Հայկական պետականության հոբելյանը Մոսկվայում կնշվի հանդիսավոր երեկոյով

«Բազմադարյա Հայաստանի նոր պետական ուղին» խորագրով հանդիսավոր երեկոն, որը նվիրվում է Հայաստանի Հանրապետության 100–ամյակին, մայիսի 23–ին Մոսկվայի Գրողների տանը կհամախմբի հայ համայնքի ներկայացուցիչներին և Հայաստանի բարեկամներին:

Միջոցառումը կազմակերպում են ԴԻԱԼՈԳ հասարակական կազմակերպությունը և Մոսկվայի հայկական երիտասարդական ընկերակցությունը` Հայաստանի Հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100–ամյակի մոսկովյան հանձնաժողովի գործունեության շրջանակներում:

Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում է ԴԻԱԼՈԳ կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը, երեկոյի բանախոսները` ՌԴ Պետական Դումայի պատգամավորները,  գիտնականները և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, ընդգծելու են 1918 թ. հայկական պետականության վերականգնման ճակատագրական նշանակությունը հայ ժողովրդի համար, ինչպես նաև ներկայացնելու են ժամանակակից Հայաստանի խնդիրները, երկրի առաջընթացին ուղղված վերջին փոփոխությունները:

Իսկ միջոցառման գողարվեստական մասում միջազգային մրցույթների դափնեկիր ճանաչված արտիստները մոսկովյան լսարանին կներկայացնեն հայկական դասական երաժշտական արվեստի նմուշներ:

Երեկոն կոչված է նպաստելու հայկական պետականության շուրջ հայ համայնքի ներուժի համախմբմանը և համագործակցության ծրագրերում դրա ընդգրկմանը: Ռուսաստանյան քաղաքական և վերլուծական դաշտին Հայաստանի նորօրյա պետական ընթացքը, դրա ձեռքբերումները և հեռանկարները ներկայացնելը նույնպես մաս են կազմում երեկոյի նախաձեռնողների նպատակներին:

Scroll Up