Տեղադրվել են Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր տաճարի խաչերն ու զանգերը
Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր տաճարի կառուցման աշխատանքները թևակոխել են ավարտական փուլ:
Երեկ հանդիսավորությամբ տեղադրվեցին եկեղեցու և զանգակատան գմբեթների խաչերն ու զանգերը:
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հանդիսապետությամբ տեղի ունեցավ խաչերի և զանգերի օծման արարողությունը, որին ներկա էին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, գերատեսչությունների ղեկավարներ, ՊԲ զորամասի զինծառայողներ, ստեփանակերտցիներ և այլք:
Նվիրատվությունների շնորհիվ կառուցվող Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր տաճարի հիմնարկեքը տեղի է ունեցել 2006 թվականի հուլիսի 19-ին՝ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի ձեռամբ: Շուրջ 12 տարի տարի տևող շինարարության ավարտը նախատեսվում է այս տարվա հոկտեմբերի 1-ին, երբ տեղի կունենա եկեղեցու օծման հանդիսավոր արարողությունը: