«Չէի պատկերացնի, որ Սփյուռքի նախարարի հետ շախմատային խաղում կհաղթեմ». իրաքահայ պատանի

Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը հուլիսի 11-ին հանդիպեց «Արի տուն» ուսումնաճանաչողական ծրագրի անցումային փուլի մասնակիցների հետ: Նրանք հնարավորություն ունեցան 2,5 ժամ շարունակ  նախարարի հետ շախմատ խաղալ ու նաև սովորել: Մխիթար Հայրապետյանը խաղաց միաժամանակ 19 պատանու հետ:

Նախարարի հետ խաղում հաղթանակ տարավ Իրաքի Բասրա քաղաքից ժամանած 17-ամյա Անդրանիկ Սեպուհ-Սարգսյանը:

«Հայերն այսօր»-ի հետ զրույցում Անդրանիկն ասաց, որ շախմատն իր սիրելի սպորտաձևերից մեկն է, քանի որ այն հնարավորություն է տալիս ճիշտ զարգացնել տրամաբանելու կարողությունը, կողմնորոշվելու ունակությունը և ճկում միտքը: Շախմատ խաղալ նրան մանուկ հասակում սովորեցրել է մայրը: Ազատ ժամանակ նախընտրում է նաև համակարգչային խաղերը:

Խոսելով հաղթանակի մասին՝ Անդրանիկն ասաց, որ ուրախ է Սփյուռքի նախարարի հետ խաղալու հնարավորություն ունենալու համար, այդ պահերը միշտ հիշելու է: Դժվար խաղ է ընթացել, քանի որ Մխիթար Հայրապետյանը լավ է խաղացել, խաղաքարերով բոլոր կողմերից պաշարել է իրեն, ինչն էլ կասկածելու առիթ է տվել՝ կհաղթի արդյոք, թե ոչ:

Անդրանիկը տպավորվել է նաև նախարարի անմիջական պահվածքից և դահլիճում անկաշկանդ մթնոլորտ ստեղծելուց, որի շնորհիվ լարվածությունը թուլացել է:

Խաղից հետո Մխիթար Հայրապետյանը դրվատել է Անդրանիկին, որից ոգևորված՝ նա որոշել է հետագայում ավելի լրջորեն զբաղվել շախմատով:

Անդրադառնալով «Արի տուն» ծրագրին՝ իրաքահայ պատանին ասաց, որ հրաշալի օրեր է անցկացրել, վայելել է ծրագրի ամեն մի պահը, տարբեր երկրներից եկած հասակակիցների հետ ընկերական ջերմ հարաբերություններ է ձևավորել և հիմա չի պատկերացնում, թե ինչպես է նրանցից բաժանվելու:

«Առաջին ճամփորդությունս Հայաստան ինձ համար հայրենասիրության մի մեծ դաս դարձավ: Հասկացա, որ Հայաստանն իմ տունն է, որտեղ վաղ, թե ուշ անպայման վերադառնալու եմ: Մասնակցությունս կարևորում եմ նաև այն հանգամանքով, որ ծրագրի շրջանակներում կազմակերպվող հայրենագիտության դասընացների  ժամանակ բարելավեցի հայերենի իմացությունն ու բազմաբնույթ տեղեկություններ ստացա հայոց պատմությունից, հայ գրականությունից, ճարտարապետությունից և այլ թեմաներից»,-ընդգծեց Անդրանիկ Սեպուհ-Սարգսյանը:

Գևորգ  Չիչյան

Scroll Up