«Պետք չէ, որ աշխարհասփյուռ հայության մասնագիտական ներուժի ներառումն ուշանա Հայաստանի Հանրապետության պետական համակարգում». Շահան Գանտահարյան

Սփյուռքի առաջնակարգ լրատվամիջոցներից մեկի՝ «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, լրագրող, հասարակական-քաղաքական գործիչ Շահան Գանտահարյանի ծավալած հայրենասիրական անդադրում, անզիջում գործունեության աշխարհագրական տարածքները սփռված են աշխարհով մեկ՝ այնտեղ, ուր կան հայեր, ուր արծարծվում կամ շահարկվում է «հայկական հարցը» այն հզոր գերտերությունների քաղաքական հարթակներում, որտեղ Հայոց հարց, Հայաստան, Արցախ, Սիրիա բառերը, տարածքները որոշ նկրտումների ու գերակայող, հեռահար շահերի համար հզոր խաղաքարտ ու միջոց են: Գանտահարյան հայորդու հետ  «Հայերն այսօր»-ի  համար ունեցած զրույցս՝ գերզբաղված գործչի  թանկ և սուղ ժամանակից մի փոքրիկ «ավար» է ընդամենը, որը սիրով ներկայացնում եմ մեր ընթերցողների ուշադրությանը:

-Պարո՛ն Գանտահարյան, չեմ ասում՝ բարի գալուստ Հայաստան, սա Ձեր՝ հայի տունն է. գիտեմ, որ Դուք նույնպես մասնակցել եք «Ալիք» օրաթերթի 85-ամյա հոբելյանի տոնակատարությանը. ինչպե՞ս կբունաթագրեք այն՝ դա սոսկ օրաթե՞րթ է, թե՞ հայահավաք մի օջախ, մի փոքրիկ հանգրվան, հայերի համագործակցության և շփման մի հարթակ…

-Թեև առիթներ շատ են եղել, սակայն դա իմ առաջին այցն էր Իրան, և շատ հարազատ առիթ էր, որովհետև կարծում եմ, որ հատկապես տպագիր մամուլի որևէ ներկայացուցչի համար այն  պետք է տոն լինի, որը հակառակ դժվարություններին՝ շարունակում է իր երթը: Պետք է ասեմ, որ բոլոր տեսանկյուններից շատ կազմակերպված ու արժանավայել հոբելյան նշվեց: «Ալիք»-ը շատ գործառույթներ է իրականացնում այսօր և եթե երեկ հիմնական առաքելությունը միայն հայապահպանման խնդիրն էր, ապա այսօր նաև հանրային կարծիքի ձևավորման, հակառակորդների սանձազերծած ապատեղեկատվական նյութերին հակազդելու, ճիշտ ուղղորդելու, խնդիրները լուսաբանելու առաքելությունն է իրականացնում: Թերթն այսօր գործում է աշխարհագրականորեն շատ զգայուն տարածաշրջանում, որտեղ հետզհետե Իրանը դուրս է գալիս մեկուսացումից. միջինարևելյան թեժ իրադարձությունների հորձանուտում Իրանի գործոնի ազդեցիկ լինելու խնդրի, Իրան-Հայաստան միջպետական հարաբերությունները լուսաբանելու առումով, Իրանի և միջինարևելյան տարբեր պետությունների հարաբերությունների, Իրանի զինվորաքաղաքական ներկայությունը, որը, համենայն դեպս, կարծում եմ ՝նաև հայկական և իրանյան շահերի համատեղելիության  ընդհանուր համատեքստում  է, «Ալիք»-ն այդ ամենի ճիշտ լուսաբանման  օբյեկտիվ լուսամուտն է, որից ներս նայելով՝ մենք կարող ենք  օբյեկտիվ գնահատական տալ  տարբեր ուղղություններով ծավալված իրադարձություններին:

-Դա՞  եք համարում օրաթերթի երկարակեցության գաղտնիքը:

-Երկարակեցության գաղտնիքը…պետք չէ մոռանալ, որ նաև գաղափարական դիմագիծ ունի, որին անդավաճան է: «Ալիք»-ն Իրանում գործող Հայ հեղափոխական դաշնակցության պաշտոնաթերթն է, որը սոսկ կուսակցական պաշտոնաթերթ չէ, այն վերածվել է ողջ իրանահայության թերթի և այս բոլոր առումներով ողջունելի է նրա 85-ամյա երթը. մաղթում եմ, որ այս 85-ամյա ծերունին միշտ եիտասարդ և գործունյա մնա:

-Պարո՛ն Գանտահարյան, քանի որ  հարցիս պատասխանն ավարտեցիք շնորհավորական խոսքով, ես կուզենայի անդրադառնաք նաև 25 տարի անկախացած ապրող Հայաստանին:

-Իհարկե, ամենամեծ ձեռքբերումը պետականության կայացումն է և, ընդ որում, այսօր նաև քաղաքական տարբեր շարժառիթների, դեպքերի բերումով՝ երկու հանրապետություն ունենալն է, այսինքն՝ պատկերացնել, որ երկար ժամանակ պետականությունից զրկված լինելով՝ այժմ նաև ունենք երկու հանրապետություն, պետական գերատեսչություններ, պետականաշինարարական ակտիվ և արդյունավետ աշխատանքներ: Փորձելով   հարցին նայել նաև սփյուռքյան հայացքով՝ ուզում եմ կենտրոնանալ մի դիտարկման վրա. բավականին ծավալուն է այսօր Հայաստան-Սփյուռք հարաբերությունների կառուցակարգված, ձևաչափերով համագործակցությունը, աշխատանքը, որում մեծ է Սփյուռքի նախարարության դերը, որովհետև այդ  հարաբերությունների կառուցակարգման  առաջին քայլը  Սփյուռքի նախարարության հաստատումն էր և կարծում եմ, որ նախարարությունը լիարժեք ու պատվով կատարում է իր գործառույթները՝ Սփյուռքի ներուժը, մարդուժը ներգրավելով Հայաստանի պետականության կերտման, կայացման և զարգացման գործում: Ես անընդհատ մտածում էի, որ Անկախության 25-ամյակը շատ հատկանշվեց անկախության սերնդի ձեռք բերած հաջողությունների ներկայացումով. բովանդակալից համերգ էր, հրաշալի երեկո, որի բոլոր մասնակիցները, կատարողները մեր Անկախության տարիքի համաչափ էին, այսինքն՝ մինչև 25 տարեկան երիտասարդներ: Ես սկսեցի մտածել, որ Սփյուռքն էլ ունի մինչև Անկախությունը ծնված երիտասարդներ. նախքան Անկախությունը՝ Սփյուռքում մեր սերունդը, մեզնից ավագ սերունդը տարօրինակ զգացողությամբ էր ապրել՝ գիտեր, որ ուներ Հայրենիք՝ Սովետական Հայաստանը, բայց նաև Հայրենիքը միջազգային ընտանիքում իրավակարգային առումով ներկայացված չէր, այսինքն՝ Հայրենիքը կար, սակայն անկախ չէր: Շրջադարձ կատարվեց և, կարծում եմ, որ  Սփյուռքի կազմակերպված հոլովույթի ամրագրման, Սփյուռքի քաղաքաքականացման, հայրենակենտրոն  Սփյուռք ունենալու, Հայաստանով ապրող Սփյուռք ունենալու այս փիլիսոփայությունն էլ ապահովեց մեր անկախությունը: Սա բյուրեղացման շատ կարևոր մի շրջադարձ էր: Մենք պետք է կարողանանաք անկախության  աշխարհագրականորեն բաժանված երկու սերունդները միավորել, և այդ միավորման առանցքային կամուրջը Հայաստանն է: Մենք անկախության փիլիսոփայական սփյուռքյան հայացքն այս ուղղությամբ պետք է նաև ավելի խորացնենք, որովհետև կարծում եմ, որ ոչ միայն ներկան՝ իր արդյունքներով, անցած ուղով, այլև պետք է հեռանկարը պատրաստենք, քանի որ հեռանկարի պատրաստումը պետք է լինի այս միջերիտասարդական հավաքագրումը, այդ հարթության վրա  համահայկական հասարակության ձևավորումը, և այդ առաջադրանքը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությամբ, Հայաստանակենտրոն կառուցակարգված Սփյուռքի գոյությամբ, որում անպայման պետք է ներգրավել երիտասարդությանը:

-Պարո՛ն Գանտահարյան,  «Ազդակ»-ը կարո՞ղ է արդյոք այդ դերը կատարել:

-Անշո՛ւշտ, «Ազդակ»-ը կարող է այդ դերը կատարել, դառնալ այդպիսի հիմնաքարերից մեկը և՛ տեղեկատվական, և՛ վերլուծական, և՛ քննական մտքի զարգացման առումներով, բայց այս սինթեզի մեջ, որն, ի վերջո, պետք է բխի քննարկումներից և մտքերի կուտակումից, շատ կարևոր է նաև մամուլի դերը, որում  անվերջ պետք է սերտ հարաբերությունների մեջ մտնեն Հայաստանի և Սփյուռքի  լրատվամիջոցները: Այդ ուղղությամբ աշխատում ենք, և ես քիչ առաջ, երբ խոսում էի կառուցակարգված ձևաչափերի մասին, կարծում եմ՝ դրանցից ամենահաջողված օրինակներից մեկը Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ համաժողովների անցկացումն է և այդ համաժողովներն իրականացնող հանձնաժողովների, համակարգող խորհրդի ստեղծումը. իհարկե, կա՛ն այդպիսի համակարգող խորհուրդներ, բայց ավելի իրազեկ կարող եմ խոսել տեղեկատվական ոլորտի մասին, որում ներգրավված են և՛ Արցախից, և՛ Հայաստանից, և՛ Սփյուռքից: Համակողմանի քննարկումները, համաժողովները, մասնագիտական զեկուցումները, ինչպես նաև՝ համաժողովների միջև ընկած ժամանակահատվածը ճիշտ համակարգելու աշխատանքները կնպաստեն վերը նշված առաջադրանքին: Շատ ուրախալի է, որ այս ամենին զուգահեռ տեղի են ունենում Լրագրողների դպրոցի դասընթացները, որոնց երիտասարդներ են մասնակցում աշխարհագրական  տարբեր տարածքներից. ես նկատել եմ, որ Սփյուռքի նախարարության հիմնական աշխատանքների առանցքային  ուղղությունների թիրախը  երիտասարդությունն է: Սա ևս շեշտում է Հայաստանի և Սփյուռքի անկախության սերունդների մտքերի համատեղման, առաջադրանքների նույնացման, մանավանդ՝ այդ առաջադրանքների իրականացման  համար միասին աշխատելու միջավայրի ստեղծման կարևորությունը:

-Շատ է խոսվում Հայոց ցեղասպանության ճանաչման, դատապարտման և պահանջատիրության, Ցեղասպանությունը ժխտելու քրեականացման օրենքների մասին. գրեթե ողջ  աշխարհում Հայոց հարցն այլևս դարձել է անշրջելի մի կարևոր  հաղթաթուղթ. այսօր նախկին Օսմանյան կայսրությունից աշխարհին ժառանգություն մնացած  Թուրքիայում  ներքին խժդժություններ են, ներքաղաքական և արտաքին լարված իրավիճակ. ի՞նչ եք կարծում, Թուրքիան կարո՞ղ է արդյոք ստեղծված իրավիճակի  արդյունքում թուլանալ, որը  ապագայում կնպաստի Հայոց հարցի լուծմանը:

Ընդհանրապես, եթե նկատի ունենանք քաղաքական և պատմաքաղաքական իրադրությունները, տեսնում ենք, որ ժամանակի ընթացքում կայսրություններ են փլուզվել, ավելի փոքր պետություններ հզորացել են. այս հարափոփոխությունները մենք պատմական հայացքով տեսնում ենք: Այս հարափոփոխ աշխարհը, նաև պետությունների հզորության չափանիշերի ուռճացման կամ փոքրացման արագակշռույթ փոփոխությունը հատկանշում է ժամանակակակից քաղաքական իրադրությունների ընդհանուր դաշտը: Մենք տեսնում ենք, թե ինչպես արտաքին պատվերով պետություններ են քայքայվում ներքին պատերազմներից, թե ինչպես պատերազմներ անցած այլ վայրերում, քաղաքական շարժառիթներից մեկնած, համեմատական խաղաղություն է տիրում, տեսնում ենք, թե ինչպես են փլուզվում տնտեսական կայսրություններ, ինչպես որոշները կայուն են մնում, այսինքն՝ հարափոփոխությունը շատ արագ ընթացք է ստացել և բացառված չէ, որ նաև երեկվա համեմատական չափանիշերով  Թուրքիայի հզոր պետությունն այսօր  կանգնի շատ լուրջ ճգնաժամի, հնարավոր է՝ նաև մասնատման առջև: Թուրքիայի թիվ առաջին խնդիրը քրդական գործոնն է, և այսօր աշխարհաքաղաքական օրակարգ է նաև ոչ անպայման Քյուրդիստանի ստեղծումը, բայց այդ երազի կամ այդ ընդհանուր տեսլականի գործոնն իբրև  խաղաթուղթ օգտագործելը…Թուրքիայի մասնատման տեսությունը ոչ միայն արծարծվում է աշխարհաքաղաքական ուժերի համապատասխան վերլուծական կենտրոնների կողմից, այլև՝ հե՛նց Թուրքիայի ամենաբարձր պաշտոնյայի կողմից. մեկ անգամ չէ, որ նախագահ Էրդողանը խոսել է Թուրքիային սպառնացող վտանգի մասին: Համենայնդեպս, կարծում եմ, որ գերխանդավառվելը քաղաքական տրամաբանությամբ ճիշտ չի լինի: Մենք պետք է կարողանանք մեր դիտանկյունից ճիշտ կանխատեսել իրադարձությունների ուղղությունը, չթերագնահատել ու չգերագնահատել ոչինչ և իրատեսական քաղաքական մոտեցում ունենալ հարցին, և այդ ժամանակ մենք կկարողանանք առավելություններ ձեռք բերել՝ հիշելով, որ քաղաքականության մեջ երբեմն փոփոխությունները շատ կտրուկ և շատ արագ են  ընթանում. հիշենք, թե վերջերս ինչ թշնամանքի էին հասել ռուս-թուրքական հարաբերությունները, և ինչպես դրանք փոխվեցին: Կարծում եմ, որ խնդիրը  քաղաքական շահերի համատեղելիության կամ հակասման  տրամաբանությամբ պետք է դիտարկել և պետք է ճիշտ կողմնորոշվել յուրաքանչյուր ժամանակահատվածում:

-Պարո՛ն Գանտահարյան, ըստ Ձեզ, Հայաստան-Սփյուռք համագործակցության ամրապնդման հարցում, երկուստեք, շահեկան առումով առավել սերտացման կարևոր գործոնը ո՞րն է:

-ժողովրդի տեղաբաշխվածության այսօրվա պատկերը մեզ հուշում է, որ մեր

ժողովրդի հստակ մեծամասնությունն ապրում է Սփյուռքում. կա կազմակերպված դասական Սփյուռք, նվազ կազմակերպված Սփյուռք և անտեսանելի Սփյուռք: Այդ անտեսանելի Սփյուռքի հետ ակտիվ աշխատելը բավականին բարդ աշխատանք է, սակայն  մանրապատկերներ նկատի ունենալով, Լիբանանի օրինակը տալով՝ մենք այսօր հանդիպում ենք հայերի, ովքեր խառնամուսնությունների բերումով շատ ավելի հեռու են համայնքային կյանքից, բայց Հայաստանի քաղաքացիություն ստանալու իրավունքով, հայկական ծագում ունենալու իրավական դրույթից օգտվելով՝ ինչ-որ կապ են ստեղծում հայկականության հետ: Լինելով Հայաստանի քաղաքացի, սակայն մասնակից չդառնալով համայնքային կյանքին, անգամ հայերեն չիմանալով, հայ մշակույթին չառնչվելով՝ այսօր պատկանելության ինչ-որ փաստաթուղթ ունեն, որը նաև ազդում է նրանց գիտակցության վրա: Ճիշտ աշխատանքի դեպքում սա կարելի է փոխանցել սերնդից սերունդ: Քաղաքացիությունը շատ կարևոր է համահայկական հասարակության ձևավորման գործում, սակայն այն բավարար գործոն չէ: Մարդուժի հավաքագրավումը շատ կարևոր է, մասնագիտության դար է, և մասնագիտական մարդուժը պետք է լիարժեքորեն օգտագործվի այստեղ: Ես հավատում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը Հայրենիքն է և՛աշխարհասփյուռ հայության, և՛ հայրենաբնակ հայության: Պետք չէ, որ աշխարհասփյուռ հայության մասնագիտական ներուժի  ներառումն ուշանա Հայաստանի Հանրապետության պետական  համակարգում:

Պարո՛ն Գանտահարյան, շատ շնորհակալ եմ բովանդակալից  հարցազրույցի և  մեզ տրամադրած քաղաքական ինքնատիպ վերլուծությունների համար:

Կարինե Ավագյան

 

 

Scroll Up