյուռքի մաշումը բոլորիս խնդիրն է, և մենք համոզված ենք, որ Հայրենիք-Սփյուռք համատեղ և միասնական աշխատանքներով պիտի կարողանանք հաղթահարել նաև այս բարդ հարցերը: Օրեր առաջ Դուք մասնակցեցիք Եվրոպայի Հայ դատի համագումարին: Կիպրոսը ևս ներկայացված էր իբրև Եվրամիության անդամ: Հայ դատը պահանջատիրություն է ամեն բանից առաջ, և պահանջատիրությունն այլևս ամրագրված է Համահայկական հռչակագրով: Մեր պահանջների և մեր իրավունքների վերականգնման համար մենք գիտակցում ենք, որ Հայաստանի Հանրապետության հզորացումը, Արցախի անկախության միջազգային ճանաչումը կարևոր երաշխիքներ են մեր համազգային երթի հաջողության համար:
Ողջունում ենք նաև այն հանգամանքը, որ Կիպրոսը, Հունաստանն ու Հայաստանը միասին համակարգում են իրենց Սփյուռքի խնդիրները: Մենք արդեն Սփյուռքի հետ աշխատելու մեր փորձառությունն ենք միջազգայնացնում այս ձևով: Եվ պատահական չէ, որ այս երեք երկրները, որոնք պատմականորեն ունեն շատ ընդհանրություններ և հայտարարներ, միավորվելով` համադրում են իրենց աշխատանքները:
Աղոթում ենք առ Աստված, որ Ձեզ ուժ և կորով պարգևի` առավել ևս նպատակուղղված դեպի հայրենիք ուղղորդելու աշխարհատարած հայությանը»,- իր խոսքում նշել է Թեմի Կաթողիկոսական փոխանորդ Տ. Խորեն Արք. Տողրամաջյանը:
Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն իր խոսքում շնորհակալություն հայտնեց ներկաներին հայրենիքի հանդեպ իրենց ցուցաբերած հոգածության և կապվածության համար, շեշտեց Սփյուռքի ներդրումների կարևորությունը հայրենիքի բարգավաճման, զարգացման և հզորացման ոլորտներում: Այնուհետև մանրամասն անդրադարձավ Սփյուռքի նախարարության աշխատանքներին:
Պետական ներկայացուցիչ Վարդգես Մահտեսյանի խոսքից հետո ներկաներն առիթ ունեցան հարցեր ուղղելու նախարար Հրանուշ Հակոբյանին: