Թուրքիայի միակ հայկական գյուղի կանայք կմասնակցեն խոհարարական դասընթացների
Թուրքիայի զարգացման նախարարության աջակցությամբ սահմանամերձ Հաթայ քաղաքում բացվել են խոհարարական դասընթացներ, որոնք ընթանալու են «Պատմությունից եկած համեր» խորագրի ներքո։
Ընդհանուր 550 ժամ տևող դասընթացներին Հաթայի Սամանդաղ շրջանում գտնվող հայկական Վաքըֆլը գյուղից մասնակցելու է 28 կին։ Ի դեպ, Վաքըֆլըն Թուրքիայի միակ հայկական գյուղն է։
Դասընթացների ժամանակ հայ կանայք պատրաստելու են ավանդական տոլմա և մի շարք այլ ուտեստներ:
Նշյալ ծրագրին իր աջակցությունն է հայտնել Հաթայում գտնվող հայկական ուղղափառ եկեղեցու հիմնադրամը։ Վերջինիս նախագահ Ջեմ Չափարի խոսքերով՝ այս նախագծի համար հայկական եկեղեցուն հատկացվել է 198.000 թուրքական լիրա (մոտ 42.000 դոլար)։