«Չկա՛ որևէ այլ երկիր, որ Հայաստանի պես խոսի սրտիս հետ». Կանադայից հայրենադարձված Շանթ Նաջարյան

Մի հայ ընտանիք էլ հայրենադարձվեց. Կանադայից Հայրենիքում է հաստատվել Նաջարյանների ընտանիքը
Արտագաղթի պատկերին զուգահեռ՝ բազմաթիվ հայեր են հայրենադարձվում՝ իրենց վերջնական ու միակ հանգրվանը համարելով Հայրենիքը. նրանցից շատերի կարծիքով օտարության մեջ դու նման ես ամեհի օվկիանում հայտնված մի փոքրիկ տաշեղի, որն, օվկիանի խոլ ալիքների վրա տարուբերվելով, փորձում է ափ հասնել….Եվ, բարեբախտաբար, մեր հայրենակիցների մի մասը հասնում է հարազատ ափեր, հայրենի եզերք և տարիների կարոտն առնելով՝ ապրում ու արարում Հայրենիքում և Հայրենիքի համար: Հեռավոր Կանադայից իր ընտանիքով Հայաստան է տեղափոխվել նաև Շանթ Նաջարյանը, ում հետ «Հայերն այսօր»-ի համար ծավալված մեր զրույցի ընթացքում Շանթն ու նրա ծնողները՝Սյուզան և Գևորգ Նազարյանները պատմեցին ցուրտ Կանադայում Հայրենիքի՝ իրենց հյուսած արևոտ հեքիաթի մասին, որն այսօր արդեն իրականություն է դարձել:
-Բարո՛վ եք եկել Հայրենիք. ինչպե՞ս և ե՞րբ եք հաստատվել Հյուսիսային Սառուցյալ և Խաղաղ օվկիանոսների ջրերով շրջապատված Կանադայում, տիկի՛ ն Նաջարյան:
-Լիբանանյան պատերազմի թեժ օրերն են պատճառ դարձել, որ մեր ընտանիքը հայտնվի այդ հեռավոր երկրում. այն ժամանակ դեռ Անկախ Հայաստան չունեինք: Այդ օտար երկրում էլ հանդիպեցի ապագա ամուսնուս՝ լիբանանցի Գևորգին. երկուսս էլ, լինելով լիբանանցի, հեռացած լինելով մեր ծննդավայրից, ունեինք իրար միավորող ազգային և ընտանեկան շատ հանգամանքներ, ընդհանուր գաղափարներ, հայացքներ, և մեր ընտանիքը կառուցվեց ու խարսխվեց այդօրինակ ընդհանրությունների ու սիրո հիման վրա: 29-ը տարուց ավելի ապրում ենք Կանադայի Տորոնտո քաղաքում, իսկ այժմ մեր հանգրվանը Հայաստա՛նն է դարձել:
-Պարո՛ն Գևորգ, Դուք ինչպե՞ս եք հայտնվել Կանադայում:
-Ես ավելի վաղուց եմ մեկնել Կանադա. սկզբում եղբայրս գնաց , հետո՝ ծնողներս , վերջում էլ՝ ես. այնտեղ էլ հանդիպեցի Սյուզանին: Երկուսս էլ՝ լիբանանցիներ, ապրելով Լիբանանում, այնտեղ չհանդիպեցինք միմյանց, այլ հանդիպեցինք օտարության մեջ և գեղեցիկ ընտանիք կազմեցինք: Ես մասնագիտությամբ ոսկերիչ եմ, Լիբանանում ոսկերչությամբ էի զբաղվում, Կանադա մեկնելուց հետո շարունակեցի գործս, իրականացան իմ երազանքները, և ժամանակի ընթացքում բարելավվեց կյանքս:
-Տիկի՛ն Նաջարյան, Դուք ի՞նչ աշխատանքով եք զբաղվել Լիբանանում, իսկ հետագայում՝ Կանադայում:
–Լիբանանում ես աշխատում էի Կիլիկյան թեմի վեհարանում, իսկ Կանադայում աշխատում էի բանկում: Սերտորեն կապված եմ եղել հայկական համայնքի հետ, ինքս ՀՕՄ-ի ներկայացուցիչ եմ, ամուսինս և ես շատ ակտիվ ենք եղել համայնքային աշխատանքներում: Գևորգը Համազգայինի վարչության անդամ է, երգչախմբի պատասխանատուն է եղել և, ընդհանրապես, մշակութային կյանքում մեծ գործունեություն է ծավալել: Մեր դուստրը՝ Թամարը, մեզանից առաջ է եկել Հայաստան, արդեն 3 տարի է, ինչ Հայաստանում է, ամուսնացել է հայաստանցու հետ և աշխատում է «Վերադարձ Հայաստան» հայրենադարձության կենտրոնում:
– Շա՛նթ, ջերմ , արևոտ հոգիներով հայերի համար դժվար չէ՞ր այդքան տարիներ ապրել պաղ ու ցուրտ, ոչ հայաշունչ ու ոչ հայաբույր օտար երկրում:
-Ես ծնվել եմ Կանադայում, այն իմ ծննդավայրն Է, և ես այդ կլիմայական պայմաններում դժվարություն չեմ ունեցել, սակայն ամեն ամռան, երբ գալիս էինք Հայաստան, Հայրենիքի արևն էր շողշողում մեր դեմքերին ու հոգիներում, և մենք, Հայաստանի արևը մեր հոգիներում, վերադառնում էինք Կանադա: Այսօր, վերջնականապես վերադարձած լինելով Հայրենիք, գիտեմ, որ այլևս ոչ մի ցուրտ ձմեռ չի ազդելու ինձ վրա, որովհետև հայրենի հողի վրա քո սիրտը ջերմությամբ պետք է ապրի: …Սկզբում, երբ շատ փոքր էի, մի քանի անգամ ծնողներիս նախաձեռնությամբ եմ եղել Հայաստանում, հետագայում, երբ մեծացա և սկսեցի ինքս վաստակել, որոշեցի, որ ամեն տարի ընկերներով հավաքվենք ու գանք Հայաստան:Ես 19 երկրում եմ եղել, սակայն չի՛ եղել, չկա՛ որևէ երկիր, որ Հայաստանի պես խոսի սրտիս հետ:
-Սյուզա՛ն, ծնվել ու մեծացել եք Լիբանանում, 29-ը տարի ապրել Կանադայի Տորոնտո քաղաքում և արդեն հաստատվել եք Հայրենիքում. ու՞ր եք ամենից շատ ձգտում հոգով:
-Լիբանանն իմ ծննդավայրն է. չե՛մ թաքցնի, կարոտ ունեմ: 29-ը տարիների ընթացքում միայն մեկ անգամ՝ 2000 թվականին եմ այցելել ծննդավայր, Կանադան այն երկիրն է, ուր այսքան տարի ապահով ապրեցինք, ընտանիք կազմեցինք, երեխաներ ունեցանք, իսկ Հայաստա՜նը….Անշո՛ւշտ, մեր հոգիները միշտ ձգտել են դեպի անկախացած Հայրենիք:
-Սյուզա՛ն, Կանադայում Ձեր երեխաներն ի՞նչ լեզվով են կրթություն ստացել:
-Լիբանանում մեր միջավայրը շատ հայաշունչ է եղել, մենք բոլորս մեծացել ենք հայրենասիրության մթնոլորտում, դաստիարակվել և մեծացել ենք հավատքով, հայկական ավանդույթների ու մայրենիի հանդեպ ակնածանքով, սրբությամբ ենք մոտեցել մեր ազգային արժեքներին: Այդ ամենն այնքա՜ն խոր արմատներ է գցել մեր հոգիներում, որ ինչ երկրում էլ ապրեինք, միևնույն է, դա ոչ ոք մեզնից խլել չէր կարող. այն, ինչ արյան մեջ է, նաև հոգում ու սրտում է: Դրսում ծնված մեր աղջիկն ու տղան մեծացել են հայեցի, ընտանիքում իր բարձունքի վրա է եղել մայրենին: Տորոնտոյում մենք մեկ հայկական վարժարան ունենք, ուր հաճախել են մեր երեխաները: Դա ՀՕՄ-ի վարժարանն է, որը մեծ ջանք է գործադրում, որ վարժարանը ծաղկի, միշտ առաջընթաց ունենա: Վարժարանից հետո աղջիկս ու տղաս մասնագիտացել են տարբեր ոլորտներում. Շանթը մեքենաների ոլորտում է փորձառություն ձեռք բերել: Բիզնես ոլորտում է հմտացել և մտադրություն ունի Հայաստանում այդ նույն մասնագիտությամբ բարձրագույն կրթություն ստանալ:
-Պարո՛ն Գևորգ, որպես ընտանիքի գլխավոր՝ խնդրում եմ Դո՛ւք պատասխանեք այն հարցին, թե ինչը պատճառ դարձավ հայրենադարձվելու:
-Անշուշտ, ամեն մարդ իր երազներն ունի. Կանադան, իրոք, մեր այդ երազները գործի, կյանքի առումով իրականացրեց: Տիկինս 29-ը տարի շարունակ երազել է Հայաստան տեղափոխվել, ես էլ էի նույնը մտածում, սակայն աշխատանքի հետ կապված հարցեր կային: Ամեն ինչ իր ժամանակն ունի, պետք է հասունանար այդ ժամանակը: Կանադան շատ լավ երկիր է, սակայն ամեն տեղ խնդիրներ են լինում, այդտեղ էլ կային խնդիրներ՝ գողություններ էին շատ լինում…Պետք է ամեն ինչի ժամանակը, պա՛հը հասունանա և … հասունացավ, ու մենք որոշեցինք Հայրենիք գալ և մեր կյանքի մնացած մասն այստեղ ապրել: Բնությո՛ւնը ստիպեց, որ այս որոշումը կայացնենք:
-Տիկի՛ն Սյուզան, Դո՞ւք էլ նույնկերպ կպատճառաբանեք…Ինչու՞ որոշեցիք հենց հիմա հայրենադարձվել;
-Իրականում ես երբեք էլ չեմ ցանկացել գնալ Կանադա, ես դեռ փոքր էի, սակայն ազգային և ընտանեկան սրբության առումով իմ մտքում Կանադան բոլորովին անկարելի տեղ էր ինձ համար: Լիբանանյան պատերազմի, հորս առևանգման պատճառով մայրս որոշեց գնալ Կանադա, որտեղ մեզանից առաջ արդեն հաստատվել էր հորեղբայրս. մայրիկիցս հետո էլ մենք գնացինք: Մեկ տարի անց այնտեղ ամուսնացա, սակայն 29-ը երկար տարիներ շարունակ տանջել եմ ամուսնուս և մորս՝ պնդելով, որ տեղափոխվենք մեր Հայրենիք…Հիմա՛ ենք եկել, որովհետև ինչպես ամուսինս ասաց՝ շիտակ ժամանակին էինք սպասում :
– Շա՛նթ, Դուք նշանվել եք հայուհու հետ. ինչպե՞ս գտաք իրար. նա՞ էլ է համամիտ հայրենադարձվելու Ձեր որոշմանը:
-Նշանածս՝ Դալարը, Լիբանանից է, ապրում է Լոս Անջելեսում: Մենք հայկական երիտասարդական միություն ունենք. ծանոթացել ենք Մոնրեալում կազմակերպված Արևելյան և Արևմտյան Ամերիկայի ու Կանադայի երիտասարդների եռակողմանի սեմինարի ընթացքում. մեկ տարի է, ինչ գնում, գալիս եմ Լոս Անջելես և Տորոնտո, Դալարն էլ երեք անգամ եկել է Կանադա. որոշեցինք նշանվել և Հայաստան գալ միասին: Մեր ծանոթության առաջին օրվանից Դալարին ասել եմ, որ իմ երազանքը Հայաստան գնալն է, նա ասաց, որ ինքն էլ է այդ մասին միշտ երազել: Մենք այս հարցում միակարծիք էինք, և սիրով լուծվեց նաև նշանածիս տեղափոխությունը. նա դեռևս ուսում է ստանում. Աստծո կամոք, մինչև տարվա վերջ կամուսնանաք: Դեռ չենք որոշել օրը, եկեղեցին, պահը մոտենա, կքննարկենք, որոշում կկայացնենք:
-Շա՛նթ, երբ հայրենադարձվելու որոշումը կայացրեցիք,Կանադայում ապրող քո ընկերներն ինչպե՞ս արձագանքեցին:
-Ընկերներ ունեմ, ովքեր հանգիստ ապրում են իրենց բնակավայրերում, այդչափ աշխարհ չեն տեսել, որ կարողանան իրենց բնակավայրը փոխելու որոշում կայացնեն. նրանք ինձ հարցնում էին, թե ինչու եմ այդպիսի որոշում կայացրել, որ ես ստիպված չեմ տեղահանվելու…ես ասացի գնում եմ, որ ձեզ համար օրինակ լինեմ, որ հետո դուք էլ գաք. ասացի գնում եմ, որպեսզի ձեզ ապացուցեմ, որ Հայաստանում կարելի՛ է ապրել: Համոզված եմ, որ նրանք բոլորն էլ գալու են մի օր:
-Երևանու՞մ եք հաստատվել բոլորդ, ընտրե՞լ եք արդեն թաղամասը, փողոցը…
– Այո՛, բնակարան ենք գնել, ապրում ենք «Երազ» թաղամասում, գոհ ենք:
– Շա՛նթ, հեռու Կանադայում ի՞նչ էիր մտածում Հայաստանի մասին. դուք արդեն այստեղ եք ապրում ընտանիքով, հյուր չեք. քո աչքերով տեսած Հայաստանը, Երևանը գոնե մասամբ համապատասխանո՞ւմ են քո պատկերացումներին ու լսածներին, քո երազների Հայաստանին:
– Ես ասացի, որ 11 անգամ եղել եմ Հայաստանում և սիրել եմ Հայրենիքս այնպիսին, ինչպիսին կա: Մարդու երազն այն է, ինչ որ ինքը փնտրում է, իսկ եթե մարդը փնտրում է Հայաստանը, ապա այս դեպքում պետք է ասեմ, որ իմ երազը իրականության մեջ արդեն տեսել եմ:
-Շա՛նթ, ի՞նչ է քեզ համար Հայրենիքը , Հայաստանը:
–Հայաստանը միայն հող չէ, Հայաստանը գաղափա՛ր է. վերածնունդի և փյունիկի պես վերաբռնկած հոգի է այն, և մենք, Հայրենիք գալով, պետք է մաս կազմենք այս վերաբռնկման:
–Տիկի՛ն Սյուզան…
-Հայության անսասանության միակ վա՛յրն է Հայաստանը. Սփյուռքում որքան էլ ջանանք գոյատևել, սերունդները չեն կարող մշտապես շարունակվել գոյատևել հայեցի. մի սերունդ է, երկրորդ՝ չկա…Հայրենիքը մեր ազգային գոյատևման միակ երաշխիքն է:
-Պարո՛ն Գևորգ, Դուք ինչպե՞ս կձևակերպեք Հայրենիք հասկացությունը:
-Հայաստանը մեր արյունն ու ավիշն է, որից ստանում ենք մեր ուժը, առանց Հայաստանի Սփյուռքը տկար կլինի:
-Շա՛նթ, անշուշտ, լսել ես ապրիլին Ադրբեջանի կողմից ղարաբաղաադրբեջանական շփման գծում ադրբեջանցիների սանձազերծած պատերազմական նախահարձակ գործողությունների մասին. ինչպե՞ս արձագանքեցին կանադահայ երիտասարդները և անձամբ՝ դու. ունեցե՞լ ես այդ օրերին սահման մեկնելու ցանկություն:
-Անշո՛ւշտ, լսել ենք, ապրե՛լ ենք այդ օրերը հեռավոր Կանադայում և հարկ եղած պահին պատրաստ էինք ընկերներով մեկնել սահման. այդ մասին կհարցնեք ընկերներիս…Հիմա Հայաստանում եմ և ցանկացած այդպիսի վտանգի դեպքում թե՛ ես, թե՛ ընկերներս պատրաստ ենք: Յուրաքանչյուր հայ երիտասարդ, որտեղ էլ լինի, պարտավոր է պատերազմի դեպքում զենքը ձեռք առնել ու մինչև արյան վերջին կաթիլը պայքարել իր սահմանների, իր երկրի ամեն մի թիզ հողի համար, ապա թե ոչ՝ դու պարտված ես, իսկ մենք իրավունք չունենք պարտվելու:
-Շա՛նթ, դու ծնվել ու մեծացել ես Կանադայում, եղել ես ծնողներիդ ծննդավայր Լիբանանում, 11 անգամ եղել ես Հայաստանում, իսկ այժմ ընտանիքով արդեն մշտապես հաստատվել եք Հայրենիքում, և, այնուամենայնիվ, ո՞ր երկիրն է քեզ համար ամենագեղեցիկը( Հայաստանը բացառենք՝ որպես Հայրենիք):
-Եթե մենք պիտի խոսենք լեռնաշխարհների կամ ծովերի կամ ծառաստանների մասին, ապա տարբեր մարդիկ տարբեր աշխարհագրական գոտիներ ու բնակլիմայական պայմաններ են նախընտրում, ամեն մեկի համար գեղեցկությունն այլ իմաստ ունի. իմ նախնիները Կիլիկիայից են եղել, և արյանս մեջ ծովի կանչը կա…Ով գիտե, գուցե օրերից մի օր կրկին ունենանք Ծովից ծով Հայաստան…
…Այս գեղեցիկ ու հայրենասեր եռանկյունու հետ ունեցած հարցազրույցը՝ համեմված ընտանիքի զավակի՝ Շանթի երգեցիկ, թավ ձայնով արտաբերած յուրաքանչյուր արտահայտության, նախադասության մեջ ընդգծված հայասիրությամբ, Հայաստանի հզորացման ու վարդահեղեղ ապագայի հանդեպ անսահման վստահություն է ներշնչում բոլորիս, ու ես հավատում եմ, որ մի օր անպայման կունենանք Շանթի երազանքների ծովը:
Կարինե Ավագյան