Պոլսահայ բժշկի մտահոգությունը Սփյուռքում հայապահպանությունն է, հայրենիքում՝ Արցախին օգտակար լինելը

Ավստրիայում ապրող պոլսահայ բժիշկ Արա Ուղուրլույանն արդեն 3 տարի  է՝ այցելում  է Ստեփանակերտ և իրականացնում անոթային անվճար վիրահատություններ, ինչպես նաև վերապատրաստում երիտասարդ մասնագետների, ինչի շնորհիվ անցյալ ամիս, երբ  պոլսահայ անոթաբանը դարձյալ Ստեփանակերտ էր այցելել, արցախցի բժիշկներն առաջին անգամ կատարեցին անոթային բարդ վիրահատություններ:

Արա Ուղուրլույանի մտահոգությունը միայն Արցախին օգտակար լինելը չէ: Սփյուռքում կարևորելով հայապահպանությունը՝ նրա անմիջական ջանքերով 2017 թվականին Ավստրիայի Զալցբուրգ քաղաքում հիմնադրվել է հայկական համայնք և դպրոց: Այս թեմաների շուրջ «Հայերն այսօր»-ը զրույցել է  Արա Ուղուրլույանի հետ:

Պարո´ն Արա, Դուք արդեն 2-րդ տարին է՝ այցելում եք Արցախ և վիրահատություններ կատարում: Սա շատ կարևոր առաքելություն է Ձեր կողմից: Ե՞րբ եք նման որոշում կայացրել, և ո՞րն է եղել Ձեր որոշման պատճառը:

– Մոտավորապես երեք տարի առաջ իմ վաղեմի ընկեր, Երևանի բժշկական համալսարանից Գևորգ Յաղջյանն ինձ խնդրեց՝ աջակցել ստեփանակերտցի երիտասարդ անոթային վիրաբույժ Դավիթ Խաչատրյանին՝ վերապատրաստվել Ավստրիայում:  Այդպես ես ծանոթացա վիրաբույժ Դավիթ Խաչատրյանի հետ և տեղեկացա Արցախի բժիշկների խնդիրներին: Նաև իմ մեջ ծնունդ առավ Ստեփանակերտ գնալու ու միասին վիրահատություններ կատարելու գաղափարը:

Այս տարի Ձեր անմիջական հսկողությամբ Արցախի բժիշկներն առաջին անգամ կատարել են բավականին բարդ անոթային վիրահատություններ: Փաստորեն, դուք ո´չ միայն  վիրահատություններ եք կատարում, այլև մասնագետների եք վերապատրաստում:

– Երբ 2016 թվականի դեկտեմբերին անոթային վիրահատություններ կատարելու համար ավստրիացի մասնագետներով առաջին անգամ Արցախ գնացինք, մենք չէինք կարող պատկերացնել, թե մեզ ինչ անակնկալներ էին սպասվում: Թեև նախկինում որպես զբոսաշրջիկ երեք անգամ եղել էի Արցախում, բայց առողջապահական բնագավառի մասին որևէ տեղեկություն չունեի: Անկեղծ, ես մի քիչ մտավախություն ունեի, որ իմ ավստրիացի գործընկերների մոտ հնարավոր է ամոթով մնամ, եթե Ստեփանակերտի հիվանդանոցն ու բժշկության որակը եվրոպական մակարդակի համեմատ շատ համեստ լինեին: Սակայն մեծ ուրախությամբ ու հպարտությամբ կարող եմ ասել, որ հիվանդանոցի մաքրությունը, բժշկական անձնակազմի հմտությունը, արհեստավարժությունը, աշխատասիրությունն ինձ և իմ օտար գործընկերներին զարմացրեց: Եղել են օրեր, երբ մենք, առանց չափազանցնելու, ստիպված ենք եղել 16 ժամ վիրահատություններ կատարել: Բայց բժշկական անձնակազմը, մեզ հետ աշխատող բույժքույրերը, անոթագրության սարքավորման մասնագետները դժգոհության կամ հոգնածության ոչ մի նշույլ ցույց չեն տվել: Իմ ավստրիացի գործընկերներն այս երևույթից շատ էին ազդվել, ու ես էլ, անշուշտ, հպարտ էի, որ կարողացա լավ ներկայացնել իմ ժողովրդիս:

Քանի որ անոթային, ներերակային վիրահատությունները մեծ գումարների հետ են կապված, պարզ է, որ նյութական միջոցների սակավության  պատճառով նման վիրահատություններ  Արցախում առ այսօր չեն կատարվել: Հետևաբար, մեր բժիշկներն էլ հնարավորություն չեն ունեցել այս բնագավառում զարգանալ:

Ինչպես ասացի, արցախցի մեր երիտասարդ գործընկերները, բժշկական անձնակազմն իրենց աշխատասիրությամբ, նվիրվածությամբ ու այլ առաքինություններով ինձ շատ էր զարմացրել: Այդ պատճառով որոշեցի՝ որպես իմ առաքելության նպատակ, ընտրել երիտասարդ գործընկերներին վերապատրաստելու գործը, որպեսզի նրանք ապագայում կարողանան ինքնուրույն կատարել նման վիրահատություններն առանց իմ ներկայության: Ինչպես մեզ մոտ են ասում՝ ավելի լավ է մեկին ձկնորսություն սովորեցնել, քան տևական ժամանակ ձուկ նվիրել:

– Պարբերաբար լինում եք Արցախում: Ձեր կարծիքով Արցախի առողջապահության բնագավառն ի՞նչ մակարդակի վրա է, և հատկապես ո՞ր ոլորտներին պետք է ուշադրություն դարձնել:

– Անկեղծ, ես Արցախում հիմնականում սրտանոթային և ստորին վերջույթի անոթային հիվանդությունների հետ կապված խնդիրներին եմ ծանոթ: Եթե հաշվի առնենք, որ Արցախում մահացության 40-42 տոկոսի պատճառն անոթային խցանումներն են, ապա արդիական անոթաբուժությունն անհնար է առանց գումարային ներդրումների: Պետությունն ավելի շատ նյութական միջոցներ պետք է  հատկացնի այս բնագավառը զարգացնելու համար: Իմ կարծիքով ամենակարևոր հանգամանքն այն է, որ Արցախը կարիք ունի պետության  հովանավորությամբ զանգվածային լուրջ պայքար մղել ծխախոտի օգտագործման դեմ, քանի որ սրտանոթային հիվանդությունների ամենահիմնական պատճառներից մեկը ծխախոտի  օգտագործումն է:

– Պարո´ն Արա, Արցախում գտնվելիս՝ ժամանակ գտնո՞ւմ եք արցախցիների հետ շփվելու: Ի՞նչ կարծիք ունեք արցախցիների մասին և հատկապես ո՞ր բնավորության գիծն է Ձեզ դուր գալիս:

– Վերջին երկու տարվա այցելություններս միայն մասնագիտական են եղել, դժբախտաբար, իմ արցախցի գործընկերներից բացի Արցախի ժողովրդի հետ շփվելու ժամանակ ու առիթ չեմ ունեցել: Այն մարդիկ, որոնց  հետ ես ու իմ ավստրիացի ընկերները տևական կապի մեջ ենք եղել, մեզ այնքան համակրանք ենք ներշնչել, որ իմ գոծընկերները պատրաստակամություն են հայտնել կրկին Արցախ այցելել: Իսկ մեզ հետ աշխատող բժշկական սարքավորումների ընկերության ճապոնացի ներկայացուցիչը խանդավառված հայտնեց, որ ինքն ապագայում պիտի աշխատի, որ իրենց ընկերության բարեգործական բյուջեից հատկացումներ կատարվեն նաև Արցախի անոթաբաններին:

Ինչ վերաբերում է Ստեփանակերտին, ապա առանց չափազանցնելու կարող եմ ասել, որ այն մաքրությամբ, կարգ ու կանոնով ո´չ մի եվրոպական քաղաքի չի զիջում, ինչը ևս իմ ավստրիացի ընկերներին զարմանք պատճառեց:

Հիշո՞ւմ եք Արցախ կատարած ձեր առաջին այցելությունը: Ի՞նչ տպավորություններ եք ունեցել: Ամեն անգամ Արցախ այցելելիս՝ հատկապես որ վայրում եք սիրում լինել:

– Առաջին անգամ Արցախում եղել եմ 2001 թվականին: Այդ ընթացքում այցելեցի պատմության թանգարան, որն ինձ չափազանց տպավորեց: Հաջորդող տարիներին մի քանի անգամ ևս այցելեցի Արցախ, առիթ ունեցա լինելու Գանձասարում, Վանք գյուղում, Ամարասում և այլ վայրերում: Ամեն անգամ ինձ հետ նոր ընկերներ բերելով՝ նրանց հետ կրկին խանդավառվում եմ:

– Պարո´ն Արա, Դուք նաև հայկական համայնքի ակտիվ անդամներից եք: Ձեր նախաձեռնությամբ Զալցբուրգ քաղաքում հայկական դպրոց է բացվել: Ի՞նչն առիթ դարձավ դպրոցի բացման համար:

– Ես ու կինս 1998 թվականին Վիեննայից տեղափոխվեցինք Զալցբուրգ: Այդ ժամանակ քաղաքում Մերձավոր Արևելքից գաղթած միայն մի քանի հայեր էին ապրում: 90-ականներից սկսած, երբ Հայաստանից զանգվածային արտագաղթ սկսվեց, հետզհետե Զալցբուրգում ևս սկսեցին հայաստանցի ընտանիքներ հայտնվել: Երբ ես սկսեցի նրանց հետ շփվել, ցավով նկատեցի, որ նույնիսկ Հայաստանում ծնված փոքր երեխաները հայերեն գրել ու կարդալ չգիտեն, իսկ դպրոցականներն էլ խոսում էին գերմաներենով աղավաղված հայերենով: Պատկերացրեք, Ցեղասպանության ժամանակ Սիրիայի անապատներում մեր մայրերն ու մեծ մայրերը սոված, ծարավ, մահն արհամարհելով, ավազի վրա մեսրոպյան տառերը գծելով՝ իրենց տկար ու հիվանդ երախաներին մայրենին էին սովորեցնում, բայց  այսօր Ավստրիայի խաղաղ երկինքի տակ մեր երախաներն ի վիճակի չէին երկու բառ հայերեն գրել կամ կարդալ: Այս երևույթն ինձ շատ ցավ էր պատճառում, բայց միայնակ ոչինչ անել չէի կարող:

Ինչպես ասում են՝ ամեն ինչ իր ժամանակն ունի: Տարիներ անց ինձ միացան համախոհ հայրենասեր, երիտասարդ ուժեր և միասին հիմնեցինք Զալցբուրգի ու շրջակայքի հայ համայնքը, որը 2017 թվականի մայիսին օրինապես վավերացվեց Զալցբուրգի նահանգի պետական կառույցների կողմից: Մեր հիմնական նպատակը հայապահպանությունն է, ինչն առանց դպրոցի հնարավոր չէ: Մենք բարեբախտություն ունենք, որ մեր համայնքում կան անձնվեր ուսուցչուհիներ, որոնց անշահախնդիր աշխատանքի շնորհիվ համայնքի կազմավորման առաջին իսկ օրից սկսեց կազմավորվել նաև դպրոցն իր երկու դասարաններով: Այժմ վեց տարեկանից մինչև քսան տարեկան 26 աշակերտ ամեն կիրակի հաճախում են կիրակնօրյա հայկական վարժարան:

Արդեն բոլորեցինք մեր ուսումնական առաջին տարին: Ուրախությունս անսահման է, երբ տեսնում եմ, որ մեր փոքրիկ երեխաները հայերեն են գրում ու կարդում: Մենք հարուստ համայնք չենք, պետությունից որևէ աջակցություն չենք ստանում, մեր կարիքները հոգում ենք միայն մեր անդամների անդամավճարով: Միակ աջակցությունը եղել է Հայաստանի սփյուռքի նախարարության հայերեն գրքերի նվիրատվությունը, որի առիթով ուզում եմ մեր անկեղծ շնորհակալությունը հայտնել նախարարությանն ու հայրենի պետությանը:

Եվ վերջին հարցը. պարո´ն Արա,. կպատմե՞ք Ձեր արմատների մասին: Որտեղի՞ց են Ձեր նախնիները և ե՞րբ եք հաստատվել Ավստրիայում:

– Ես ծնվել եմ Թուրքիայի հայաշունչ Պոլիս քաղաքում: Ծնողներս պոլսեցի էին, բայց նրանք եղել են գաղթականի զավակներ: Մորս մայրը վանեցի է, հայրը՝ օրդոցի, վերջինս Տրապիզոնին կից հայաբնակ քաղաք էր: Հայրական մեծ հայրս կեսարացի էր, մեծ մայրս՝ դարդանելցի:  Բոլորը 20-րդ դարասկզբի արհավիրքները վերապրելով՝ հաստատվել էին Պոլիսում:

Ես շատ հպարտ եմ իմ նախնիներով ու երախտապարտ նրանց հիշատակի առաջ: Հայրենիքի հանդեպ սերը ժառանգել եմ իմ ծնողներից, քանի որ հայրս՝ Կարպիս Ուղուրլույանը,  Թուրքիայում առաջին ձեռներեցն է եղել, որը Թուրքիայից դեպի Հայաստան առաջին զբոսաշրջիկների խմբերի այցելություններն է կազմակերպել և 1971 թվականից սկսած, տարին 2-3 անգամ, Հայաստան է այցելել:

Երբ 19 տարեկան էի, հայրս ինձ Վիեննա ուղարկեց՝ ուսում ստանալու: Վիեննայի բժշկական համալսարանն ավարտելուց հետո՝ ներքին հիվանդությունների մասնագիտության մեջ հմտացա, իսկ ավելի ուշ, մասնագիտացա անոթային դոպպլեր ձայնագրության և ներանոթային վիրահատությունների ուղղությամբ: Երկար տարիներ Վիեննայի կենտրոնական համալսարանի հիվանդանոցում պաշտոնավարելուց հետո՝ 1998 թվականին տեղափոխվեցի Զալցբուրգ:

Վերջում կուզեմ հավելել, որ երկու ամիս հետո՝ օգոստուսին, կրկին Հայաստան պիտի գամ և, անշուշտ, Արցախ էլ պիտի այցելեմ, այս անգամ՝ ընտանիքով: Թեպետ այդպիսի ծրագիր չունեի, բայց Հայաստանում ծավալված վերջին իրադարձություններից ու ժողովրդավար կարգերի հաստատումից շատ ազդված՝ երկու աղջիկներս ու կինս, ինքնաբերաբար, ցանկություն հայտնեցին Հայաստան գալ, ինչին ես ուրախությամբ ընդառաջեցի:

Զրուցեց Լուսինե Աբրահամյանը

Scroll Up