Սփյուռքում անցկացվելու են Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված մի շարք միջոցառումներ
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2018/05/գանտահարյան.jpg)
Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված Սփյուռքում մի շարք միջոցառումներ են նախատեսվում: «Արմենպրես»-ի մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը:
Նրա խոսքով՝ դեռ մի քանի ամիս առաջ Սփյուռքի բազմաթիվ համայնքներում ձևավորվել են հանձնաժողովներ, որտեղ ներգրավվել են կուսակցություններ, տարբեր միություններ: «Ես կարծում եմ, որ հարյուրամյակը չպետք է սահմանափակել միայն այս ամսվա, կամ այս տարվա կտրվածքով: Անհրաժեշտ է գիտական, քաղաքական ախիվային փաստաթղթերի հետ կապված շարունակել քննարկումները»,-ասաց նա:
Գանտահարյանը նշեց, որ մայիսի 30-ին Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակի միջոցառումների շրջանակներում կմեկնարկի Լրագրողների համահայկական 8-րդ համաժողովը: «Համաժողովի ընդհանուր թեման Հայոց պետականությունն է լինելու, որին մասնակցելու են Սփյուռքի տարբեր ԶԼՄ-ների ներկայացուցիչներ: Համաժողովը Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ է»,-ընդգծեց Գանտահարյանը, հավելելով, որ անդրադարձ կկատարվի նաև Առաջին Հանրապետության ժամանակահատվածում լույս տեսած մամուլին, պետականությանը: Սփյուռքից եկած լրագրողները հանդիպումներ ունենալու առիթ կունենան հայաստանյան գերատեսչությունների ղեկավարների հետ: