Որքան լավ կլիներ, որ ավելի շուտ եկած լինեինք Հայաստան. իրանահայ հայրենադարձ

Հաճախ հայրենիքն արժևորում են այն ժամանակ, երբ սկսում են վերջինիս սիրո աչքերով նայել։ Պարսկահայ հայրենադարձներ Ռոբերտ Մկրտիչ Խաբազյանի և իր կնոջ՝ Անի Օհանյանի աչքերով կարելի էր անվերջ սիրել հայրենիքը։ Հենց այդ սերն է ստիպել ամուսիններին 2007 թվականին վերջնականապես հաստատվել Հայաստանում։ Այստեղ էլ համատեղ ջանքերով ստեղծել են արևելյան արվեստի խանութ-սրահը՝ Իսթ Արթը։ «Հայերն այսօր»-ի զրուցակից Ռոբերտ Մկրտիչ Խաբազյանի կարծիքով հայրենիք վերադառնալն իր կյանքի ամենաճիշտ որոշումներից էր։

 – Պարո՛ն Ռոբերտ, որտե՞ղ եք ապրել և ինչո՞վ եք զբաղվել նախքան հայրենիք վերադառնալը։

– Ընտանիքիս հետ ապրել եմ Իրանի Սպահան քաղաքում, որտեղ ունեցել եմ իմ սեփական բիզնեսը՝ հանդիսանալով «Էլ Ջի» ապրանքանիշի սպասարկման բաժնի պաշտոնական ներկայացուցիչը։ Քսաներեք տարի առաջ կնոջս և երկու տղաներիս հետ առաջին անգամ եկա Հայաստան։ Հենց այդ ժամանակ էլ հասկացա, որ հարազատ հողում լինելու համար պատրաստ ենք հաղթահարել ցանկացած դժվարություն։

Ի՞նչը Ձեզ ստիպեց վերադառնալ հայրենիք։ Ե՞րբ վերջնականապես հաստատվեցիք այստեղ։

– Դեռ փոքրուց հայի ոգով ենք դաստիարակվել։ Մեր տանը բոլորն իմացել են հայի, եռագույնի և Հայաստանի մասին։ Մենք կատարել ենք մեր ազգային և կրոնական բոլոր ծեսերը։ Ու չնայած Պարսկաստանում բավականին լավ պայմաններ ենք ունեցել ապրելու համար, ընտրել ենք հայրենադարձության ուղին։ Վերադառնալու որոշումը միասին ենք կայացրել։ Տղաներս անչափ երջանիկ էին, որ հայրենիք են վերադառնալու։ 2007 թվականին մենք արդեն Հայաստանում էինք և մտածում՝ որքան լավ կլիներ, որ ավելի շուտ եկած լինեինք։

Ինչպե՞ս առաջացավ արևելյան արվեստի խանութ-սրահը ստեղծելու գաղափարը։ Ովքե՞ր աջակցեցին Ձեզ այդ գործում։

– Ներկայումս գործի բերումով հաճախ եմ լինում Իրանում։ Մի անգամ էլ այնտեղից մեր տան համար գորգ բերեցի։ Մեր հայ ընկերներին անչափ հետաքրքրեց այդ գորգը, և միանգամից առաջացավ արևելյան արվեստի խանութ-սրահ ստեղծելու գաղափարը։ Խանութ-սրահում մեծամասամբ ցուցադրված են իրանցի վարպետների ձեռքի աշխատանքները։ Այժմ համագործակցում ենք նաև հայ վարպետների հետ։ Մեզ համար կարևոր է իրանական մշակույթի հետ մեկտեղ տարածել նաև հայկականը։ Այս գործում մեզ մեծ աջակցություն ցուցաբերեց Թաթուլ Օհանյանը՝ Անիի պապը, ով մեր կողքին եղավ և քաջալերեց մեզ։

– Ձեր կարծիքով որո՞նք են հայրենադարձության դրական կողմերը։

– Երջանկություն է, երբ կա մի վայր, որտեղ դու քեզ իրապես հայ ես զգում։ Մենք այստեղ ապահով ենք, ամուր կառչած ենք մեր արմատներին։ Այստեղ մեզ օտար չենք զգում։ Մարդիկ ավելի ջերմ են, սրտացավ։ Մենք հիմա ավելի խաղաղ և հանգիստ ենք։

Արդյոք նու՞յնն էին այն Հայաստանը, որի մասին մանկուց լսել էիք, և այն Հայաստանը, որտեղ այժմ ապրում եք։

– Երբ Իրանում էինք ու ցանկանում էինք վերադառնալ հայրենիք և սեփական գործ ունենալ, մեզ ասում էին, որ Հայաստանում բիզնես ունենալը մեծ դժվարությունների հետ է կապված։ Սակայն, ինչպես հետագան ցույց տվեց, ցանկության դեպքում անհնարինը դառնում է հնարավոր։ Հայրենիքի մասին պատկերացումներս այնպիսին են եղել, ինչպիսին որ հիմա են։

Կարոտու՞մ եք արդյոք Ձեր ծննդավայրը։ Երբևէ մտածե՞լ եք Իրան վերադառնալու մասին։

– Անհնար է չկարոտել այն վայրը, որտեղ ծնվել, մեծացել և մանկության քաղցր հուշերդ ես անցկացրել։ Սակայն դա ինձ երբեք փոշմանելու առիթ չի տվել։, որովհետև այստեղ ես իմ իրական տունն եմ գտել։ Երբ գործիս բնույթով տասից քսան օր Իրանում եմ լինում, ամեն վայրկյան մտածում եմ գործերս արագ վերջացնելու և Հայաստան վերադառնալու մասին։

Գայանե Թադևոսյան

Scroll Up