«Հայացքս միշտ դեպի Հայրենիք բերող ճանապարհին է ուղղված». Հակոբ Փանոսյան

Երուսաղեմի Հայ երիտասարդաց միության ատենապետ Հակոբ Փանոսյանը «Հայերն այսօր»-ի հետ զրույցում ներկայացնում է միության առաքելության, կատարած աշխատանքների մասին, որոնց գլխավոր առանցքում եղել է Սփյուռքում ազգային-մշակութային արժեքների պահպանումը և աշխարհասփյուռ հայ երիտասարդներին՝ Հայրենիք հետ կապերը սերտացնելուն նպաստելը:
-Պարո՛ն Փանոսյան, ե՞րբ է ստեղծվել Երուսաղեմի Հայ երիտասարդաց միությունը և ի՞նչ նպատակով:
-Երուսաղեմի Հայ երիտասարդաց միությունը ստեղծվել է 80 տարի առաջ: Ունենք ֆուտբոլի, բասկետբոլի, մշակութային, սկաուտական, թատերական խմբեր, գործում են պարախումբ ու երգչախումբ, ինչպես նաև հրատարակվում է «ՀԵՄ» եռամսյա թերթը:
Երիտասարդների մտահորիզոնը զարգացնելու նպատակով Հայաստանից և այլ երկրներից գիտնականների և մտավորականների ենք պարբերաբար հրավիրում միություն, ովքեր դասախոսական-բանախոսական արդյունավետ հանդիպումներ են անցկացնում:
Մեր գլխավոր նպատակը հայ երիտասարդների հոգում Հայրենիքին օգտակար լինելու միտքը միշտ արթուն պահելը, հայեցի կրթություն և դաստիարակություն տալն է, որպեսզի օտար ափերում նրանք ուծացման չենթարկվեն, արժանապատիվ հայ մեծանան՝ պահպանելով ազգային դիմագիծը: Կարծես՝ դա մեզ հաջողվել է. նրանց գիտակցության մեջ ազգ-հայրենիք գաղափարը շատ զորեղ է, քանի որ ակումբի կամարների ներքո միշտ թևածում է հայկական մթնոլորտը: Այնտեղ երիտասարդների համար «փոքրիկ» Հայաստան ենք ստեղծել:
Առհասարակ, միշտ նեցուկ ենք եղել մեր Հայրենիքի շենացմանը և հետագայում ևս պատրաստ ենք ծառայելու այդ սրբազան գործին:
– Երուսաղեմահայ երիտասարդներին ճանաչողական այցելությամբ Հայաստան բերու՞մ եք:
-Այդպիսի նախաձեռնությամբ հանդես եմ եկել 2004 թվականին, երբ քառասունչորս երիտասարդների Հայաստան բերեցի՝ ծանոթացնելու տեսարժան, պատմամշակութային վայրերին, ինչպես նաև բանակումի մասնակցելու: Շատ տարիներ են անցել, և մինչև հիմա նրանք հիշում են Հայաստանում անցկացրած հիանալի օրերը:
Այդ ճամփորդությունից հետո ավելի կապվեցին իրենց Հայրենիքին. ամեն ամառ միշտ Հայաստան էին գալիս՝ աշխարհի տարբեր երկրներում գտնվող իրենց բարեկամներին և ընկերներին հրավիրելով Հայաստան՝ այստեղ հանդիպելու և միասին լավ ժամանակ անցկացնելու նպատակով: Բոլորի երազը նորից վերադառնալն է լինում, և իմ հայացքն էլ միշտ դեպի Հայրենիք բերող ճանապարհին է ուղղված:
Տղաս էլ այս տարի ավարտեց Հայաստանի ամերիկյան համալսարանը: Նա այնքա՜ն է սիրել Հայաստանը, որ չի ուզում վերադառնալ Երուսաղեմ:
-Պարո՛ն Փանոսյան, Ձեզ ի՞նչն է առաջ մղում հայապահպան գործեր կատարելու համար:
-Լինելով Հայոց ցեղասպանություն տեսածների ժառանգ, հասկանալով, թե նախնիներս ինչ զրկանքներ են կրել գաղթի ճանապարհին՝ պարտքս եմ համարում նրանց անմահ հիշատակի առջև ազգանպաստ գործեր կատարել. այդպիսով հոգեպես ինձ հանգիստ եմ զգում:
– Ե՞րբ է եղել Ձեր առաջին այցելությունը Հայրենիք:
– Եղբորս հորդորով 2000 թվականին առաջին անգամ եկա Հայաստան: Այդ այցելությունը, կարելի է ասել, շրջադարձային եղավ ինձ համար. շատ սիրեցի Հայաստանի ամեն մի անկյունը, անբացատրելի կապվածություն առաջացավ առ Հայրենիք:
Դրանից հետո ավելի հաճախակի դարձրեցի այցելություններս: Ամեն անգամ Հայաստանում գտնվելիս՝ ընտանիքիս հետ շրջում ենք տարբեր վայրերով, լիցքաթափվում, նաև լավ ժամանակ եմ անցկացնում ընկերներիս հետ:
-Պարո՛ն Փանոսյան, ի՞նչ գնահատական կտաք Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխությանը:
–Անշուշտ, ակնդետ ամեն րոպե հետևում էինք Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին: Սփյուռքն էլ, որքան նկատել եմ, ուրախ է Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունից՝ լիահույս սպասելով, որ հետագայում ամեն ինչ լավ է լինելու: Մեր պետությունն ուղիղ ճանապարհի վրա է գտնվում, միայն պետք է ժողովուրդը համբերությամբ և հույսով լցված՝ սպասի: Համոզված եմ՝ ոչնչի միանգամից չենք հասնի:
Պետք է ձեռք բերված հնարավորությունները խելամիտ օգտագործել և թույլ տալ ՀՀ կառավարությանը նոր Հայրենիք կերտել: Հայերն աստվածընտրյալ ազգ են, մենք շատ դժվարություններ ենք հաղթահարել: Ազգային համախմբվածություն ցուցաբերելով՝ կհաղթահարենք մեր առջև ծառացած մարտահրավերներն ու նոր հաղթանակներ կգրանցենք:
Գևորգ Չիչյան