Սփյուռքի նախարարն ընդունեց Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդին
Հուլիսի 16-ին սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանն ընդունեց Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Տաթև եպիսկոպոս Հակոբյանին:
Ողջունելով Թեմակալ Առաջնորդին` նախարար Հայրապետյանը նշեց, որ Սփյուռքում հայկական եկեղեցին մշտապես եղել է ոչ միայն հոգևոր, այլև հայապահպանության ու հայկականության կենտրոն: «Ուժ և կորով եմ մաղթում Ձեզ՝ շարունակելու այն առաքելությունը, որ ստանձնել եք: Որևէ կասկած չունեմ, որ մենք կշարունակենք համագործակցել, ամրապնդել մեր կապերը»:
Գերաշնորհ Տեր Տաթև եպիսկոպոս Հակոբյանը ներկայացրեց Ռումինիայի թեմի պատմությունն և ունեցած հարուստ ժառանգությունը, խոսեց տեղի թանգարանի, գրադարանի, մատենադարանի պատմափաստագրական մեծ արժեք ունեցող նմուշների մասին: Հյուրը նշեց նաև, որ շուտով լույս կտեսնի այս մասին պատմող «Ռումինահայոց թեմի գանձերը» ալբոմը:
Խոսելով համայնքի խնդիրների մասին՝ Թեմակալ Առաջնորդը առանձնացրեց մայրենի լեզվի մոռացման և ձուլման խնդիրները, սակայն շեշտեց նաև, որ եկեղեցին ամեն կերպ հայերի շրջանում սերմանում է հայկականություն, նախաձեռնում է բազում երիտասարդական ծրագրեր, կազմակերպում այցեր Հայաստան: «Շատ ողջունելի կլինի, եթե համայնքից մի քանի երիտասարդներ կարողանան գալ և այստեղ ուսանել հայագիտություն առարկան: Ետ վերադառնալով՝ նրանք անկասկած համայնքում կներդնեն իրենց գիտելիքները»-նշեց Գերաշնորհ Տերը: Նա նաև ընդգծեց հզոր սփյուռքագիտության կենտրոն ունենալու անհրաժեշտության հարցը:
Համաձայնելով հյուրի հնչեցրած մտահոգություններին՝ սփյուռքի նախարարը նշեց, որ սփյուռքում ձուլման վտանգն ամենուր է, և այս պարագայում պետք է մեծ նշանակություն տալ երիտասարդության հետ տարվող աշխատանքներին: «Պետք է ամեն ինչ անել, որ սփյուռքահայ երիտասարդները հաճախ գան Հայաստան, ճանաչեն իրենց երկիրը: Ցանկանում եմ տեղեկացնել նաև, որ մեկնարկում ենք «ներՈւԺ» ծրագիրը, որին կարող են մասնակցել սփյուռքում բնակվող 18-35 տարեկան այն հայ երիտասարդները, ովքեր ունեն բիզնես գաղափարներ: Հաղթողները հնարավորություն կունենան իրենց startup գաղափարները իրականություն դարձնել Հայաստանում: Ուրախ կլինենք, եթե նախարարության այս և մյուս ծրագրերին մասնակցեն նաև ռումինահայ երիտասարդները»,-ընդգծեց նախարարը:
Մխիթար Հայրապետյանը նշեց, որ նախարարության բոլոր ծրագրերը ենթարկվել են բովանդակային և ձևաչափային փոփոխությունների, ընդլայնվել է կրթական բաղադրիչը, դրանք դարձել են ավելի պրակտիկ՝ հնարավորություն ընձեռելով մասակիցների ճանաչել հայ մարդու առօրյան, խնդիրները, տեսնել նաև, որ Հայաստանը ժամանակակից երկիր է, որտեղ կարելի է ապրել, ներդրումներ անել:
Անդրադառնալով սփյուռքագիտության հզոր կենտրոն ունենալու վերաբերյալ Թեմակալ Առաջնորդի մտահոգությանը՝ Մխիթար Հայրապետյանն ասաց, որ այս ուղղությամբ ևս աշխատանքներ են տարվում և արդյունքերը շուտով ակնհայտ կլինեն:
Հանդիպման ավարտին Գերաշնորհ Տեր Տաթև եպիսկոպոս Հակոբյանը Սփյուռքի նախարարին հրավիրեց Ռումինիա՝ առավել լավ ճանաչելու փոքրաթիվ, բայց հզոր հայկական համայնքը: