Կայացավ «Սփյուռքի հայ համայնքների պարախմբերի» համերգը

Հուլիսի 13-ին Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում տեղի ունեցավ «Սփյուռքի հայ համայնքների պարախմբերի» խորագրով համերգը, որը նվիրված էր Հայաստանի Հանրապետության հիմնադրման և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին:

Համերգին մասնակցելու համար Սփյուռքից ժամանել էր 12 պարախումբ աշխարհի 9 երկրի 12 քաղաքից:

Պարախմբերին ողջունեց և բարի երթ մաղթեց Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը:

Նոր Հայաստանում կայացած բացառիկ համերգը մեկնարկեց Նիկոլ Փաշինյանի խոսքերով գրած «Իմ քայլը» երգով, որը կատարեցին երաժշտության հեղինակ Հայկ Ստվերը և Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի պարարվեստի ֆակուլտետի սաները:

Ելույթ ունեցան Կրասնոյարսկի «Արմենիա», Հոլանդիայի «Անի», Մոսկվայի Վանուշ Խանամիրյանի անվան «Արատտա»,  Բուխարեստի «Վարդավառ», Թեհրանի «Ակունք», Աթենքի  «Ավետիս», Մյունխենի «Անուշ», Ալմաթիի «Արաքս», Մայկոպի «Նաիրի», Պերմի «Կռունկ», Տալլինի «Երազանք» պարախմբերը և Էստոնիայի «Տայք» ազգագրական պարերի խումբը: Բոլոր պարախմբերը պարգևատրեցին Սփյուռքի նախարարության պատվոգրերով:

Համո Սահյանի «Ախր ես ինչպես վեր կենամ գնամ» բանաստեղծության ձայնագրությունը հնչեց Սոս Սարգսյանի կատարմամբ:  Երգչուհի Լեյլա Սարիբեկյանը  կատարեց «Հայաստան» երգը: Համերգն ավարտվեց բոլոր պարախմբերի միասնական «Քոչարի»-ով:

Scroll Up