Գլենդելում Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը հանդիպել է հայ համայնքի շուրջ 700 ներկայացուցիչների հետ

Հուլիսի 31-ին Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը Գլենդելի Community Town Hall-ում հանդիպում է ունեցել հայ համայնքի շուրջ 700 ներկայացուցիչների հետ:
Հանդիպումը տևել է 2 ժամ, որի ընթացքում նախարարը պատասխանել է նաև համայնքի ներկայացուցիչների հարցերին:
Մխիթար Հայրապետյանը զրույցի սկզբում խոսել է Լոս Անջելեսում ունեցած իր հանդիպումների մասին՝ նշելով, որ դրանք բավականին հուսադրող են, ապա անդրադարձել է Սփյուռքի նախարարությունում սպասվող կառուցվածքային փոփոխություններին:
«Պատրաստվում ենք կառուցվածքային մեծ փոփոխություններ անել, որպեսզի բարձրացնենք մեր գերատեսչության արդյունավետությունն ու պրոֆեսիոնալիզմը: Կան բազմաթիվ ստորաբաժանումներ, որոնց գործառույթը այդքան էլ պարզ չէ, պետք է հստակեցնել: Նոր ստորաբաժանումներ կլինեն, իսկ որոշները կփակվեն»:
Համայնքի ներկայացուցիչներին նաև հետաքրքրել է նախարարության նոր ու երիտասարդ թիմը:
«Մենք փորձել ենք համադրել երիտասարդական եռանդը, ստեղծարարությունն ու այն փորձը, որն արդեն առկա է նախարարությունում: Պիտի նշեմ, որ վերջին 10 տարիների ընթացքում նախարարությունն արել է աշխատանք և գնահատելու շատ բան կա, պարզապես հարկավոր էր նոր, երիտասարդական շունչ»:
Մխիթար Հայրապետյանը չմոռացավ ընդգծել, որ նախարարության նոր թիմի անդամները անընդհատ սովորում են, պատրաստ են լսել և ընդունել խորհուրդներ, ու հորդորեց, որ ներկաներից յուրաքանչյուրը ներգրավվի իրենց ունեցած փորձը երիտասարդներին փոխանցելու կարևոր գործում:
Հանդիպման ընթացքում նախարարը ներկայացրեց նաև նախարարության ապագա ծրագրերը՝ խոսելով «Քայլ դեպի տուն» և «ներՈՒժ» ծրագրերի մասին:
Հիշեցնենք, որ Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը աշխատանքային այցով գտնվում է ԱՄՆ-ում: Նախարարի հանդիպումները շարունակվում են: